Մոսկվային դուր չեն եկել Բոլթոնի երեւանյան հայտարարությունները

Մոսկվային դուր չեն եկել Բոլթոնի երեւանյան հայտարարությունները
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները, որոնք վերջինս արել էր երեւանյան այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության համաձայն, Բոլթոնի հայտարարություններն այլ բան չեն քան կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։



Մոսկվայում նաեւ անդրադարձել են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հրաժեշտի խոսքում տեղ գտած մի շարք հատվածների, որտեղ նախկին դեսպանը փաստացի կերպով հրահանգավորել է հայկական իշխանություններին տնտեսական քաղաքականության հարցում եւ խոստացել առատ ֆինանսավորում՝ կառավարության վրա վերահսկողություն սահմանելու դիմաց։ Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ թվում էր, թե ավելի մեծ անվայելչություն ու ուղղակի միջամտություն ներքին գործերին այլեւս հնարավոր չէ։ Սակայն պարզվում է, որ այդպես չէ։ Օրերս Երեւան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվի պատմական կաղապարներից իր միջազգային հարաբերություններում, չթաքցնելով, որ խոսքն այս դեպքում Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությանն է վերաբերում։



Բոլթոնը նաեւ հայտարարեց, որ Փաշինյանից ակնկալում է պառլամենտական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնող քայլեր ղարաբաղյան կարգավորման հարցում։ Մոսկվայում աչքաթող չեն արել նաեւ այն, որ Բոլթոնը ըստ էության գովազդել է ամերիկյան զենքը, որը հարկ է, որ Հայաստանը գնի ռուսականի փոխարեն։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նկատել են, որ այն ժամանակ, երբ Բոլթոնը հայտարարում է, որ Հայաստանի համար կարեւոր է լինել ինքնիշխան եւ կախված չլինել, արտաքին ազդեցությունից, լավ կլիներ, որ երկար մտածեր այդ խոսքերի շուրջ։