«ՔՊ»-ում անշլագ է․ ցուցակում կլինեն Երեվանի ավագանու մի քանի անդամներ

«ՔՊ»-ում անշլագ է․ ցուցակում կլինեն Երեվանի ավագանու մի քանի անդամներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր ընտրատարածքներում կունենա թեկնածուներ, ընդ որում, օրենքով սահմանված նվազագույն քանակից՝ 5 թեկնածուից ավելի։ Այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը։ «Հիմա համարյա ամփոփում ենք մեր ցուցակը»,- ասաց նա, սակայն հրաժարվեց անուններ նշել։ «Որովհետեւ դեռ այն վերջնական չէ։ Նախընտրական ցուցակը ձեւավորում է վարչությունը։ Ձեւավորել ենք որոշակի չափանիշներ։ Հաշվի ենք առնում մարդու քաղաքական լինելը, արժեքային համակարգը, մասնագիտական փորձագիտությունը, կրթությունը»։



Այս պահի դրությամբ հայտնի է, որ «ՔՊ» ցուցակի առաջին համարներում են լինելու վարչության անդամները՝ Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Հովիկ Աղազարյան, Զարուհի Բաթոյան, Գարիկ Սարգսյան, Ռոմանոս Պետրոսյան, Վահագն Հովակիմյան, նախկին «ժառանգական» Դավիթ Սանասարյան, նախկին «լուսավոր» Հայկ Կոնջորյան։



Ի դեպ, վերջինիս հեռացումը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ասում են, ծանր է տարել։ Մտերիմ ընկերներ լինելուց բացի, Մարուքյանը նաեւ Կոնջորյանի հարսանիքի կնքահայրն է։ Տեղեկություն կա, որ «ՔՊ» ցուցակում կլինեն նաեւ Երեւանի ավագանու մի քանի անդամներ։ Նրանք քաղաքապետի համար անկառավարելի անձինք են, գլխացավանք են դարձել նրա համար, եւ Հայկ Մարությանը խնդրել է, որ նրանց քաղաքապետարանից տեղափոխեն խորհրդարան։ Բոլորն առաջադրվելու են միաժամանակ երկու ցուցակով՝ կուսակցական եւ ռեյտինգային։



Արդյոք դրա հետ կապված բարդություններ չկա՞ն, եւ ինչո՞ւ է դա արվում։ Հարցին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանեց․ «Դա պետք է, որպեսզի յուրաքանչյուր թեկնածու տեսնի, թե ինչ աջակցություն ունի։ Նախկինում հանրապետականները, քաղաքական թիմի ներկայացուցիչները որ չէին առաջադրվում, պարզ չէր լինում, ասենք, Արմեն Աշոտյանը կամ Վիգեն Սարգսյանը, կամ Տարոն Մարգարյանն ինչ աջակցություն ունեն։ Իսկ հիմա մենք որոշել ենք, որ բոլոր թեկնածուները պետք է լինեն նաեւ տարածքային ցուցակներում»։ Մտայնությունը, որ իր կուսակիցներից շատերին մարդիկ դեմքով չեն ճանաչում, որ «ՔՊ» անդամներին նրանք պատկերացնում են Նիկոլ Փաշինյանի դեմքով, նրան չի անհանգստացնում։ Լենա Նազարյանը եւս մի քանի հարցի պատասխանեց․



**-Նոր կրեատիվ մեթոդներ կիրառելո՞ւ եք, ինչպես նախկինում։**



-Քարոզարշավի ժամանակ կիրառվող մեթոդը հիմնականում նույնն է մնում՝ շփումը մարդկանց հետ, ընտրողներին պետք է ներկայացնել ծրագիրը, թիմը․ դա միշտ էլ պետք է անել։ Բացի դա, մենք բոլորս ներգրավված կլինենք քարոզչական աշխատանքներում ու ամեն տարածքում կունենանք պատասխանատուներ, ովքեր կաշխատեն մեր նյութերը տարածելու համար։



**-Ձեզ շա՞տ են մոտենում դրսում։**



-Ինչի՞ համար։



**-Աջակցություն հայտնելու։ Մեր թերթի խմբագրություն, օրինակ, շատ են գալիս։ Իրենց նամակներն են բերում, բանաստեղծություններ Նիկոլի մասին։**



-Ընդհանուր վերաբերմունքը շատ դրական է բոլորիս հանդեպ…



**-Քանի՞ քաղաքացուց դիմում ունեք անդամագրվելու վերաբերյալ**։



-Շատ են։ Մոտ 6 հազար դիմում է ստացել կուսակցությունը։ Բայց դեռ չենք քննարկել։



Սպասելի էր, որ «ՔՊ» մտնել ցանկացողների հերթ է գոյանալու։ Երկու տարի առաջ, երբ քաղաքական ուժերը պատրաստվում էին ԱԺ ընտրություններին, երբ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ, մոտավորապես այդքանով ավելացավ ՀՀԿ անդամների թիվը՝ 7 հազար հոգի միաժամանակ կուսակցություն մտնելու դիմում գրեց, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն էլ անկեղծացել էր այդ թեմայով՝ ասելով․ «Էդի գազավիկներն են, գազ են տալիս, գազ, գազավիկ են մտել սաղ»: Այս անգամ «գազավիկները» չեն։ Կան անշահախնդիրներ, գաղափարական համակիրներ, որոնց խառնվում են Փաշինյանի ֆանատները, պարզ կարիերիստներն ու ճամբարափոխները։ Կան հայտնիներ, ինչպես Հովհաննես Ազոյանը, որը որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ շոուբիզում դա հիմա մոդայիկ է։



