Պետք էր նստել աշխատել, ոչ թե ամբիոններից թվեր կրակել

Պետք էր նստել աշխատել, ոչ թե ամբիոններից թվեր կրակել

Վերջին շաբաթներին պաշտոնական Բաքուն հրապարակավ շրջանառության մեջ է դրել ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների թեման։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանը չի ցանկանում Բաքվի հետ համագործակցել Ղարաբաղում ադրբեջանցիների զանգվածային զանգվածային հուղարկավորումների մասին տեղեկատվության տրամադրման հարցում։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

-Տիկին Ալավերդյան, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այսքան տարի անց, հենց այս օրերին Հայաստանից պահանջում ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների մասին տեղեկատվության տրամադրումը։

-Այդ հարցը տարիներ շարունակ միշտ բարձրացրել են Հայաստանն ու Արցախը։ Նշեմ, որ նրանք խոսում են հազարավոր անհայտ կորածների մասին։ Մարտերից հետո բազմաթիվ անգամներ հայկական կողմը ադրբեջանցիներին տեղեկացրել է, որ գան վերցնեն իրենց զինվորների մարմինները։ Եվ շատ անգամ հայկական կողմը ստիպված է եղել, այո, այսպես ասած կուտակված մարմինները ինչ-որ ձևով ուղարկել։ 2001 թվականին՝ Հայաստանում, վերջապես կազմակերպվել է անհայտ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողով։ Եվ այդ օրվանից սկսած պետական մակարդակով  միջազգային Կարմիր Խաչի երևանյան պատվիրակության միջոցով այս մասին անընդմեջ հայտնի է եղել։ 2003 թվականին առաջին անգամ համաշխարհային կոնֆերանս տեղի ունեցավ՝ կրկին միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությամբ, որը նվիրված էր անհայտ կորածներին։ Եվ ես պատիվ եմ ունեցել  ելույթ ունենալ Հայաստանի անունից։ Համաձայնեցված հայաստանյան պետական մարմինների հետ, ես առաջարկել եմ, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել և աշխատանքային ռեժիմով սկսել անհայտ կորածների, թե որոնումները, թե՝ հանձնումը։ Եվ առաջարկել եմ հանդիպում կազմակերպվի այս թեմայի շուրջ ադրբեջանական պատվիրակության հետ։ Սակայն,ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, որը մի երիտասարդ կին էր, հայտարարեց, որ լիազորված չԷ գալ նման թեմայի շուրջ համաձայնության, բայց խոստացավ, որ երկու շաբաթից կկապվեն մեզ հետ, և կհաստատեն պետական մակարդակով հանձնաժողովների քննարկում լինի։ Այդ երկու շաբաթները ձգվեցին մինչ օրս։

 -Տիկին Ալավերդյան, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանն այսօր Հայաստանի համար այս հարցը որպես պարտադրանք հնչեցնում։

 -Ասեմ, թե ինչու։ Որովհետև Ադրբեջանը, չկատարելով իր պարտականությունները, նոյեմբերի 9-ին,10-ին ստորագրված եռակողմ հռչակագրով, իրեն պահում է որպես հաղթող կողմ, և ցանկանում է պարտադրել Հայաստանին անել այն, ինչը ինքը չի անում։ Ադրբեջանը Հայաստանին չի վերադարձրել  հին գերիներին՝ ոտնահարելով միջազգային բոլոր  նորմերը։ Այդ պահանջը նրա համար է, որ ցույց տա, որ ինքն է հաղթող կողմը, որ ինքն է թելադրում, թե ինչ պիտի անենք։ Այս առումով ես զարմանում եմ, որ Ազգային Ժողովի ամբիոնից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանկարծակի տեղյակ է պահում հանրությանը, որ 108 մարմին են տվել։ Ո՞վ է տվել, ի՞նչպես է եղել, ի՞նչպես է դա արձանագրվել։

 -Ինչու՞ է կասկածի տակ դրվում վարչապետի կողմից արված այս հայտարարությունը։ 

 -Ես հավատում եմ և  կասկածի տակ չեմ դնում արված հայտարարությունը։ Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչ վարչապետի ասելու բան է։ Այս հարցը վերին աստիճանի կոռեկտություն, նրբանկատություն է պահանջում։ Ես կասկածում եմ, որ փոխանցված մարմինները ադրբեջանական կարող են լինել։ Եթե դա ասել են մեր դաշնային հրամանատարները, ապա էլի եմ ասում՝ դա հիմք չէ, մինչև դրանց նույնականացումը, այսպիսի բաներ հայտարարելը։ Եվ ես կարծում եմ, որ դա էլ է եղել որպես պարտադրանք հնչեցված և անհասկանալի ինձ համար գործառույթների և արարողակարգերի ներքո։ Ադրբեջանն այս ամենն անում է, որպեսզի տարածաշրջանում  ցույց տա, որ ինքը որպես հաղթող կողմ է և Հայասատանը բացարձակ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այդ պատճառով  էլ իր բոլոր պահանջներին պիտի ենթարկվի Հայաստանը։ Ես դա մերժելի և դատապարտելի եմ համարում։ Նրանք այս հայտարարություններն արել են տարբեր տարիներին։ Պահանջված թվերը՝ սկսելով 6,5 հազարից, կրճատել  ու բերել հասցրել են մոտ 4հզր քանիսի։ Պետք էր նստել աշխատել, ոչ թե ամբիոններից թվեր կրակել, ինչը իրենց մոտ միշտ բացակայել է։

-Տիկին Ալավերդյան, իսկ Արցախի որ հատվածում են կատարվել զանգվածային հուղարկավորումներ։

-Դրանք այն տարածքներն են, որոնք հիմա Ադրբեջանն օկուպացրել է։ Որովհետև 90-ականների մարտերն ընթացել են հենց այդ տարածքներում։ Ուստի, հայկական, և մասնավորապես ադրբեջանական կողմը պետք է հստակ հիշեն, թե որ հատվածներում են եղել մարտերը, և որ հատվածներից չեն տարել իրենց զինվորների մարմինները։ Այս տեղեկատվությանը հստակ տիրապետում են դաշնային հրամանատարները՝ թե իրենց կողմի, թե մեր։ Ադրբեջանի կողմից արված այսպիսի հայտարարությունները շարունակվում են կեղծ քաղաքականությամբ։ Այս ամենն արվում է  ցույց տալու համար իրենց գերակա դերը Հայաստանի նկատմամբ։