Վարկային տենդը 2016-ի՞ն էր, թե՞ 2018-ից հետո․ պետական պարտքի սպասարկումը 2016-ին եւ այսօր

Վարկային տենդը 2016-ի՞ն էր, թե՞ 2018-ից հետո․ պետական պարտքի սպասարկումը 2016-ին եւ այսօր

Վերհիշելով Նիկոլ Փաշինյանի՝ անցյալում արված հայտարարություններն ու ելույթները, գալիս ենք մի եզրահանգման, որ ընդդիմադիր եւ վարչապետ Փաշինյանները միանգամայն տարբեր մարդիկ էին, եւ 2024-ի Նիկոլ Փաշինյանը տառապում է ամնեզիայով: 

Ահա՝ 2016-ին Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետական պարտքի, դրա սպասարկման մասին, քննադատում այն ժամանակվա իշխանություններին՝ պետական պարտքը մեծացնելու, նոր վարկեր վերցնելու համար։ Այսօր պետական պարտքը քանիցս գերազանցում է 2016-ի մակարդակը, բայց ընդդիմադիրները նման ելույթներ չեն ունենում, նման պոպուլիստական հայտարարություններ չեն անում։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԱԺ-ում եւ հայտարարել. «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ընկել է վարկային տենդի, ոչ թե տեմպի, այլ վարկային տենդի` վարկային լիխարադկայի մեջ, եւ իրավիճակը հաստատուն կերպով դուրս է գալիս դրա վերահսկողությունից: Ի՞նչ հիմքեր կան՝ նման պնդում անելու համար: Կառավարության ընդունած 2016-18 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016 թ. պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, մինչդեռ իրականում 2016 թ. ընթացքում պետբյուջեի սպասարկման, ներողություն, ոչ թե բյուջեի սպասարկման, այլ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից ծախսվել է 151 մլրդ դրամ, այսինքն՝ 58 մլրդ դրամով կամ 62 %-ով ավել: Նույն՝ 2016-18 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում էր, որ 2017թ. բյուջեում պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 99 մլրդ դրամ: Հիմա այս բյուջեն արդեն ընդունվել է, եւ 2017 թ. բյուջեով նախատեսվում է, որ պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 190 մլրդ դրամ, այսինքն՝ նախատեսվածից 91 մլրդ դրամով կամ 92 %-ով ավել»: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանին խնդրեցինք մեկնաբանել այս ելույթը՝ զուգահեռներ անցկացնելով այսօրվա եւ 2016-ի միջեւ։ «Այսօր առկա իրավիճակը, արտաքին պարտքն ու դրա տոկոսները բավականին մտահոգիչ, աճող թվեր են: Ու խնդիրն այն է, որ այստեղ կարեւորը միայն թվերի չափը չէ, այլեւ դրա միտումը: Պետական պարտքն այսօր աճել է, այն ոչ միայն խնդրահարույց է պարտքային բեռի ավելացման տեսանկյունից, այլեւ մենք մեր ապագա զարգացման ռեսուրսներն այսօր, բառի ամենաուղիղ իմաստով, մսխում ենք: Տասնյակ միլիոնավոր, անգամ հարյուր միլիոնի սահմանը հատող տոկոսային վճարումներ են միայն արվում (պարտքի սպասարկում): Անկախացումից հետո ՀՀ-ն իր գոյության 27 տարիների ընթացքում ձեւավորել է շուրջ 6,7 միլիարդ դոլարի պետական պարտք: Իսկ այս իշխանությունների կառավարման 5,5 տարիների ընթացքում պետական պարտքն աճել է 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4 տոկոսով: Ժամանակահատվածը մի քանի անգամ նվազ է, սակայն աճը՝ այսքան մեծ: Որպեսզի պատկերավոր հնչի, նշեմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հաշվով պետական պարտքի բեռն ավելացել է 1800 դոլարով: 2023-ին, միայն կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները նախորդ տարվա համեմատ աճել են մեկ երրորդով: Այն կազմում է 254 միլիարդ դրամ: Սա այնքան մեծ գումար է, որ ծածկում է սպասարկման վճարը, որը ներառում է մայր գումարի մարում, ի տարբերություն տոկոսավճարի, որը փոշիացված գումար է: Այն մեզ ոչինչ չի տալիս: Ի դեպ, տվյալ տարվա ամբողջ հարկային եկամուտների 11 տոկոսը գնացել է զուտ որպես տոկոս` պետական պարտքի համար: Ասեմ ավելին` ինչքան որ պետությունը թոշակ ու նպաստ է տալիս, դրա 36 տոկոսից ավելին տալիս է զուտ պետական պարտքի տոկոս: Այս տեմպերով պետական պարտքի տոկոսներն ավելի արագ են աճում, քան բյուջեի եկամուտները»,- նշում է Ավետիսյանը: 

