«Շախմատային» ընդունելություն ՀՀ նախագահի մոտ

«Շախմատային» ընդունելություն ՀՀ նախագահի մոտ
«Հայտնաբերեք այնպիսի բաներ¸ որ մյուսները չեն նկատել» հորդորը պատկանում է Հայաստան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին¸ որը այն արտասանել է այս տարվա ամառը Սեւանի ափին տեղի ունեցած start-up հավաքի ընթացքում¸ խոսքն ուղղելով այնտեղ հավաքված բոլոր նորարարներին։ Այդ խոսքը հատկապես իրեն ուղղված է համարել սպորտային խաղերի եւ հատկապես շախմատային խաղի իսկական նորարար¸ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Ջավադ Հովհաննիսյանը¸ որի «հեղափոխիչ» նորամուծությունները իմաստուն խաղի կանոններում՝ հայտնի են հայ եւ ռուս մեծանուն շախմատիստների ու մասնագետների¸ որոնց թվում՝ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։ Նրանք բոլորն էլ հավանություն են տվել նրա նորամուծություններին¸ որոնք փոխում-աշխուժացնում են բոլորիս ծանոթ շախմատը¸ դրանում ներմուծելով կռահումների ու հետախուզության տարրեր¸ որոնք բնորոշվում են վերջնագիծը հատող զինվորի ոչ թե թագուհի¸ այլ տարբեր ֆիգուրների՝ փիղ¸ ձի¸ նավակ փոխակերպումներով¸ դրոշմված խաղաքարերի տակին։



Նկատի ունենալով¸ որ «Ազգ»-ը ժամանակին¸ տպագիր մամուլի այլ օրգանների շարքում անդրադարձել է այդ բոլորին¸ հեղինակ Ջավադ Հովհաննիսյանը դիմել էր մեր խմբագրությանը՝ «Նոր շախմատը» ՀՀ նախագահին ներկայացնելու միջնորդական խնդրանքով։ Բարեբախտաբար՝ մեր միջնորդությունը չմերժվեց¸ եւ օրերս¸ հոկտ. 19-ին¸ «Ազգ»-ի խմբագրի ուղեկցությամբ պրն Հովհաննիսյանը ընդունվեց նախագահական պալատ եւ հանդիպեց նախագահ Ա. Սարգսյանի հետ¸ «չմոռանալով» իր հետ վերցնել ձեռագործ շախմատային տախտակ եւ քարեր¸ որոնց տակ փորագրված էին համապատասխան ֆիգուրների պատկերը։



Հանրապետության նախագահը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ «Նոր շախմատին» եւ անմիջապես կռահելով դրա էությունը՝ բազմաթիվ հարցեր տվեց հեղինակին։ Նրանք երկուսն էլ հավանություն տվեցին մասնագետների կարծիքին¸ որ այսպիսով ավանդական շախմատը կարող է իր ներկայիս լճացումից դուրս գալ եւ առավել հարուստ ու հետաքրքրական դառնալ։ Երկուստեք շեշտվեց «Նոր շախմատ» փոխադրել ինտերնետային ոլորտ¸ նկատի ունենալով հանգամանքը¸ որ այժմ աշխարհում շատերն են նախընտրում շախմատ խաղալ համացանցով¸ եւ հույս հայտնեցին¸ որ նման նորամուծություններն ու նորարարությունները կարող են դառնալ հայկական բրենդի գրավիչ բաղադրիչներ։



_**«ԱԶԳ»**_