Սահմանի հակառակ կողմում շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ

Սահմանի հակառակ կողմում շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր նախաձեռնած «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հոկտեմբերի 7-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ խաղաղության կոչ անելով հակամարտող կողմերին։ Նախաձեռնությանը միացել էին նաեւ ՌԴ-ից հասարակական-քաղաքական, մշակույթի եւ այլ ոլորտների ականավոր գործիչներ։ Աննա Հակոբյանը ներկա գտնվող ռուս կանանց կոչ արեց այցելել նաեւ Ադրբեջան եւ նույն խաղաղության ուղերձը հղել սահմանի հակառակ կողմից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, սահմանի հակառակ կողմում այնքան էլ շահագրգռված չեն հակամարտության խաղաղ կարգավորմամբ։



Երկրի առաջին տիկին եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, ում՝ որպես կնոջ եւ մոր, եւս հասցեագրված էր խաղաղության կոչը, չի շտապում հանդես գալ փոխադարձ խաղաղության կոչերով։ Ավելին, Աննա Հակոբյանի՝ սեպտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում արված խաղաղության կոչին Ալիեւան պատասխանեց անուղղակիորեն՝ պնդելով, որ հայկական կողմը պետք վերադարձնի «օկուպացրած տարածքները»։ Սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Իտալիա մեկնած Ալիեւան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրան հարակից 7 շրջանները պետք է ազատագրվեն օկուպացիայից, եւ բոլոր փախստականներն ու հարկադրաբար տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները։ Ըստ նրա՝ ադրբեջանական ժողովուրդն արդեն ավելի քան 25 տարի տառապում է հայերի զավթողական քաղաքականությունից։ Եվ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հույս է հայտնել, որ Իտալիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, մեծ դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այդ օրերին Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտի տարածքում «Ղարաբաղի ազատագրության կոմիտեի» կողմից նախաձեռնվեցին հանրահավաքներ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներն» ազատագրելու պահանջով։ Ավելի քան պարզ է, որ անցկացվող հանրահավաքները ֆինանսավորվում ու կազմակերպվում են գործող իշխանությունների կողմից՝ ցույց տալու աշխարհին, որ Ղարաբաղի «ազատագրության» խնդիրը ոչ միայն պետական-իշխանական խնդիր է, այլեւ՝ ժողովրդական պահանջ։ Եվ պատահական չէ, որ այս ֆոնի վրա Բաքվի ընդդիմությունը բազմիցս հայտարարել եւ հայտարարում է, որ անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական տարաձայնություններից՝ իրենք Ղարաբաղի հարցում իշխանությունների հետ միակարծիք են։



Ադրբեջանական իշխանությունները միլիարդավոր դոլարների հասնող ռազմական տեխնիկա ու զենք գնելուն զուգահեռ սեփական ժողովրդին հայերի դեմ թշնամացնելու եւ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու տեսանկյունից, կարծես թե, ոչինչ չեն խնայում։ Ընդունված նոր օրենքի համաձայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար զոհված յուրաքանչյուր շեհիդի իրավահաջորդի՝ որպես փոխհատուցում, կտրամադրվի 11 հազար մանաթ, որը կազմում է մոտավորապես 7 հազար դոլար։ Ինչպես փոխանցում է Oxu.az-ը, Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության կայք-էջում արդեն հրապարակված են զոհված շեհիդների անունները։ Նախարար Ս․ Բաբաեւը հայտարարել է, որ այս տարվա փոխհատուցումների համար առանձնացված է ավելի քան 58 միլիոն մանաթ։



Հետեւելով Ադրբեջանում տիրող իրավիճակին ու հակահայկական սուր դրսեւորումներին՝ ավելի քան պարզ է դառնում, որ Ղարաբաղի հարցում դեռեւս ադրբեջանական կողմը չունի խաղաղ կարգավորման նպատակ, եւ ադրբեջանական իշխանությունների նպատակը ոչ թե Արցախի բնակչությունն է, այլ՝ տարածքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանում, անդրադառնալով այս խնդրին, խոսել է շատ դիպուկ․ «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»: Մնում է հույս հայտնել, որ հակամարտության կարգավորմամբ շահագրգռված կողմերը կկարողանան զսպել ադրբեջանական ագրեսիան եւ նպաստել վերջինիս խաղաղ կարգավորմանը, իսկ հայկական կողմից հաճախակի հնչող գերքաղաքակիրթ խաղաղության կոչերին պարբերաբար կփոխարինեն սթափության սաստողական կոչեր։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**