Վախ՝ խաղաղությունից

Վախ՝ խաղաղությունից
Մի քանի օր է՝ ադրբեջանական մամուլն անդրադառնում է վարչապետ Փաշինյանի տիկնոջ՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ելույթին: Հնչեցվում են տարաբնույթ հարցադրումներ, որոնք բերում են մի եզրահանգման. Ադրբեջանում խաղաղությունից վախենում են: Այդ երկրում ձեւավորվել է կարծրատիպ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի խաղաղ կարգավորման հեռանկար: Պետք է իրականությանը նայել բաց աչքերով. ադրբեջանական կողմի պատկերացմամբ «կարգավորումն» այն է, երբ Արցախը կհայաթափվի, Հայաստանին կհասցվի խորտակիչ ռազմական հարված: Այսինքն, Բաքվում այն ընկալումն ունեն, որ հարցի լուծումը միայն եւ միայն վրեժխնդրությունն է: Այդ են վկայում թեմայի շուրջ տասնյակ հրապարակումները, որտեղ ոչ մի ռացիոնալ գաղափար չի առաջադրվում: Ընդհակառակը, խնդիրը հանգեցվում է մի շատ պարզունակ սխեմայի. «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները, այդ իրավիճակում խաղաղասիրական ոչ մի կոչ չպետք է հնչի, հարկ է բոլոր ուժերը հավաքել ի մի, հակառակորդին հասցնել խորտակիչ հարվածներ եւ վերականգնել պատմական արդարությունը»:



Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ադրբեջանական հանրային գիտակցության մեջ ոչինչ չի փոխվել: Այդ երկիրն ինչպես հակամարտության նախնական փուլում, այնպես էլ այսօր դնում է առավելապաշտական նպատակներ, սեփական հանրային կյանքը վերստին կառուցում հայատյացության եւ ագրեսիվ ազգայնականության վրա: Դա ոչ մի տեղ չտանող, ավելի ճիշտ՝ դեպի վերջնական դեգրադացիա եւ պետական ինքնափլուզում տանող ճանապարհ է: Որովհետեւ չի կարող արդյունավետորեն ինքնադրսեւորվել մի երկիր եւ հասարակություն, որի համար խաղաղասիրական կոչը մերժելի է: Վարչապետ Փաշինյանի տիկնոջ կոչը հնարավորություն էր, որպեսզի Ադրբեջանը քայլ աներ դեպի իրականություն: Պաշտոնական Բաքուն եւ այդ երկրի հանրային կարծիքը մերժեցին երկխոսության այդ առաջարկությունը: Այս համատեքստում կասկածելի են դառնում նաեւ պաշտոնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախատեսվող բանակցությունները:



Քանի որ ի՞նչ արդյունք կարելի է հուսալ, եթե կողմերից մեկը նպատակ է դնում հասնել խաղաղ կապիտուլյացիայի: Ոչ թե՝ հանգուցալուծման, բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման, այլ՝ Հայաստանի դիվանագիտական ֆիասկոյի, միայն այդ հեռանկարն է բաղձալի տեսնում: Իսկ հակառակ դեպքում՝ սպառնում պատերազմով: Վարչապետ Փաշինյանի տիկնոջ այցը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծ հասունության եւ ողջամտության թեսթ էր Ադրբեջանի համար: Բաքվի արձագանքը բացարձակապես ոչ ադեկվատ էր: Ադրբեջանական կողմը կարծես փակեց այն փոքրիկ օդանցքը, որ, թվում էր, բացվել է Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ երկխոսությամբ: Խաղաղությունից վախն անում է իր սեւ գործը: Ե՞րբ կստեղծվի հաջորդ փորձաքննության հնարավորությունը: Մի՞թե դրա համար հարկ կլինի անցնել նոր բախումների միջով: