Ազնավուրն այլևս մեզ չի լքի

Ազնավուրն այլևս մեզ չի լքի
Երեկ Փարիզի հաշմանդամների պալատում (Hotel des Invalides) տեղի ունեցավ աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետը, հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ՝ Միրեյ Մաթյո, Ժան Պոլ Բելմոնդո, Յուրի Ջորկայեֆ եւ այլք։ Հայաստանից նույնպես պատվիրակություն էր մեկնել Փարիզ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը՝ իրենց տիկնանց հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։



Հոգեհանգստի արարողությունը կազմակերպված էր զուսպ, համեստ եւ քաղաքակիրթ ձեւով։ Նախ Ֆրանսիայի Ազգային գվարդիայի նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային օրհներգները, որից հետո Շառլ Ազնավուրի աճյունը ներս բերվեց «Դլե յամանի» եւ դուդուկի հնչյունների ներքո՝ պատված Ֆրանսիայի դրոշով։ Հայկական եռագույնը ներկա էր արդեն ծաղկեպսակի տեսքով։



«Դլե յամանից» հետո ֆրանսիացու կատարմամբ հնչեց անչափ հուզիչ մի կատարում՝ «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» երգը։ Դրանով կարծես Ֆրանսիան հարգանքի տուրք տվեց ոչ միայն Ազնավուրին, այլ նաեւ հայ ազգին ու ժողովրդին։ Իսկ արդեն արարողության ավարտին Ազնավուրի աճյունը դուրս բերվեց նրա «Տարեք ինձ» հանրահայտ երգի հնչյունների ներքո։ Չեղան նաեւ երկար ու պաթետիկ ճառեր, հոգեհանգստի արարողությունը սահմանափակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթներով։



Եթե **Նիկոլ Փաշինյանն** իր ելույթում խոսեց հիմնականում Ազնավուր հայի մասին, Մակրոնը խոսեց Ազնավուր պոետի եւ մարդու մասին։ Փաշինյանն իր ելույթը սկսեց հեղափոխական հռետորիկայով, ինչը քիչ անց քննարկման առարկա դարձավ նաեւ սոցցանցերում։ Վարչապետի խոսքն ուղղված էր թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին: Նա մասնավորապես խոսեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ազնավուրի նախնիների եւ նրա անցած ճանապարհի մասին՝ իր ելույթում անելով նաեւ կենսագրական շեշտադրումներ․ «Շառլ Ազնավուրի նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, դեգերեցին աշխարհում եւ, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթեւան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որը հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր»։



Օգտվելով բազմամիլիոնանոց հեռուստալսարանի հնարավորությունից՝ Փաշինյանն իր ելույթում եւս մեկ անգամ խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ այս անգամ դիմելով Մակրոնին․ «Ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը եւ բոլոր ֆրանսիացիներին՝ ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար»։



Փաշինյանը չմոռացավ շեշտել նաեւ Ազնավուրի աջակցությունը թավշյա հեղափոխությանը՝ դրանով խոսելով նաեւ Հայաստանում ստեղծված նոր իրողության մասին, մի հանգամանք, որը վերջին ամիսներին հայտնվել է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում․ «Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ եւ ինձ ուղղված վերջին նամակում, մասնավորապես, գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը եւ ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձեւավորելու են մեր ազգի գալիքը»։ Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթնաժողովի առիթով, եւ նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին»։



Ազգային ոգով համեմված Փաշինյանի ելույթին հաջորդեց էմոցիոնալ լիցքերով հարուստ **Էմանուել Մակրոնի** ելույթը, որն իր մեջ համամարդկային ուղերձ էր կրում․ «Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցնում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին Շառլ Ազնավուրը մեզ մեկնեց սփոփիչ հայելին` իր ստեղծագործություններով, որով նա երկար տարիներ մեր կյանքն ավելի մեղմացրեց, օգնեց դիմակայել կյանքի մարտահրավերներին»։



Մակրոնը խոսեց նաեւ Ազնավուր մարդու մարդկային դիմանկարի եւ Հայաստան կապի մասին․ «Բոլոր առաքելություններից նա նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին եւ անծանոթներին, նա հավատարիմ էր նաեւ Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաեւ այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին։ …Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ, որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք»։



Մակրոնն իր ելույթն ամփոփեց՝ խոսելով Ազնավուր պոետի մասին, ում երբեք Ֆրանսիան ու աշխարհը չի մոռանա․ «Ազնավուրի երգերն առաջին հերթին բանաստեղծություններ են, որոնց բառերը գնում են դեպի մեր սիրտը, այդ բանաստեղծությունների վերնագրերը եւ երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն: Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, եւ մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլեւս նա մեզ չի լքի, որովհետեւ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»։



Փարիզում ընթացող Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը զուգահեռաբար ցուցադրվում էր նաեւ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակի մեծ էկրանին, որտեղ, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների եւ օտարերկրացիների, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Քաղաքացիները շարունակում էին Ազնավուրի հրապարակ գալ ծաղիկներով եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել մեծն հային։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**