Գորտի աչքերն ու ցամաք առուն

Գորտի աչքերն ու ցամաք առուն
«Ու մեր աչքերը նայում են կարոտ, թե երբ կբացվի պայծառ առավոտ՝ հայոց լեռներում»։ Թումանյան ջան, սա հայոց հարցն է դարձել։ Հայ ժողովուրդն այդ հարցը քնի մեջ էլ է տալիս ու տվել է՝ Աստծուն, աշխարհին, իր թագավորներին, հերոսներին, հայագետ Լեւոն Տեր-Պետրոսյանին, զոն նայողներին ու Սերժին, այսօր էլ՝ ազգահեղափոխական Նիկոլին։



Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանինն ահագին բան փոխեց հայոց լեռներում՝ էն ծով գանձերից, որ երկնել-ծնել էր մեր հայոց հոգին, որ ուժասպառ տանում էինք, մեզ ազատեց ու հեշտացրեց մեր գործը։ Թե չէ՝ խոպան գնալուց արի ու այդքան բան աշխարհից աշխարհ քարշ տուր հետդ։ Նրանից հետո հայոց անձեռնմխելի Ռոբերտ Քոչարյանը, լինելով հայ մեծ երկրաբան, հայոց լեռները ծանր ու թանկարժեք մետաղներից՝ մոլիբդենից-բանից ազատելու ծրագիր դրեց՝ մտածելով, որ դրանք թող «հետամնաց» պետությունները տանեն, մեր լեռներն էլ կթեթեւանան, կհարթվեն, ու մեր ճամփան կհեշտանա, ինքն էլ այդ փողերով հյուրանոցային համալիրներ ու բանկեր կբացի, հայոց լեռներն էլ թող դառնան հայոց պոչամբարներ։ Սերժն էլ անուրանալի լավ բաներ շատ արեց՝ մեր հալից ընկած պետության իշխանությունը տվեց լավ ախպերներին, հիմա էլ պետության կողմից տրամադրված ոչ մի դղյակ նրա դուրը չի գալիս՝ դամբարան է ուզում։ Չնայած այստեղ մեծ ողբերգություն չկա՝ Գագիկ Ծառուկյանը բարեգործական հիմունքներով մի հատ կազինո «գրեւ» կանի նրան։ Թող մեր թագավորն էն աշխարհում էլ մանրից լավ ախպերների հետ ղումար խաղա։ Սրանցից մի կերպ պրծանք։ Հիմա նույն հարցին, թե հայոց լեռներում ե՞րբ կբացվի պայծառ առավոտ, Նիկոլն ասում է՝ ժողովուրդը ոնց կասի, ըտենց էլ կլնի։ Էս յանը տարած գիտնականներն էլ ասում են՝ էլ ի՞նչ է մնացել, որ վրան էլ առավոտ բացվի։ Մեկը չկա, որ ասի՝ էլ մենք ո՞ր օրվա հայերն ենք, ռիսկ ունի՞, թող չբացվի՝ զոռով կբացենք։



Հայաստանում ժողովրդական հեղափոխությամբ սկսված քաղաքական վենդետան կարծես ավարտվում է, միայն թե Աշոտյանի գլխին ժողովուրդը ղազեր չքաշի՝ շուն, գել՝ մերն է, հետո՞ ինչ՝ պատմականորեն այնպես է ստացվել, որ մարդու մազերը խոպան են գնացել, հաջող գլուխ են գտել ու չեն վերադարձել։ Իսկ նոր իշխանությունը հների նկատմամբ սկսած ֆինանսական վենդետան երբ կավարտի՝ դեռեւս պարզ չէ։ Այդ խմորը շատ ջուր կուզի։ Բանն այն է, որ Քոչարյանն ու Սերժը հայոց լեռներում երկար սպասված առավոտն արդեն տարադրամի են վերածել։ Էլի մըր հույս մնաց վըր օրորոցին։



Ինչքա՜ն օրորոցներ տարան Արցախյան հերոսամարտը, տնտեսաքաղաքական թոհուբուհն ու արտագաղթը։ «Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, Որ չբուսնեց էս հողին»։ Ե՞րբ են ավարտվելու մեր ժողովրդի պատմության այս ողբերգական, իրարահաջորդ շրջափուլերը։ Եթե լավ նայենք աշխարհին, ապա կտեսնենք, որ դա միայն մեր գլխով չէ։ Ուրիշ ազգերն իրենց ժողովրդագրական խնդիրներն արհավիրքներից հետո արագ կարողանում են լուծել, իսկ հայ ազգը մտել է ընտրյալի ու հալածյալի ողբերգական կերպարի մեջ ու դուրս չի գալիս։ Մարտիրոս Սարյանն ասում էր՝ ինչքան ազգային, այնքան համամարդկային։ Անծայրածիր միտք է, եթե ազգայինը կեղծ ազգային չէ։ Այն օրերին, երբ Սարյանը հայոց աշխարհի գույներն էր աշխարհին ցուցադրում, Խորհրդային Հայաստանի իշխանությունում կային մարդիկ, որոնք Ստալինի աչքը մտնելու համար հայ մտավորականների ջարդն իրենց ձեռքերով կազմակերպեցին։ Նման բան մինչ այդ մեր պատմության մեջ արել էին միայն երիտթուրքերը։ Չարենցն ի՞նչ իմանար, որ իր երազած գանգրահեր տղան սիլաչեցի Հրանտ Բագրատյանն է լինելու, որն էլ, ուզվոր Կարապետի նման, բոլոր իշխանություններից միայն վարչապետի պաշտոնը կամ փողերի պահեստի բանալիներն է ուզելու, որ ժողովրդի տունը լրիվ քանդի։ ԼՏՊ-ն էլ Ազգային կոնգրես է ստեղծել, համարյա հայկաֆոնիա՝ որպես Ֆրանկոֆոնիային հակակշիռ կառույց։ Այս Ազգային կոնգրես կոչվող հայկաֆոնիան ուզում է իշխանությունից մի կտոր պոկի, որ ԱԺ-ի կակաֆոնիան երկարացնի։ Էլ չգիտի, որ նույն գետը երկու անգամ չես մտնի։ Ոչինչ, քոռ մուկն ինչքան հող փորի, իր գլխին է լցնելու։



