Այսօր Հայաստանի բանտերում այդպիսի արտոնյալներ չկան

Այսօր Հայաստանի բանտերում այդպիսի արտոնյալներ չկան
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հասել է նրան, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների, դատապարտյալների քանակը հասնում է 2 հազար 940-ի։ «Այսպիսի ցուցանիշ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, դրանց թիվը եղել է 3 հազար 800 եւ ավելի»,- երեկ հայտարարեց նախարարը՝ ավելացնելով․ «Հայաստանում այսօր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրը լուծել ենք այլեւս։ Չկա մեկը, որ քնելու տեղ չունի, եւ հերթով են քնում»։



Բայց կա մի խնդիր, որը տարիներ ի վեր չի լուծվում եւ ամենաբարդն է լուծման տեսանկյունից։ Խոսքը բանտերում քրեական բարքերի, մոլախաղերի եւ կոռուպցիոն գումարների շրջանառության մասին է։ Թեպետ… էլ ինչ բանտ՝ առանց քրեական հեղինակությունների։ Բայց պատկան մարմինները պետք է հասնեն նրան, որ բանտերում իշխեն ոչ թե չգրված օրենքներն ու դրանցով առաջնորդվող քրեական հեղինակությունները, այլ պետության ընդունած օրենքներն ու բանտային կարգուկանոնը։



«Հենց նշանակման առաջին իսկ օրվանից զբաղվել եմ այս խնդրով եւ վերացրել եմ գործնականորեն այդ խաղալու եւ չխաղալու տուրքերը, վճարները։ Եթե կլինեն մոլախաղեր ներսում, մենք չենք կարող ամբողջությամբ երաշխավորել, որ չեն լինի, բայց մենք օղակներ ենք հանել սրա մեջտեղից եւ մշտապես մեր զգոնության կիզակետում ենք պահում, որ դրանք տեղի չունենան։ Եվ մենք ունենք արձագանքներ դատապարտյալների հարազատներից, որ էական փոփոխություն կա այս ոլորտում»,- մեզ հետ զրույցում ասաց Զեյնալյանը։



**-Կմանրամասնե՞ք, թե ինչ օղակներ եք հանել, եւ ինչ տուրքերի մասին է խոսքը։**



Դե, խոսվում էր նրա մասին, որ խցում խաղալու համար տուրք է դրված, չխաղալու համար տուրք է դրված, դրանք տարբեր դրույքաչափեր են, եւ դա գնում հասնում է ինչ-որ ընդհանուր օգտագործման նպատակի համար (այսպես կոչված՝ «օբշչակի»), ինչ-որ նայողներ կան, հեղինակություններ կան, եւ նրանք անձեռնմխելի են, արտոնյալներ են։ Այսօր Հայաստանի բանտերում այդպիսի արտոնյալներ չկան։



**-Այսինքն՝ կարո՞ղ եք վստահ հայտարարել, որ բանտերում քրեական հեղինակություններ, արտոնյալներ, «նայողներ» չկան։**



Կարող է, ասենք, ինչ-որ մեկն ընկալում է ինչ-որ մեկին այդպիսին, բայց էն լծակները, որոնք իրենք ունեցել են, այլեւս վերացված են այդ լծակները։ Նրանց արտոնությունների մեջ էր մտնում, ասենք, խցի չխուզարկելը եւ այլն։ Էդպիսի խցեր չկան, որոնք չեն խուզարկվում։



**-Իսկ այդ կոռուպցիոն գումարների շրջանառությունը բանտապետերի, բանտապահների միջոցով՝ մինչեւ կալանավորներ, վերացե՞լ է**։



Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ բացահայտվել են գումարներ, առգրավվել են արգելված իրեր, եթե Դուք տեսնեք, թե ինչեր են առգրավվում, եւ ինչ ինտենսիվությամբ են դրանք առգրավվում, եւ ինչպիսի վերլուծություններ են կարողանում անել էդ առգրավվածության արդյունքում, էական փոփոխություններ կան այս համակարգում։



**-Իսկ հեռախոս պահել թույլատրվո՞ւմ է կալանավորներին։**



-Բջջային հեռախոս պահելն արգելվում է, բայց նրանց մոտ մշտապես հայտնաբերվում են բջջային հեռախոսներ։ Ասեմ ավելին՝ նույն բջջային հեռախոսը բազմիցս առգրավվում է դատապարտյալների կամ կալանավորների մոտից։



**-Այ, դա ինչպե՞ս է ստացվում․ ի դեպ, մեզ էլ են հաճախ զանգում դատապարտյալներն իրենց բջջային հեռախոսներով։**



-Ես ֆեյսբուքյան իմ էջում նրանց սմարթֆոնների միջոցով ստանում եմ տարբեր գրառումներ։ Խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա։ Պետք է մենք որոշենք՝ առհասարակ, պե՞տք է այս սահմանափակումը, թե՞ ոչ։



**-Այդտեղ կոռուպցիոն ռիսկ չկա՞, որ բանտապետերին, ՔԿՀ-ների աշխատակիցներին կաշառում են եւ հեռախոս օգտագործում։**



-Իհարկե, կա կոռուպցիոն ռիսկ։ Դե, պատկերացրեք՝ եթե աշխատակցի աշխատավարձը 70 հազար դրամ է կամ 100 հազար դրամ է, իսկ, ասենք, մի բջջային հեռախոս ներս տանելը, ենթադրենք, 20 հազար դրամ է, ինչպե՞ս կարելի է ասել, որ երաշխավորված է… իհարկե, այս ցածր աշխատավարձը կոռուպցիոն ռիսկ է, բայց մենք պետք է գնահատենք՝ մեր հանրային միջոցներն ինչպես ենք բաշխում, որպեսզի այդ միջոցները գնալով ավելանան։



**-Դավիթ Հարությունյանն էլ էր նախկինում ասում, որ ցածր աշխատավարձն է այդ լուծումը։**



-Ասեմ ավելին՝ թափուր են այս հաստիքները, յոթ հոգու համար նախատեսված աշխատանքը կատարում է մի հոգին, որովհետեւ հրապուրիչ չէ այս աշխատանքը, մանավանդ, որ այս կոռուպցիոն երեւույթները վերացրել ենք, արտահոստք է սկսվել այս համակարգից, որովհետեւ շատ ցածր է աշխատավարձը։ Դրա համար մենք պիտի բարձրացնենք պետական եկամուտները, որպեսզի կարողանանք բարձրացնել այս մարդկանց աշխատավարձը։



**-Պարոն Զեյնալյան, տարիներ ի վեր գաղութի պետերը կարծես առանձին իշխաններ են եղել համակարգի ներսում եւ չեն ենթարկվել նախարարին, թեպետ իրենք նախարարին ենթակա են։ Այս պահին ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները նրանց հետ, ենթարկվո՞ւմ են Ձեզ**։



-Այդպիսի խնդիր էս պահին չկա, մենք կադրային փոփոխություններ ենք կատարել, միասնական կուռ համակարգ է, հրահանգներս վերեւից մինչեւ ներքեւ իջնում են, եւ դրանք ի կատար են ածվում։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ այսօրվա կառավարությունը շատ բարձր հեղինակություն է վայելում, վարչապետը շատ բարձր հեղինակություն է վայելում, եւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի լեգիտիմությունը չափազանց կարեւոր է արդյունավետ կառավարում իրականացնելու համար։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**