Պարտադրանքի տարր չկա, անվճար աբոնեմենտների համար դպրոցներում ուրախ են բոլորը

Պարտադրանքի տարր չկա, անվճար աբոնեմենտների համար դպրոցներում ուրախ են բոլորը
ՀՀ մշակույթ, կրթության եւ գիտության նախարարությունների նախաձեռնությամբ 30 տարի անց նորից ներդրվել է դպրոցական աբոնեմենտային համակարգը, որը նախատեսված է 1-12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն (թանգարան կամ պատկերասրահ, թատրոն, համերգասրահ) մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:



2018 թվականի նոյեմբերի 1-ին արդեն մեկնարկել է ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարանը կամ պատկերասրահը: Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019-ի հունիսին: Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019-ի սկզբին:



Մշակութային օջախներ այցից առաջ՝ Dasaran.am կայքի միջոցով, աշակերտները հնարավորություն կունենան համակարգում նախապես ամրագրել իրենց այցի օրն ու ժամը տվյալ թանգարան, ինչով նպատակ է դրվում առավել կազմակերպված եւ առանց հերթերի ապահովել աշակերտների այցը թանգարաններ։



Աբոնեմենտային համակարգից այս տարի կօգտվի շուրջ 350 հազար աշակերտ, իսկ պիլոտային ծրագրի համար պետությունը նախատեսել է շուրջ 400 մլն դրամ։



Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի տնօրեն **Նաիրա Մանվելյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ 2 օր առաջ քաղաքապետարանի հանրակրթական վարչությունից ստացել է աշակերտների թվին համապատասխան աբոնեմենտային քարտերը, որոնք արդեն բաժանվել են աշակերտներին․ «1522 աշակերտ ունենք, այդքան էլ աբոնեմենտ ենք ստացել։ Շատ լավ ծրագիր է, ուսուցողական բնույթ ունի, որի շնորհիվ աշակերտները կկարողանան օգտվել մշակութային օջախներից։ Ես այստեղ ոչ մի պարտադրանքի տարր չեմ տեսնում, ընդհակառակը՝ գովելի է, ողջունելի, հատկապես, որ անվճար է տրվում ե՛ւ ուսուցիչներին, ե՛ւ աշակերտներին, ու բոլորը կարող են օգտվել այդ համակարգից։ Կարծում եմ՝ կարեւոր ներդրում է եւ նպաստելու է կրթության գործընթացի բարելավվմանը»։ Թանգարանների ընտրությունը կհամաձայնեցնեն նաեւ աշակերտների հետ․ տնօրենն ընդգծում է, որ այս ամենից բացի արդեն տարեսկզբին իրենք մշակում են թեմատիկ պլաններ, որի շրջանակներում ընդգրկում են այդպիսի միջոցառումներ, թեմատիկ այցելություններ, նույնկերպ կփորձեն այս դեպքում կազմակերպել։



Մ․ Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցին նույնպես աբոնեմենտները տրամադրված են։ Հայոց լեզվի եւ գրականության մանկավարժ **Արեւ Մովսիսյանը** նկատում է՝ ուրախ են թե՛ աշակերտները, թե՛ ծնողները․ «Քանի որ անվճար համակարգով է լինելու, ծնողները շատ ուրախ են, աշակերտներն էլ անհամբեր սպասում են իրենց տրամադրված տոմսերի օրերին, որպեսզի ներկայանան իրենց նախընտրած թանգարանները։ Թանգարանների ընտրությունն արվում է հետեւյալ կերպ․ նախ ծնողխորհրդին ներկայացվում են թանգարանները, թե տվյալ թանգարան այցելելն ուսումնական առումով ինչին օգտակար կարող է լինել՝ հարմարեցնելով նաեւ ուսումնական նյութի հետ։ Այսինքն՝ մանկավարժները համատեղ են որոշումը կայացնում ծնողկոմիտեի հետ, իսկ բարձր դասարաններում աշակերտներն են որոշում, թե ուր գնան։ Միանշանակ, նախաձեռնությունը ողջունելի է, որովհետեւ մինչեւ հիմա վճարովի այդ համակարգից դպրոցներն անընդհատ խուսափում էին, քանի որ ամեն ծնող չէր վճարունակ, եւ նրան պարտադրելու իրավունք էլ դպրոցը չուներ, իսկ հիմա անվճար է, եւ բոլորն էլ ուզում են մասնակցել»։



Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն **Կարո Վարդանյանը** դրական է գնահատում այս նախաձեռնությունը, որովհետեւ դպրոցականին մշակութային օջախներին կապելու ցանկացած քայլ ողջունելի է։ Նա միաժամանակ ցավով արձանագրում է, որ մինչեւ այս համակարգի ներդրումը բոլոր թանգարաններն ամսվա վերջին շաբաթ օրը բաց են եղել բոլորի առաջ, այդ թվում՝ դպրոցականների, բայց, ցավոք, ոչ բոլոր դպրոցներն են օգտվել այդ բացառիկ եւ շահեկան հնարավորությունից․ «Մեծ մասը թողել են իրենց աշակերտների մշակութային, գեղագիտական կրթությունը դասղեկի կամ որեւէ ակտիվ ուսուցչի հայեցողությանը։ Իսկ երբ բոլոր դպրոցներն ունեն այդ աբոնեմենտները, բնականաբար, պետք է օգտագործեն այդ հնարավորությունը։ Այսինքն՝ անուղղակի պարտադիր բան է դառնում, բավական է մեկ անգամ աշակերտը մտնի թանգարաններ, վստահ եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում շարունակական է լինելու»։



Արդեն 4-5 դպրոցից հերթագրվել են իրենց թանգարան այցելելու համար, թանգարանն էլ իր հերթին կայքէջով խնդրել է նախապես զանգահարել եւ հերթագրվել։ «Այնպիսի վիճակ է թե՛ մեզ մոտ, թե՛ մեր 6 մասնաճյուղերում, որ եթե միաժամանակ 2-3 դասարան գա, շենքային պայմանները թույլ չեն տա այդքան մարդ միաժամանակ ընդունել»,- ասում է Վարդանյանն ու հավելում, որ իրենց թանգարանի կրթական ծրագրերը լավագույններից մեկն են, որոնք նախատեսված են տարբեր տարիքի դպրոցականների համար․ «Միայն այդ ծրագրերի վրա հերթեր են գոյանում, եւ թանգարանն իր 2 աշխատակցով կարողացել է դպրոցների լայն ցանց ներգրավել մեր կրթական ծրագրերին։ Բացի այդ, 2011-ին, երբ ստանձնեցի Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենի պատասխանատվությունը, ունեինք ընդամենը 300 հազար արտաբյուջե, այսօր ունենք 8 մլն արտաբյուջե, իսկ արտաբյուջետային միջոցները գոյանում են հիմնականում տոմսերի վաճառքից, կրթական ծրագրերից։ Աշակերտների թիվն էլ այս տարի աննախադեպ շատ է եղել, եւ պատճառներից հիմնականը կրթական ծրագրերն են, որոնք այնքան գրավիչ են, որ ուսուցիչներն էլ, ծնողներն էլ, մեկ անգամ տեսնելով, հաջորդ անգամ էլ են բերում դպրոցականներին եւ տեղյակ են պահում հարեւան դպրոցներին։ Դա է այդ հոսքն աշխուժացնում»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**