Ամեն ինչ բարդում ենք ճակատագրի ու բախտի վրա։ Կարծես թե բախտն ու ճակատագիրն էլ բանուգործ չունեն, գիշեր ու ցերեկ մեզ վատություն անելով են զբաղված։ Աստված չարին միշտ մահ է տվել, բարուն՝ բախտ ու երջանկություն, բայց որ բարին խելք չի ունեցել իր բախտի ու երջանկության ճանապարհը տեսնելու ու զգալու, Աստվածն ի՞նչ անի։ Ապրելը լավ է, իսկ լավ ապրելն ավելի լավ է։ Աշխարհը միշտ խոսել է ուրիշ լեզվով եւ ուրիշ լեզու է հասկացել։ Հայերենը մեր համար է։ Աշխարհի լեզուն միջազգային քաղաքականությունն է։ Իսկ տնտեսաքաղաքականությունը, ցավոք սրտի, ո՛չ էպոս է կարդում, ո՛չ էլ Կոմիտաս է լսում։ Եթե մենք տնտեսական այս գոյամարտում պարտվենք, ինչքան էլ Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան»-ը լսենք, մեր սարերում հով չի լինի, եւ մեր հողն այլեւս մեզ տանել չի կարողանա՝ թեկուզ գիշեր-ցերեկ դաշնամուր նվագենք։



Հայոց լեռները բուհերի ենք վերածել։ Կարեւորը ձեւն է, բովանդակությունն ո՞ւմ է պետք։ Մի կտոր թղթի համար 5-6 տարի գնա-արի, գնա-արի։ Որպեսզի մեզ կրթված զգանք, 5-6 տարի պետք է փող մուծենք։ Այ մարդ, խոպանում ինչքան հայ սվաղչի տեսա, բոլորը համալսարանական կրթություն ունեին, բայց ռուսների հետ հեռախոսով խոսելուց ձեռուոտով էին բացատրվում։ Մի կարմիր դիպլոմով տնտեսագետ կար։ Նա մի պատ սվաղ էր արել։ Շինարարական օբյեկտի ալկաշ-պահակին էր կանչել, որ արած աշխատանքը հաշվի, սա էլ դրա համար մի շիշ սամագոն էր ուզել մեր տղուց։ Գնացի տեսա՝ հայրենակիցս տակ է տվել. ալկաշի չափն ու հաշվարկն ի՞նչ կլինի։



Ժողովուրդ ջան, քեզ մի խաբիր։ Եթե դու քեզ չխաբես, ուրիշները քեզ չեն խաբի։ Քո հասարակությունն արդեն տարաբեւեռված է ավազակամիտներով ու պարզամիտներով։ Մշակույթն իր տեղն ու դերն ունի։ Իսկական կրթությունը պարտադիր է։ Առանց գիտության խոպան էլ չես կարող գնալ։ Ոչ մի սիմֆոնիա քո գողամիտ ու իշխանահաճո գործարարներին պետական հարկերը մուծել չի տա։ Այն բոլոր երկրները, որոնք երկիր են դարձել, նրանց իշխանությունները գիտե՞ս քանի лом են ծռել իրենց անբարեխիղճ գործարարների մեջքին, մինչեւ վերջիններս ժողովրդին ու պետությանը խաբելը թարգել են։ Քո փրկությունն ու պայծառ առավոտը քո պետական իշխանության մեջ տես։ Քո հասարակությունը թող բաց լինի, թող ազգային լինի։ Ընտրիր, ձեւավորիր իշխանությունդ։ Թող դրանում լինեն արդարամիտներ։ Հեռացիր ավազակների պաշտամունքից։ Նրանք են քո տունը քանդել։ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը, այս հսկայածավալ թալանն ու իշխանատգիտությունը մեր պարզամիտների գործը չեն, սա մեր երկրի նախագահների կողմից ցուցաբերված պաշտոնական անփութություն չէ, սա կազմակերպված պետական հանցագործությունների շղթա է։ Թափ տուր, բոլոր քաղաքակիրթ եղանակներով մաքրիր քո ճանապարհը խոչընդոտներից։ Դու ես քո երկրի տերը։ Փերեզակին, վաշխառուին ու սուտ հերոսներին երբեք մի տուր քո երկրի իշխանության ղեկը։ Տեսնում ես՝ քո ընտրյալն ուր գնում է, այնտեղ տոն է սկսվում, մեր երկրին ով հյուրընկալվում է, նույնպես տոնակատարություն է սկսվում։ Նիկոլիդ լավ պահիր՝ նա գիտի մի լեզու, որով ե՛ւ քեզ հետ է խոսում, ե՛ւ աշխարհի։ Այդ լեզուն հայրենասիրությունն ու ազնվամտությունն է։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_