Եղավ եւ մնաց անշփոթելի

Եղավ եւ մնաց անշփոթելի

Արձակագիր Հովհաննես Մելքոնյանն այսօր կդառնար 85 տարեկան

Փետրվարի 27-ին լրանում է արձակագիր Հովհաննես Մելքոնյանի (1937-2009 թթ.) ծննդյան 85-ամյակը: Լինելով 20-րդ եւ 21-րդ դարերի Հայաստանի գրական, հասարակական կյանքի եւ գործընթացների ակտիվ մասնակիցներից՝ նրա կերպարը հաճախ միտումնավոր անտեսվեց տարբեր տարիների գրական եւ քաղաքական իշխանությունների կողմից: Հովհաննես Մելքոնյանը երբեք անտարբեր չեղավ հասարակական-քաղաքական զարգացումների նկատմամբ եւ երբեւիցե ռեւերանսներ չարեց, չշողոքորթեց ժամանակի իշխանություններին, այլ ընդհակառակը՝ քննադատության ենթարկեց նրանց: Գուցե նաեւ այդ պատճառով էր, որ արձակագիրը պետական պարգեւներ, կոչումներ, մրցանակներ չստացավ, բայց մնաց անկախ եւ համարձակ: 

Հովհաննես Մելքոնյանը նաեւ «Հրապարակ» օրաթերթի լավ բարեկամն ու ընթերցողն էր, եւ նրա 85-ամյակի հետ կապված՝ ստորեւ ներկայացնում ենք նրա ժամանակակից գրողների, նկարիչների, դերասանների, գրականագետների  գնահատանքի խոսքերից եւ հուշերից հատվածներ, որոնք ներառված են արձակագրի որդու՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կողմից տարիներ առաջ կազմված հուշերի ժողովածուում:

«Հովհաննես Մելքոնյանն ուներ ոչ միայն գրողի, այլեւ երկրի հասարակական-քաղաքական խնդիրներով մտահոգ մտավորականի կեցվածք: Ինքը լիդեր էր իր խառնվածքով: Իր բնավորությամբ նա ապստամբ մարդ էր, անարդարությունը չէր կարողանում հանդուրժել, եւ այդ անարդարությունն ուղղելու համար երբեմն ծայրահեղության կարող էր հասնել: Հովհաննեսը երբեք չգնաց կոմպրոմիսի, մնաց անկախ եւ մենակ: Նա մնաց ձիգ, իր ճանապարհից չշեղվեց, հեռու մնաց կուսակցական ցրտերից: Նրա խոնարհումը միայն գրականության առջեւ էր, այլ ոչ թե ժամանակի կոնյունկտուրայի»: 

Մերուժան Տեր-Գուլանյան (գրող)

«1960-1970-ական թվականներն էին, արդեն Եղեռնի հուշարձանն էր կառուցվել Երեւանում, մենք հավաքվում եւ անընդհատ հայրենասիրական թեմաների՝ Էրգրի, ցեղասպանության եւ այլնի մասին էինք խոսում, եւ մի օր հարցրեցի Հովհաննեսին. «Մենք անիմաստ ենք խոսում, սրա իմաստը ո՞րն է ի վերջո»: Նա պատասխանեց․ «Անդրանիկ ջան, կարեւորը՝ մենք օդը լցնում ենք այդ թեմաներով, մարդիկ, երիտասարդները, հաջորդ սերունդը կշնչեն այդ օդը»: Հովհաննեսն ուներ իր արահետը Երեւանում: Նա ապրեց ու անցավ իր արահետով, որը կոչվում է Հովհաննես Մելքոնյանի արահետ: Եվ իր արահետով բերված իր գրականությամբ նա մտավ հայ գրականության մայրուղի»: 
Անդրանիկ Հարությունյան (դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)

«Հովհաննես Մելքոնյանը միշտ իր ժամանակի մեջ էր եւ երբեք չսայթաքեց իր ճանապարհից: Միշտ կենտրոնում էր. ե՛ւ անտրտունջ էր, ե՛ւ ուժեղ: Գրական աշխարհի, կյանքի, հայրենիքի հանդեպ անտարբեր չէր, հակառակորդների հանդեպ ագրեսիվ էր ու չներող եւ մինչեւ վերջ մնաց արժանապատիվ, ճիշտ եւ ճշմարիտ»: 

Ազատ Գասպարյան (դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ)

«Հովհաննես Մելքոնյանը այն՝ մի ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանցից եւ գրողներից էր, որ անկախացել էին ոչ թե անկախությունից հետո, այլ անկախությունից առաջ»: 

Հակոբ Մովսես (գրող)

«Հովհաննես Մելքոնյանի գեղարվեստական մտածողությունն ունի ուրույն որակներ, որոնք անմիջապես ճանաչելի են դարձնում նրա գրողական ձայնը՝ շրջապատի բազմաթիվ ու տարբեր ձայների ամբողջության մեջ: Ահա թե ինչու նրա գրողական ձայնը եղավ ու մնաց անշփոթելի ոչ միայն իր սերնդի ստեղծած, այլեւ ամբողջ հայ գեղարվեստական արձակի բազմաբղետ համայնապատկերում»: 

Պետրոս Դեմիրճյան (գրականագետ)

«Անհանգիստ ստեղծագործական ապրումները եւ հիասթափությունները դրոշմված էին այդ համեստ մարդու հայացքում: Երբեք չնահանջեց իր սկզբունքներից հանուն բարեկեցիկ կյանքի, պահելով իր մարդ տեսակը, մնալով լավ օրինակ եկող սերունդների համար եւ թողնելով իր գրական կնիքը հայ գրականության սրտում»: 

Արզօ (ծաղրանկարիչ)

«Ամեն անգամ, երբ առիթ էր լինում հանդիպելու Հովհաննես Մելքոնյանին, զարմանալի մի զգացում համակում էր ինձ՝ պաշտպանվածության զգացում էր դա, համոզում կամ վստահություն, որ մենակ չես, որ քո կողքին է գրական մեծ անհատականություն, մարդկային ուժեղ նկարագիր»: 

Աբգար Ափինյան (գրականագետ)

«Կյանքումս տեսած ամենավեհ մարդկանցից մեկն էր Հովհաննես Մելքոնյանը»:

 Աշոտ Ա. Գեւորգյան (ռեժիսոր)

«Հովհաննես Մելքոնյանն ինքն իր անձնականի համար ժամանակ չգտնելով՝ սկսնակներիս համար խմբագրություններում ու հրատարակչություններում բարեխոսելու ժամանակ գտնում էր: Անձամբ ինձ համար էլ է գտել: Նա սիրում էր բոլոր նրանց, ում հնարավոր էր սիրել: Ատում էր միայն նրանց, ում հնարավոր չէր սիրել: Ընդ որում՝ չափազանց ու տեսանելի էր ատում: Ամենից շատ կեղծիքը, ստորաքարշությունը ու քաղքենիությունն էր ատում»: 

Արմեն Շեկոյան (գրող)

«Հովհաննես Մելքոնյանը կարդում էր մեր թերթը եւ զանգահարում ու մի քանի բառով արձագանքում իմ գրածին, լավ բաներ էր ասում, դա ես համարում էի շատ պատվավոր զանգ, մտածում էի, որ եթե գրողին եմ գոհացրել, ուրեմն շատ եմ լավ գրում: Եվ մտածում էի, թե ինչ բարձր գրող է, որ չի ալարում ու թեւեր է ուզում տալ մի լրագրողի: Նա հայտնաբերել էր իմ նյութերում այն, ինչը ես թաքուն եմ դնում երբեմն՝ հուսալով, որ մի քանիսը կըմբռնեն: Հովհաննես Մելքոնյանը մեր քաղաքի գույներից էր…»: 

Գայանե Բաբայան (լրագրող)