Հրազդանում առաջադրվել են 4 թեկնածուներ, Սոլակում՝ 3

Հրազդանում առաջադրվել են 4 թեկնածուներ, Սոլակում՝ 3
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը Հրազդանում առաջադրվել են 4 թեկնածուներ, իսկ Սոլակ համայնքում 3-ն են. «Այս պահի դրությամբ Սոլակ համայնքից առաջադրվել են 3 թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնառաջադրմամբ։ Էդգար Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոման Դանիելյանը: Հրազդանում ինքնառաջադրվել են 4 թեկնածուներ՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանը, Լեւոն Ստեփանյանը, նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Դավիթ Քոչարյանը եւ Մանվել Պողոսյանը:



Տարածքային հանձնաժողովից տեղեկացանք, որ թեկնածուների առաջադրումը նախատեսված է սեպտեմբերի 26-30-ը, որից հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կլինի թեկնածուների գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, ավարտվելու է հոկտեմբերի 19-ին:



Նելլի Կարապետյան