Այսքան էլ անհաջող տարի, այսքան էլ անհաջող գարուն

Այսքան էլ անհաջող տարի, այսքան էլ անհաջող գարուն

Օրերս Արցախի քաղաքական գործիչներից մեկն իր հարցազրույցում վստահեցրել էր, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու շուրջ Արցախում քննարկումներ չկան: Չգիտեի՝ ոգեւորվե՞մ, թե՞ տխրեմ: Բանն այն է, որ Արցախում այսօր ոչ մի քննարկում չկա: Նկատի ունեմ Արցախի ապագայի հետ կապված քննարկումները: Այս թեմայով իմ ունեցած վերջին նորությունն Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունն է՝ ուղղված ՀՀ հաստագլուխ իշխանություններին, դանդաղկոտ ընդդիմությանը, Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանը:

Այդ հայտարարության մեջ հստակ ասված էր, որ մենք կորցնում ենք Արցախը, իսկ առանց Արցախի՝ նաեւ Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ կազմ մտնելու համար հանրաքվե անցկացնելուն կամ դիմում գրելուն, ապա այդ մասին մենք գիտենք միայն թափառող զրույցներից, որոնք կարող էին եւ միտումնավոր գեներացվել՝ արցախցու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների տրամադրությունները շոշափելու համար: Հետեւաբար՝ եկեք արցախցի քաղաքական գործչի հայտարարությունն ընդունենք հիմք եւ փորձենք հասկանալ, թե իր ապագայի ուրիշ ինչ ընտրություն ունի Արցախը:

Ճիշտն ասած՝ այս թեմայով քննարկումների բացակայությունն ինձ վախեցնում է: Հայաստանի ընդդիմությունը միանշանակ պնդում է, որ կորցնում ենք Արցախը, իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Բրյուսելում պատեհ չի համարել Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելը եւ միտումնավոր շրջանցել է Փառուխի դեպքերը (չի կամեցել Ալիեւին ծանրաբեռնել), Արցախից էլ ասում են՝ ՌԴ կազմի մեջ մտնելը չի քննարկվում: Եվ այս խիստ էկզոտիկ քաղաքական իրավիճակում «Ազատություն» TV-ն մի քարտեզ է ցուցադրում, որտեղ Արցախի հետքն անգամ չկա: Դե արի ու այս իրավիճակում ելք գտիր Արցախի համար: Թերեւս երկու բան է մնում Արցախին անելու՝ զինված պայքար՝ հանուն իր ժողովրդի իրավունքների, եւ կամ մտնել Ադրբեջանի կազմի մեջ: ԵՄ-ն չի ընդունի, ՆԱՏՕ-ն՝ նույնպես… Հայաստանն էլ չի ընդունում ու չի ընդունում: Նույնիսկ Արցախի դրոշը չի ուզում տեսնել՝ քաղաքների հրապարակներից գողանում են այն, Երեւանում՝ պղծում: Մեկ էլ Ադրբեջանում ու Բաքվում նման բան կանեին: Ի դեպ, Արցախի ներկայացուցչության շենքի դեմ դեռ ցույց չենք արել: Դա էլ ու պըրծ:

Մի պահ մեզ դնենք արցախցիների տեղը՝ ի՞նչ կանեինք մենք: Մենակ չասեք՝ զենք կվերցնեինք թուրքի դեմ: 2021թ. հունիսի 20-ի ընտրություններ տեսած մարդուն, այսինքն՝ ինձ, չեք կարող խաբել: Հայաստանում քչերը միայն կարող են զենք վերցնել: Մյուսները կողքից կմեղադրեն՝ էս ի՞նչ բան է, թողեք խաղաղ ապրենք: Թողել ենք, դե ապրեք: Ոնց որ չի ստացվում, հը՞: ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի չարագուշակ լռությունը երկու բանի մասին է խոսում: Մեկ՝ որ Արցախի հարցի կարգավորումը, ով կսպասեր, արգելակվել է հողերը տալու պատճառով, եւ երկու՝ նա արդեն մտորում է Հայաստանը փրկելու մասին:

- Շատ ներողություն, մեծարգո առաջին նախագահ, իսկ ո՞վ է մեղավոր:

- Նիկոլը: Միանշանակ՝ Նիկոլը, այդ ազգակործան պատուհասը: Այդ նա հասցրեց այս վիճակին, այլապես իմ ծրագրով…

