Արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերին, դեռ մի բան էլ ուշացած են

Արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերին, դեռ մի բան էլ ուշացած են
Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունն ավագանու կազմում ունի 5 անդամ՝ 57 հոգուց։ «Առաքելության» քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը սա համարում է պատկառելի ներկայացվածություն եւ նշում, որ նրանք բոլորն էլ իրենց ոլորտների պրոֆեսիոնալներ են։ Նա նաեւ նշում է, որ սա իրենց առաջին քայլն է պետական կառավարմանը մասնակցության առումով, եւ առաջիկայում էլ իրենց կուսակցությունը պատրաստվում է ունենալ բացառապես քաղաքական դերակատարում։



**-«Առաքելություն» կուսակցությունը 2017 թվականին էլ մասնկացում էր «Ծառուկյան դաշինքի» կազմով, հիմա ինչպե՞ս ստացվեց, որ այս ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի մաս կազմեց։**



-Դեռեւս 2018 թվականի ապրիլյան հեղափոխական գործընթացների ժամանակ՝ ապրիլի 20-ին, «Առաքելություն» կուսակցության քաղխորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին եւ աջակցություն է հայտնել իր իրավունքների համար պայքարող ժողովրդին, եւ մենք եղել ենք պայքարողների կողքին։ Եվ, առհասարակ, միշտ էլ «Առաքելություն» կուսակցությունը ոչ թե գնացել է այս կամ այն քաղաքական ուժի, այս կամ այն անձի հետեւից, այլ մենք գնացել ենք ցանկացած գործընթացի հետեւից, որն իր մեջ պարունակել է ռեալ իշխանափոխության հեռանկարներ։ Այսինքն՝ երբեք կաշկանդված չենք եղել մեր որեւիցե նախորդ համագործակցությամբ։ Հեղափոխության բոլոր հանգրվաններում եղել ենք հրապարակում, եւ որպես նաեւ պետական կառավարմանը մասնակցության որոշակի աջակցություն, որոշակի փորձ, որպես քաղաքական համագործակցության ցցուն դրսեւորում՝ մեր կուսակցության քաղխորհրդի անդամներից Մեսրոպ Առաքելյանը համաձայնել է լինել վարչապետի խորհրդականը հասարակական հիմունքներով եւ ամենաակտիվ ներգրավվածությունն ունի նոր Հարկային օենսգրքի ձեւավորման աշխատանքներին։



**-Բայց ձեր քայլը կարող է դիտվել որպես ճամբարափոխություն կամ մշտապես իշխանության, ուժեղի կողքը լինելու փորձ։**



-Ես պատահաբար չհիշեցի ապրիլի 20-ի մեր քաղխորհրդի հայտարարությունը․ այդ ժամանակ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ անպայման հաղթական ավարտ է ունենալու հեղափոխությունը, եւ անպայման կանխատեսելի էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հետեւաբար, մենք չենք սպասել որ, հեղափոխությունը տեղի ունենա, իշխանությունը ձեւավորվի, նոր գնանք կանգնենք կողքը։ Էլի եմ ասում՝ մենք գնացել ենք երեւույթի հետեւից՝ առանց ապահովագրվածության, որ այդ պրոցեսը հանգեցնելու է երաշխավորված հաղթանակի։ Հետեւաբար, այս պարագայում նման մեղադրանքը մեզ չի կարող հասցեագրվել։ Ի հավելումն նաեւ կարող եմ ասել, որ «Առաքելությանը» մի էսպիսի երեւույթ է հատուկ՝ մեզ մոտ գործազուրկներ չկան, մեզ մոտ չկան պատեհապաշտներ, ովքեր ինչ-որ աշխատանքի խնդիր են լուծում, ինչ-որ եկամտի խնդիր ունեն եւ պատրաստ են ամեն մեկի հետ ամեն կարգի համագործակցության, ինչ է թե մի հնարով մի աշխատանքի տեղավորվեն կամ մի պաշտոն զբաղեցնեն։



**-Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այսպես շուտափույթ ընտրությունների անցկացմանը, եւ արդյոք «Առաքելությունը» որեւէ ֆորմատով կմասնակցի՞ այդ ընտրություններին։**