Փաշինյանը հայտարարել էր. «Ընդ որում՝ 2017-ին այսպիսի ցուցանիշ կա՝ մեր պետական պարտքի սպասարկմանն ավելի շատ գումար ենք տալիս, քան, օրինակ, առողջապահությանը եւ կրթությանը, եւ պետական պարտքի սպասարկումը մեր պետական ծախսերի չափերով 3-րդ տեղն է գրավում: 1-ինը սոցապահովությունն է, 2-րդը՝ պաշտպանությունը, 3-րդը՝ պետական պարտքի սպասարկումը: Մեր պետական պարտքի սպասարկումն արդեն բյուջեի 8.8 %-ն է, 16 թ․-ին՝ ընդամենը 7.2 %: ...Հիմա ի՞նչ է ասում այս ամենի հետ կապված՝ կառավարությունը: Ասում է՝ դե, վստահում են, վարկ են տալիս՝ որպես հերթական հիմնավորում եւ ցուցանիշ, որ ոչ մի արտառոց բան չի կատարվում: Երեկ ինձ զանգել էր մարզերից մեկի գյուղի բնակիչ եւ ասում էր, որ բանկին 1000 դոլար վարկ ունի՝ ժամկետանց, որը չի կարողանում վճարել: Բանկն այդ մարդուն կանչել էր, ասել էր՝ 1000 դոլար չես կարողացել վճարել, 300 հազարը հիմա բեր տուր, մենք քեզ նոր վարկ կտանք, այն մնացածը դրանով կփակես: Այսինքն՝ հիմա ի՞նչ, այդ գյուղացին ասի՝ դե ինձ վարկ են տալիս, ես վարկունակ եմ: Է, վարկ են տալիս՝ վարկը փակի: Նույնն էլ ՀՀ-ն է` 500 մլն դոլար վարկ ենք տալիս, ախպեր ջան, 300 մլն-ն փակի: Այդ նույն տրամաբանությունն է»: 

Թադեւոս Ավետիսյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշում է, որ այսօր պետական պարտքի սպասարկման գումարը կազմում է «պաշտպանության բյուջեի գրեթե կեսը, առողջապահության բուջեից մի բան էլ ավելին»: 

