Սեփական որոշմամբ, բայց ժողովրդի անունից

Սեփական որոշմամբ, բայց ժողովրդի անունից
Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում դարձյալ «ժողովրդի» անունից խոսեց արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Բայց չասաց՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ։ Փոխարենը խոստացավ, որ իր հրաժարականի մասին հավելյալ կտեղեկացնի, երբ որոշում կայացնի: Միայն պնդեց, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Փաշինյանը որոշել է, որ ճիշտը դեկտեմբերին արտահերթ ընտրություններն են, եւ հայտարարում է, որ ժողովուրդն է այդպես ցանկանում։ Նա որոշեց, որ ճիշտը ԱԺ-ն պաշարելն է, որովհետեւ այդ օրը «վատ» օրենք էին ընդունում, եւ ժողովուրդը գնաց իր «հովվի» հետեւից, որովհետեւ «ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է»։ Բայց թե քանի տոկոսն է իրավական ու քաղաքական գիտակցությամբ հասկանում, թե ինչ օրենք էր դա, ինչու է հենց դեկտեմբերին ընտրություն անցկացնելը ճիշտ, այլ ոչ, օրինակ, նոյեմբերին կամ մայիսին, դժվար է ասել։ Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասի, որ, դիցուք, Արցախի 7 շրջանները «գրավյալ» են, եւ պետք է դրանք վերադարձնել Ադրբեջանին, եւ հայտարարի, որ «ժողովրդի պահանջն է դա», կպարզվի, որ «ժողովուրդն իսկապես «դա պահանջում է»»։ Բայց դե, մեր ժողովրդի առանձնահատկությունն էլ դա է՝ տաղանդավոր, հանճարեղ, պայքարող ու այսպիսին։



Երեկ, երբ «Հրապարակը» նկատեց, թե իրեն քննադատում են պատգամավորների վրա ճնշում գործադրելու, ԱԺ-ն պաշարելու եւ պատգամավորների քվեարկելու սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար, Փաշինյանը նորից հիշեց ժողովրդին․ «Գիտե՞ք, պատգամավորը պետք ա ներկայացնի ժողովրդին, երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք ա մտածի իր մանդատի մասին՝ ում մանդատն է նա իրացնում»։



**-Բայց Դուք չեք վիճարկել ժամանակին 2017 թվականի ընտրությունների արդյունքները եւ ճանաչել եք դրանք փաստացի։**



-Մենք ինչի՞ չենք վիճարկել, մենք ասել ենք՝ մենք արձանագրում ենք, որ ընտրակաշառքներով է տեղի ունեցել, եւ մենք ասել ենք, որ պետք է էդ իշխանությունը հեռանա, էդ իշխանությունը կհեռանա, եւ տասնյակ անգամ ձեր ներկայությամբ ասել եմ, որ ինձ համարում եմ էդ պրոցեսի երաշխավորը եւ ձեր աչքի առաջ երաշխավորում եմ այդ գործընթացը։



**-Իսկ ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով, որ սահմանադրական լինի պրոցեսը։**



-Ձեր ասածը գիտե՞ք ինչի ա նման, նման ա, որ ասեք՝ ինչի՞ չեք դիմում Սահմանադրական դատարան, ենթադրենք, միջնադարում տեղի ունեցած մի որեւէ իրադարձություն փոխելու կապակցությամբ։



**-Բայց չէ՞ որ այսօր տասը տարվա վաղեմության գործեր են բացում, օրինակ՝ Ալրաղացի Լյովիկի նկատմամբ տասը տարվա դեպքի համար քրեական գործ են հարուցել։**



-Քրեական իրավունքն ուրիշ բան է, քաղաքական իրողությունն ուրիշ բան է։ Ես չեմ պատրաստվում Սահմանադրական դատարան դիմել մի հարցով, որտեղ պիտի վիճարկվի իրականությունը։ Իրականությունն այն է, որ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել։



**-Պարոն Փաշինյան, ասում են՝ մտավախություն ունեք, որ Ձեր վարկանիշը կիջնի, ժողովրդի մոտ ձմռանը դժգոհություն կառաջանա, դրա համար եք շտապում ընտրությունների հարցում։**



-Հիմա կարող եմ Ձեզ խորհուրդ տալ հետեւյալը, որ բացեք եւ կարդաք մայիսին վերլուծաբանների բազմաթիվ վերլուծություններ, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշն անկում է ապրելու, գահավիժելու է եւ այլն, եւ այլն։ Փաստորեն, մի քանի օր առաջ տեղի է ունեցել հարցում, եւ պարզվել է, որ ժողովրդի վստահությունը՝ պետության ղեկավարի նկատմամբ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ բարձր է։



**-Առջեւում ձմեռ է, գազի, էլեկտրաէներգիայի գները չեն իջնելու, սոցիալական խնդիրները կարող են գլուխ բարձրացնել։**



-Այո, սոցիալական խնդիրներն էսօր էլ են գլուխ բարձրացրել, եւ ես ասում եմ, որ քանի դեռ էս բարիկադային վիճակից դուրս չենք եկել, սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին շատ լուրջ բարդություններ են առաջանալու։



**-Այսօր խորհրդարանը խոչընդոտո՞ւմ է կառավարության աշխատանքին։**



-Դե, խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել։



**-Բայց դե յուրե ձեր ուղարկած օրենքներն է ընդունում։**



-Դե, գիտե՞ք, մեզ կնոպկա սեղմող խորհրդարան պետք չի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**