Մեր բուլիժնիկները տարել են, Մոսկվայի Կարմիր հրապարակն են սարքել. Հասմիկ Կիրակոսյան

Մեր բուլիժնիկները տարել են, Մոսկվայի Կարմիր հրապարակն են սարքել. Հասմիկ Կիրակոսյան
Գյումրեցիներին այս օրերին ամենից շատ մտահոգում են փոշոտ ու քանդած փողոցները, որոնք վերանորոգվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած 23մլն եվրոյով: Անձրևներն իրավիճակն ավելի են բարդացրել, փողոցները հեղհեղում են ջրերը, մայթերը ցեխապատ են: Գյումրեցիների դժգոհություններին մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք: Բնակիչները նկատում են, որ քաղաքային իշխանության կողմից փողոցաշինության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, խախտվել է ժամանակացույցը:



ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը խոսում է քաղաքում ընթացող փողոցաշինական աշխատանքների, դրանց ընթացքի մասին: «Ի չիք դարձնենք էն միտքը, որ ես մշակույթ եմ ներկայացնում: Պրակտիկ պատասխան կտամ: Երբ Գյումրիում Պատվո բլուրը պիտի վերականգնվեր, հանձնման օր ունեինք,Մեդվեդևը պիտի գար, մեկուկես ամիս անցել էր, բայց ոչ մի գործ չէր արվել, Նանյանը, որ մարզպետ էր, եկավ, ասաց ես մենակ քեզ եմ վստահում: Մի խոսքով, 18 սամասվալ մեքենա աղբ եմ թափել: Առավոտից իրիկուն աշխատել եմ այդտեղ եւ մենք հասցրեցինք այնքան սիրուն դարձնել այն»,-պատմում է քաղաքապետի խորհրդականը, որը նախկինում մարզպետարանի աշխատակից էր : Հասմիկ Կիրակոսյանի խոսքերով գյումրեցիները, եթե ուզում են քաղաքը վերանորոգված տեսնել, պետք է համբերեն, այլապես կողքից կարծիք հայտնելն ու քննադատելը շատ հեշտ է: «Մանկավարժական պրոցեսին լավ ծանոթ ենք: Շատ հեշտ է դասալսողի համար դաս պարապողին քննադատել: Բայց եթե էդ նույն դասը ինքը պարապի, իրեն կկորցնի»: Քաղաքապետարանի պաշտոնյան խոսում է օրինակներով:



«Առաջ պոլերը կարմիր էին ներկում: Մեր տունը, որ ներկեցինք, հայրս շատ վատ հղկված մի տախտակ էր դրել տան մեջտեղը, տատս էլ մեծ կին էր, չէր կարողանում քայլել, ամբողջ ընտանիքի անդամներով էդ տախտակի վրայով էինք մյուս սենյակ գնում: Այսինքն՝ մենք մեր օջախը, տունը սիրելով հարմարվել էինք էդ պահին»,-պատմում էր նա՝ առաջարկելով խնդրով մտահոգ, հասարակական լսումներ հրավիրած գյումրեցիներին նույնպես հարմարվել քաղաքի վիճակին, մինչև կավարտվեն շինաշխատանքները: «Համաձայն եմ, եթե փողոց են քանդում, նախապես հատուկ թողարկում տան հեռուստատեսությամբ, վազող տողով, որ էսքան ժամանակ խնդրում ենք ներեք, տեղեկացվի, ասվի: Բայց մենակ վատը տեսնելով հո չի: Մոռացե՞լ են, հումոր կենեին՝ փոսերն ընկա, պռոթեզներս թռան, կամ 1-ին կլինիկան օրը տաս հատ կոտրած ոտք էին բերում: Ի՞նչ եք ուզում, խղճներդ բռնի, քաղաքը տեսքի է գալիս»,-դժգոհողներին ի պատասխան ասաց նա: «Մենք ունեցել ենք շինարարի էն մտածողությունը, որ մեր մոտից բուլիժնիկները՝ քարերը, տարել են, Մոսկվայի Կարմիր հրապարակն են սարքել, որը ցայսօր ամենագեղեցիկ շինությունն է»,-ընդգծեց նա:



Անդրադառնալով «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի հարցմանը, որն ուղղվել էր քաղաքապետարանին՝ մոտ 23 մլն եվրո արժեցող վարկային ծրագրի մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել, քաղաքապետի խորհրդականը նշեց. «Ես կպահանջեմ քաղաքապետից՝ ինչո՞ւ գրություններին չեք պատասխանել: Տունն էլ չէ, որ մարդը կնկան 10 մանեթ փող է տալիս, իրիկունը մսով ճաշ կպահանջե, բա չի ասի՝ ինչի՞ չկա: Բա պետք է մարդուն ինֆորմացիա տաս»: Հասմիկ Կիրակոսյանի խոսքերով՝ եկող 2019թ-ին Գյումրիում 33 փողոց է քանդվելու՝ վերակառուցման նպատակով: «Բայց դա ավելի փորձառու ձևով կարվի, որովհետև նոր, որ սկսում ես, խամ ես»,-վստահեցնում է նա:



**Արևիկ Հակոբյան**