Էս էն սևերի ու սպիտակների դեպքը չի

Էս էն սևերի ու սպիտակների դեպքը չի
Վերջին օրերին ուշադրությունս հատկապես գրավում են քաղաքային տրանսպորտին առնչվող մեկնաբանություններն ու լուրերը. բոլորը «խոսքները մեկ արած» փոխում են ողջ քաղաքային տրանսպորտը, բերում են օրինակներ և համեմատականներ եվրոպական առաջադեմ քաղաքներից և այլն։ Մեր հասարակությունն ի՜նչ ոգևորությամբ է ընդունում էդ փոփոխության լուրը, «մերժում» գծատերերին, որ էլ ասելու չի։ Արդյո՞ք մենք բոլորս այդքան մանրակրկտորեն և առարկայական տիրապետում ենք քաղաքային տրանսպորտում եղած և առկա խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին, որ միանգամից խոսում ենք ամբողջ համակարգը փոխելու մասին։ Բա ի՞նչ պատասխան ենք տալու այն ձեռնարկատերերին, ովքեր տարիներ շարունակ, հաշվի չառնելով ո՛չ հարկային ճնշող քաղաքականությունը, ո՛չ գազի պարբերաբար թանկացումները, ո՛չ վարչարարական մի շարք թերություններն ու բացթողումները (որոնք, հավատացեք, այնքան շատ են, որ մանրամասն իմանալու դեպքում նույնիսկ շնորհակալ կլինեք քաղաքային տրանսպորտը սպասարկողներին), ապահովել են երևանցիների տեղաշարժը՝ վարկերի տակ մտնելով և ռիսկի դիմելով մի երկրում, որտեղ երբեք պետական մարմինները սատար չեն եղել ՓՄՁ֊ին։



Այդ «փակողներով» ու «փոխողներով» երբևէ հանդիպե՞լ ենք որևէ «գծատիրոջ», լսե՞լ ենք նրանց խնդիրների մասին, փորձե՞լ ենք ծանոթանալ գործող համակարգի լավ ու վատ կողմերին և վերջիվերջո տիրապետու՞մ ենք այդ ոլորտին, որ հստակ ձևակերպում ենք և հաստատում սպասվող փոփոխությունները։ Վստահաբար ասում եմ, որ չենք տիրապետում։ Չի տիրապետում հասարակությունը, չի տիրապետում նորընտիր քաղաքապետը, չեն տիրապետում մի քանի օր առաջ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուները, չէին տիրապետում նաև նախորդ իշխանությունները։



Ուղղակի տարիներ շարունակ մարդկանց մեջ քավության նոխազ ենք դարձրել երթուղիները սպասարկող ընկերություններին և դրանց սեփականատերերին, ու հիմա էլ անում ենք նույնը։ Էս էն սևերի ու սպիտակների դեպքը չի։ Ես համաձայն եմ մի հարցում. փոփոխություններ իրոք պետք են, բայց պետք է ուսումնասիրել առկա վիճակը, լսել շահագրգիռ կողմերին, նոր հետո միայն որոշում կայացնել։ Ասեմ, որ ընդամենը մի քանի րոպեում կհամոզեմ յուրաքանչյուրիդ, որ քաղաքային տրանսպորտի մասին Ձեր պատկերացումներն այնքան մակերեսային են, որ Դուք գրեթե ոչինչ չգիտեք այդ ոլորտի մասին։ Ես ինքս միկրոավտոբուսային երթուղի սպասարկող ընկերության սեփականատեր եմ և գիտեմ համակարգը իր ուղնուծուծով։ Լուծման շատ ավելի արդյունավետ և փոխշահավետ տարբերակներ կան, որոնք, հնարավորության դեպքում, կքննարկվեն նորընտիր քաղաքապետի հետ։



**Հ.Գ**. Նամակս չունի քաղաքականացված որևէ ենթատեքստ։



**Հ.Գ**. 2 Մեկնաբանություն (comment) գրող լայն զանգվածներին նախապես խնդրում եմ չանցնել կոռեկտության սահմանը կամ ընդհանրապես չգրել, եթե անտեղյակ եք նյութից։ Սա զուտ գործնական նամակ է։



**Հ.Գ**. 3 Վերջապես եկել է ժամանակը, որպեսզի որոշումներ կայացնելուց առաջ լսելի լինի բոլոր կողմերի ձայնը. բոլորն են ուզում ունենալ լավ Երևան։



**Վ․ Կարապետյան**