Անդամակցելու հայտը կարելի է լրացնել նաեւ առցանց, վիրտուալ տարածքում։ Ֆորմալ առումով բավական է հայտնել, որ ընդունում ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը եւ որեւէ այլ կուսակցության անդամ չես։ Իրականում, սակայն, «ՔՊ»-ին անդամագրվելը բարդ է։ Գործի են դրվում ծանոթ-բարեկամական կապերը, իսկ դիմումները խստագույնս ֆիլտրվում են, անցկացվում «մանր մաղով»։ Որոշ պնդումների համաձայն, դիմողների ով եւ ինչ լինելը ճշտելու համար նույնիսկ գործի են դրվում ԱԱԾ արխիվները։



«ՔՊ» վարչության անդամ, սոցապնախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն այս լուրերի մասին մեր հարցը լսելով՝ ծիծաղեց։ «Ես նման տեղեկություն չունեմ, իհարկե, չկա նման բան, հատկապես՝ ԱԱԾ ստուգումների մասով։ Բայց ծանոթ-բարեկամների մասով պետք է ասեմ, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, բոլորն իրար ծանոթ են, ընկեր են, մտերմությունը կամ բարեկամական կապն այս կամ այն քաղաքական գործչի հետ որոշիչ գործոն չի կարող հանդիսանալ։ Մենք քննարկում ենք մարդու մասնագիտական կարողությունները, ցանկությունը, կուսակցության անդամ դառնալու ներուժը։ Ծանոթները կամ բարեկամները կարող են միջոց հանդիսանալ՝ դեպի կուսակցություն գալու, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկա, որովհետեւ մենք ունենք տարածքային կենտրոններ, որոնց դռները բաց են, օնլայն հարթակը կա, որեւէ տարբերություն չկա՝ նա այս կամ այն անդամի՞ միջոցով է հայտնվել կուսակցության գրասենյակում, թե՞ հայտ է լրացրել»։ Չի՞ ստուգվում՝ արդյոք վարկաբեկիչ կապեր ունի՞ նախկինների հետ, թե՞ ոչ։ «Դա շատ հեշտ է ճշտելը։ Հայաստանում եթե որեւէ մեկը դիմում է ինչ-որ տեղ աշխատանքի կամ այս կամ այն կազմակերպության անդամ է ուզում դառնալ, բոլորը միմյանց ճանաչում են ու շատ հեշտ կարող են տեղեկություններ ստանալ։ ԱԱԾ-ի հետ կապված որեւէ միջոց մենք չենք բանեցնում»։ Նա ասաց, որ դիմումները կուտակվել են, որովհետեւ անդամության դիմումների քննարկումը դեռ չի սկսվել։ «Սա իրոք խնդիր է։ Դրա համար ժամանակ չենք ունեցել, որովհետեւ վարչության անդամները հիմնականում նաեւ կառավարության անդամներ են՝ մարզպետներ կամ նախարարներ, փոխվարչապետներ, եւ ֆիզիկապես հնարավոր չի եղել դրանք քննարկել։ Նիստերի ժամանակ քննարկել ենք այն հրատապ խնդիրները, որոնք կապված են եղել Երեւանի ավագանու ընտրությունների հետ, այլ քաղաքական հարցերի»։ Չկա՞ վտանգ, որ ՀՀԿ-ի նման մի ամորֆ մարմին կդառնա, ե՛ւ գաղափարով նվիրված մարդիկ կլինեն, ե՛ւ կարող են մեծ թվով կարիերիստներ ներթափանցել։



«Բնական է, յուրաքանչյուր կուսակցության կյանքում լինում են նման ընթացքներ, ես դա նորմալ եմ համարում։ Մենք ե՛ւ ավագանու, ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարել ենք, որ ցուցակով ընտրությունների գնալու համար պարտադիր չէ, որ քաղաքացիները «ՔՊ» անդամ լինեն․ դա մեր թիմում հայտնվելու միակ տարբերակը չէ։ Մեր թիմում են նաեւ մարդիկ, որոնք կրում են մեր գաղափարները, պատրաստ են շարունակելու հեղափոխությունը։ Դրա համար պարտադիր չէ «ՔՊ» կուսակցության անդամ լինել։ Դիմում գրելը դեռ բավարար չէ, բայց մենք ուրախ կլինենք բոլորին՝ նոր անդամներին»,- ասաց Բաթոյանը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**