-Ես գտնում եմ, որ արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերին, դեռ մի բան էլ ուշացած են, որովհետեւ հեղափոխական հռետորաբանության մեջ մտնում էր օր առաջ ամբողջական իշխանափոխություն եւ նոր պառլամենտական ընտրություններ։ Եվ ես ենթադրում էի, որ ամռանն արդեն Ընտրական օրենսգիրքը փոխված կլինի, եւ ցանկացած պահի մենք կունենանք նոր ընտրություններ։ Համաձայնեք, աշունը շատ ավելի նախընտրելի ժամանակահատված է դրա համար, քան դեկտեմբերը կամ հունվար-փետրվարը։ Որպեսզի իշխանության երեք ճյուղերն ամբողջապես ժողովրդի իշխանությանը ենթարկվեին եւ կրեին ժողովրդական վստահության քվե, անխուսափելի էին պառլամենտական ընտրությունները։ Էդպես չի լինում, որ հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին, բայց ՀՀԿ-ական մեծամասնության համար ուշքը գնում էր։ Նրանք բոլորը՝ որպես կառավարողներ, պետք է երկրի կառավարման լծակներից հեռացվեին։ Ինչ վերաբերում է «Առաքելության» հետագա անելիքներին, ես կարող եմ միայն պնդել, որ «Առաքելության» դերակատարությանը կանդրադառնա «Առաքելություն» կուսակցության համագումարը, որը տեղի կունենա ոչ հեռու ապագայում, եւ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ ունենք համագործակցության լավ պլատֆորմ, եւ ես ամբողջությամբ հնարավոր եմ համարում մեր համագործակցության շարունակությունն «Իմ քայլը» դաշինքի շրջանակներում։



**-Իսկ անձնապես կապ ունե՞ք Փաշինյանի հետ, հանդիպում, քննարկումներ ունենո՞ւմ եք։**



-Ինչպես նշեցիք, Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհի մեկնարկում լինելով՝ մի կարեւոր արձանագրում ունեմ, որ որեւիցե քայլ, որեւիցե որոշում եւ որեւիցե քաղաքական իրավիճակ Նիկոլ Փաշինյանի համար կարծրացած եւ վերջնական չէ։ Ցանկացած լավ գաղափար, վստահ եմ, որ Նիկոլը բաց է քննարկման։ Եվ դա անհատապես ինձ համար լիովին բավական է քաղաքական համագործակցության առումով, որ որոշումների կայացմանն էս միջավայրում, էս քաղաքական մթնոլորտում, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հնարավոր է լինելու ստեղծել բազմակարծության՝ կարծիքների բախման ցանկացած քաղաքական բնույթի խոսակցություն ավելի բաց ու անկեղծ դարձնելու համար։ Այդ առումով կարծում եմ, որ տարիները Նիկոլ Փաշինյանին միայն իմաստնություն են հաղորդել։ Մեր հանդիպումներն էպիզոդիկ են եղել, եւ կարծում եմ՝ մոտ ապագայում մեր քաղաքական պայմանավորվածությունները կկրեն շատ ավելի արմատական եւ ամուր բնույթ։



**-Դուք նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչ եք՝ փաբ ունեք, Փաշինյանի կառավարության որդեգրած տնտեսական, հարկային քաղաքականությունը Ձեզ գոհացնո՞ւմ է։**



-Ես գտնում եմ, որ հիմա դեռեւս դժվար է շատ ակնկալել ռադիկալ փոփոխություններ հարկային մասով, տնտեսության վերաբերյալ կարող եմ միանշանակ պնդում կատարել, որ միայն այն, որ երկրի բարձրաստիճան ղեկավարության անունը կապ չունի որեւիցե կոռուպցիոն մեխանիզմի, բիզնեսի փայատիրության եւ այլնի հետ, արդեն իսկ բիզնես-միջավայրը դարձրել է շատ ավելի բարենպաստ։ Հարկային քաղաքականությունը մի փոքր դեռ իր մեջ պարունակում է նախկինից եկող իներցիաները, հարկային մարմիններին դեռեւս հատուկ է անմիջապես տուգանելու, միանգամից չոր պատասխանատվության ենթարկելու որոշակի գործիքակազմ, բայց կարծում եմ, որ պառլամենտական ընտրություններից հետո հարկային ոլորտում մենք կլիմայի արմատական փոփոխություն կզգանք։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**