Անհոգ քաղաքապետը կհայտնվի դատարանում

Անհոգ քաղաքապետը կհայտնվի դատարանում
Օրեր առաջ Հրազդանի նախկին քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե չի՞ մտահոգվում, որ իր դեմ քրեական գործ են հարուցել, վստահաբար ասաց, որ մտահոգություն չունի: Հրազդանի քաղաքապետարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի: Համայնքապետարանի ներկայացուցիչ Մխիթար Բեգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանին տված վնասի չափը կազմում է մոտ 3 միլիոն դրամ, գործն էլ քննելու է դատավոր Արիստակես Սիսակյանի կողմից. «Քաղաքապետարանի հարկային բաժնի պետ՝ Սամվել Գրիգորյան մի քանի տարի արձակուրդ չի գնացել, եւ այդ տարիների ընթացքում արձակուրդայինը կուտակվել է: Երբ դիմում է գրել աշխատանքից ազատվելու, վերջնահաշվարկի հետ միաժամանակ նաեւ այդ արձակուրդայինն է պահանջել, քաղաքապետարանի կողմից տրամադրվել է: Քաղաքապետարանը գտնում է, որ նախկին քաղաքապետը կարող էր իր աշխատողին ամեն տարի ուղարկել արձակուրդ, եւ համայնքի բյուջեն այս պահին այդքան վնաս չկրեր: Կան էլի աշխատակիցներ, որոնց համար պատրաստվում ենք նույն հիմքով դատարան դիմել»:



17 տարի Հրազդան համայնքը ղեկավարած նախկին քաղաքապետը ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից է: Նրա պաշտոնավարման տարիներին միշտ էլ բարձարձայնվել է չարաշահումների եւ խախտումների մասին: Դեռ 2 տարի առաջ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը քաղաքապետին մեղադրում է համայնքի բյուջեն մսխելու մեջ՝ մասնավորապես տարիներ շարունակ հարկերը չհավաքագրելու, անտեղի հաստիքներ պահելու համար: Այդ ժամանակ հարուցվեց քրեական գործ՝ 308 հոդվածով: Սակայն ՀՀԿ-ի թեթեւ ձեռքով քրեական գործը կարճվեց:



Հուլիսի 2-ին քաղաքապետի հրաժարականից հետո Հրազդանի համայնքապետարանում ստուգումներ իրականացվեցին Կոտայքի մարզպետարանի կողմից: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքները այդքան էլ չէր գոհացրել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, եւ նա ժողով էր հրավիրել եւ մարզպետարանի աուդիտի բաժնին զգուշացրել, որ աուդիտ լավ չեն իրականացրել: Մարզպետարանի ստուգումներից հետո քաղաքապետարանում հաջորդում է արտաքին աուդիտը, որն էլ լուրջ խախտումներ է հայտնաբերել քաղաքապետարանում: Չի բացառվում, որ այս անգամ նախկին քաղաքապետին չի հաջողվի ջրից չոր դուրս գալ:



**Նելլի Կարապետյան**