- Բայց ոնց որ Նիկոլին մեղավոր եք նշանակում, մեծարգո առաջին նախագահ, հը՞:
Ինձնից ավելի խելացի մարդիկ ասում են՝ դեռ Արցախի կարգավիճակի հույս կա: Հարցնում եմ՝ ո՞ւմ հետ է կապված այդ հույսը, չլինի՞ Նիկոլի: Չէ, ասում են, ինչ Նիկոլ, ինչ բան… ռուսների: Ռուսները չեն թողնի, որ Արցախի հարցը վերջնականապես կարգավորվի՝ կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին սկզբունքով: Ռուսների համար առավել ընդունելի է «ոչ-ոչ» տարբերակը՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Բա ո՞ւմ՝ հարցնում եմ խելացի մարդկանց: Նրանք իրենց դեմքին ավելի խելացի արտահայտություն են տալիս՝ հավանաբար, մի ինչ-որ կարգավիճակ կլինի: Դա ո՞րն է, մի՞թե Արցախը կարող է վերածվել ռուս խաղաղապահների ամառանոցի: Եվ խելացի մարդիկ զայրանում են իմ հարցից՝ բա էս իրավիճակում ի՞նչ ես ուզում, ռուսների դեմ գնա՞նք, մեր տերն ո՞վ է, մենք այդ ուժն ունե՞նք, որ Ադրբեջանին սանձենք:

Իսկապես չունենք այդ ուժը: Նիկոլն ամեն ինչ ոչնչացրել է՝ բանակ, անվտանգություն, դիվանագիտություն, առաջնագիծ, թիկունք: Որդի պես կերել է Հայաստանը բոլոր կողմերից: Նիկոլին Արցախի մասին նույնիսկ հարց չեն տալիս, էլ ուր մնաց Արցախի կարգավիճակի հարց քննարկեն նրա հետ: Եվ այդ վիճակում, պատկերացրեք, նա ձեռնտու է բոլորին՝ ռուսներին, թուրքերին, Արեւմուտքին: Նա գործում է Հայաստանի շահերի դեմ, բայց Հայաստանում 680 հազար մարդ նրա օգտին է քվեարկում: Այսինքն, նա ունի մի ռեսուրս, որ երբեք չի ընդդիմանա Արցախի հարցով ուրիշների որոշումներին: Ու դա է պատճառը, որ նա դեռ մնում է վարչապետի աթոռի վրա:
Իսկ հիմա գանք ընդդիմությանը: Այս իրավիճակը չի հաղթահարվի, քանի դեռ չի հաղթահարվել Նիկոլը, որին ամեն կողմից պահում են իշխանության ղեկին: Ի՞նչ անել: Ինչ ուզում եք՝ արեք: Ժողովուրդ հանեք փողոց: Գնացեք, ես էլ ձեզ հետ, պաշարեք կառավարության շենքը՝ ո՛չ ներս, ո՛չ դուրս: Եթե նա շենքում չէ, ուրեմն չի էլ մտնելու, իսկ եթե ներսում է, ապա այնտեղից պետք է դուրս գա վեր բարձրացրած ձեռքերով: Թե չէ միայն երգում ենք.
Այսքան էլ անհաջող տարի,
Այսքան էլ անհաջող գարուն,
Մենք վայթե եկող տարի,
Աթոռից գցենք էս գյադուն…

Երգելով բան դուրս չի գա: Սա արդեն ամեն ինչ տվել է: Արցախն էլ, Հայաստանն էլ, մեզ էլ: Նիկոլն ուր, խաղաղությունն ուր: Նա նույնիսկ սեփական անձի հետ չի կարող հաշտ ապրել, էլ ուր մնաց հարեւանների: Նույնիսկ չի բացառվում, որ նա իր քրջուփալասին հրահանգել է սատարել բեւեռի հակառուսական հանրահավաքին: Տակը լցրել է Մոսկվա ներկայանալուց առաջ: Պիտի մի ձեւով «կրուտիտ» լինի՞ Պուտինի առաջ, բացատրի՞, թե այդ ինչու Հայաստանը Ղարաբաղը գցեց Ադրբեջանի բերանը: Ու հենց այստեղ էլ, Դմբուզ Արսենի ասած՝ պետք է «դըմփել» նրան՝ անակնկալի բերելով Թուրքիային, Ադրբեջանին, ԵՄ-ին, Արեւմուտքին, ինչու ոչ՝ նաեւ Ռուսաստանին: Իսկ հետո, երբ բոլորն ուշքի գան ու հասկանան, թե ինչ խեղկատակի հետ են գործ ունեցել, կարելի կլինի նրանց հետ խոսել Արցախի կարգավիճակի ու հետագա ճակատագրի մասին: