Բերել են Վանաձոր, սպանել են, տեղափոխել Երեւան․ Քրեական հեղինակություն Շալոյի մահափորձի մանրամասները

Բերել են Վանաձոր, սպանել են, տեղափոխել Երեւան․ Քրեական հեղինակություն Շալոյի մահափորձի մանրամասները
Երեկ քննչական կոմիտեն տարօրինակ հաղորդագրություն է տարածել առանց որևէ անուն նշելու, որից հետևում է, որ խոսքը շատ կարեւոր եւ գաղտնի գործի մասին է։ Հանցաշխարհի մի ներկայացուցիչը, իբր, փորձել է սպանել մյուսին, ինչ-որ դիպուկահարի միջոցով: Դիպուկահարը սպանված է։ 2017 թվականին է նախապատրաստվել մահափորձը, եւ այն ժամանակից նախաքննություն է վարվում։ Մեզ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալվածը Սամվել Այվազյանն է։ Իսկ մահափորձը նախապատրաստվել է քրեական հեղինակություն Շալոյի նկատմամբ։ Մեզ հետ կապ հաստատեցին ձերբակալված Այվազյանի հարազատները։



Այս պահին նրանց չեն հայտնում, թե որտեղ է Սամվելը։ Նրանք վստահ են, որ Սամվել Այվազյանը մեղավոր չէ։ Նրանք ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արդեն վարկած կա, որ սպանված դիպուկահարը, ում մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել, մարտի մեկին կրակող դիպուկահարներից է։ Ըստ այդ վարկածի, նրան վերացրել են, եւ փորձում են մեղադրել Այվազյանին։ Ըստ ՔԿ տվյալների, դիպուկահարին բերել են Վանաձոր, սպանել են նրան, տեղափոխել են Երեւան: 2017 թվականի ապրիլի 27-28 լույս գիշերը գտել են դիպուկահարի մարմինը։ Սպանվածի մարմինը հայտնաբերվել է Երևանում։



Այվազյանին կասկածում են դիպուկահարին օդանավակայանում դիմավորելու, Վանաձորի բնակիչ Շալոյի սպանությունը կազմակերպելու համար։ Ըստ ՔԿ-ի՝ Այվազյանը Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար է ուղարկել, ինքնաթիռի տոմս է գնել ու նրան օդանավակայանում դիմավորել է։ Նա նաեւ, ըստ քննության տվյալների, «մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը»։ «Բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։



**Սյուզան Սիմոնյան**