Փաշինյանը 2016-ին նշում էր. «Ավելի գլոբալ պրոբլեմատիկան այն է, թե վարկերն ընդհանրապես ոնց են օգտագործվում: Վարկերի օգտագործման պրոցեսը մենք շատ հաճախ չի, որ տեսնում ենք, բայց հիմա ունենք կոնկրետ օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, Երեւան-Արտաշատ հատվածը: Պաշտոնական երկրի իշխանության բարձրագույն ղեկավարների մասնակցությամբ ժապավենը կտրել են, բացել են, բացելուց հետո մինչեւ հիմա փակ է այդ ճանապարհը: Քանդել են, որովհետեւ պարզվել է՝ սխալ են կառուցել... Ես չեմ հասկանում՝ հնարավո՞ր է միլիարդանոց ծրագիրը կառուցել, հետո վերջում պարզվի, որ սխալ են կառուցել: Այսինքն՝ մարդը 1 մլրդ կամ 1 մլրդ չէ, ինչ-որ գումար ծախսի, տուն կառուցի, պարզվի՝ այդ տանը ո՛չ դուռ կա, ո՛չ լուսամուտ, ու սրա համար ո՞վ է պատասխան տալիս՝ ոչ ոք, նորմալ է, սովորական է, վարկ է: Նրանք հո ճանապարհ չէի՞ն կառուցում, որ ճիշտ կառուցեին կամ սխալ, նրանք վարկ էին ուտում, կներեք արտահայտությանս համար՝ լափում, լափել են, իրենց գործն արել են, ի՞նչ կապ ունի ճանապարհը, դուռը կա, իրենց գործը ճանապարհ կառուցելը չի, որ ասեն՝ արե՞լ են, թե՞ չեն արել, իրենց գործն այդ վարկը լափելն է՝ լափել են… Ուրիշ հարց է ծագում՝ ինչո՞ւ է կառավարությունն այս վարկը վերցնում... պրոբլեմն այն է, որ եթե այս վարկը չվերցնի կառավարությունը, ո՛չ կարող է հին տարին փակի, ո՛չ էլ կարող է նոր տարին սկսի: Ճիշտն ասած, մինչեւ հիմա լսել էինք, որ ՀՀ-ում, ցավոք սրտի, կան մարդիկ, որ պարտքով Նոր տարի են անում, բայց որ 2017 թ. շեմին ոչ թե ամբողջ ՀՀ-ն, այլ ՀՀ պետությունը պետք է պարտքով Նոր տարի անի, դա մի քիչ դժվար կանխատեսելի էր»։
Հիմա տեսնենք, ինչ նպատակներով են ծախսվում փաշինյանական իշխանության վերցրած գումարները. 
«Այդ գումարները ծախսվում են իբրեւ ճանապարհաշինական, դպրոցաշինական ծրագրերի համար, սակայն ճանապարհաշինության մասով մեր հանրությունն ամեն օր տեսնում է, թե ինչ է կատարվում: Ես ասել էի, որ հիմնական տենդերներ շահող կազմակերպությունների անունները հրապարակեն, բայց այդպես էլ դրանք չհրապարակվեցին: Խոսուն ցուցանիշ կլինի, թե այդ կառույցներն ովքեր են ղեկավարում եւ որոշումներ կայացնում: Դրանք իշխանական շրջանակներից եւ իրենց սպասարկող օլիգարխներից հեռու չեն լինելու: Աճում են մեկ անձից գնումները, մենք ծանոթ ենք դրա ֆիկտիվ դրսեւորումներին: Անթույլատրելի է, որ պետական պարտք ես վերցնում, մեկ տարվա կտրվածքով տոկոսներ ես վճարում, բայց այդ գումարները չեն էլ ծախսվում, մնում են անշարժ, չծառայելով նպատակին: Ինչ վերաբերում է դպրոցաշինությանը, ապա հասել ենք այնտեղ, որ երկրի ղեկավարն ասում է, որ դպրոց կառուցելը դժվար է, սա հերթական մանիպուլյացիան է, մեղքը բարդում է կառուցապատողի վրա՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը: Ե՞րբ արդյունավետ մրցույթ եղավ, ե՞րբ դրան հետեւեցիք, որ արդյունք չստացաք: Դպրոցաշինության եւ ասֆալտապատման կապիտալ ծախսերը տարվա կտրվածքով ունեցել են 70-80 տոկոս թերակատարում, ու մեկ էլ հանկարծ այն դարձել է 100 տոկոս կատարում` «շատ պատահական»»: 

Փաշինյանը ժամանակին խոսում էր նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, իսկ ինչ ընթացքի մեջ է հիմա այդ ճանապարհի կառուցումը. «Այդ թեման շատ է շահարկվում, այն միակ կապիտալ ծրագիրն էր 2021-ին, որն ուներ 100 տոկոսից ավելի կատարողական: Ակնհայտ է, որ եթե ցանկություն ունեն, ներքաղաքական շահեր կան, շատ էլ լավ կարողանում են ծրագիրը կատարել: Ընտրություններից առաջ ասֆալտ անելը վատ ավանդույթ է, ցավոք, մեր երկրում ասֆալտ քվեի դիմաց ծրագիրն է իրականացվել»։