Սպառվել է վատը վատթարով փոխարինելու ռեսուրսը

Սպառվել է վատը վատթարով փոխարինելու ռեսուրսը
Պետական կառավարումն արդյունավետ կազմակերպելու հարցում շատ կարեւոր է, որ պետական մեքենայի բոլոր՝ ստորին, միջին եւ վերին օղակները համալրված լինեն կառավարման ոլորտի որակյալ, օրինակելի ու հմուտ մասնագետներով։ Պետական համակարգ մուտք գործելը հատկապես նշանակովի պաշտոններում պետք է անհասանելի լինի դիլետանտների եւ անփորձ ու ոլորտից հեռու գտնվողների համար, քանի որ նրանց՝ ոլորտի ոչ մասնագետ լինելը կարող է բացասաբար ազդել եւ վերջնարդյունքում հարվածի տակ դնել պետական ամբողջ համակարգն ընդհանրապես։ Շատ կարեւոր է նաեւ պետական ծառայության նկատմամբ հարգանքի գործոնը եւ այդ ծառայությանը ոչ թե որպես հաճույք, ինքնահաստատման ու բարեկեցության երաշխիք դիտարկելը, այլ գիտակցումը, որ ծառայությունն այդ մեծագույն պատասխանատվություն է ինչպես պետության, այնպես էլ դրա յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Ուստի՝ այս կամ այն պաշտոնին հավակնելիս կամ այն ստանձնելու առաջարկ ստանալիս հարկ է ծանրութեթեւ անել առաջարկն ու ինքդ քեզ այս հարցը տալը՝ պատրա՞ստ ես մտնել նման բեռի տակ ու պատվով տանել այդ բեռի ողջ ծանրությունը, դիմագրավել ռիսկերին ու անհաղթահարելի ուժի՝ ֆորսմաժորի գործոնին։ Չնչին կասկածի դեպքում անգամ հարկ է հենց «գլխանց» հրաժարվել առաջարկից ու փրկել ինքզինքն անխուսափելի խայտառակությունից, ապաշնորհ պաշտոնյայի պիտակ վաստակելուց եւ, ամենակարեւորը՝ պետությանը ապահովագրել հասցվելիք ծառայողական պոտենցիալ վնասից։



Սերժ Սարգսյանի անփառունակ հրաժարականից ու հեռացումից հետո միեւնույն հարցի շուրջ եմ խորհում՝ արդյոք նրան կվիճակվե՞ր այդ ճակատագիրը, եթե նա կարողանար ճիշտ ժամանակին զսպել իր իշխանական ամբիցիաներն ու պաշտպանության նախարարի պաշտոնը չփոխեր վարչապետի, հետո էլ՝ նախագահի պաշտոնի հետ, 10 տարի երկիրը չտաներ կառավարման այն հունով, որը հղի էր արտագաղթի, աղքատության, կոռուպցիայի, դեմոկրատական ինստիտուտների հետընթացի ու միջազգային հեղինակության անկմամբ, ապաեւ իդեաֆիքս չդարձներ վարչապետի կարգավիճակում հավերժանալն ու անպարտելի լինելը։ Պաշտպանության նախարարությունը, որն իր գոյության ընթացքում անխուսափելիորեն բախվել է տարատեսակ խնդիրների եւ բազում խոցեր ու բացեր է ունեցել, գուցե ավելի կայացած, օրինակելի ու ամրակուռ կառույց լիներ, քան հիմա է, եթե Սերժ Սարգսյանը չձգտեր նախագահի աթոռին, գուցե վերջինիս՝ պաշտպանական գերատեսչության առաջին դեմքը լինելը կանխեր նաեւ ապրիլյան պատերազմը՝ իր ցավալի նյութական եւ մարդկային կորուստներով, եւ դրանից հետո բանակն արդիականացնելու, «Ազգ-բանակ» կոնցեպտի կարիք այլեւս չլիներ։ Գուցե։



Կադրային սխալ եւ չհաշվարկված քաղաքականության, ինչու չէ՝ նաեւ պետական ծառայության նկատմամբ որոշ պաշտոնյաների ոչ ադեկվատ հավակնությունների մասին խոսվել է գրեթե միշտ, ՀՀ բոլոր կառավարությունների օրոք եւ եթե անգամ ի լուր հանրության չի բարձրաձայնվել այդ մասին, ապա որոշ առանցքային պաշտոններում հաճախակի նկատվող փոփոխությունները դրա մասին են վկայում։ Կյանքի առաջընթացն ու դրանով պայմանավորված հանրային պահանջմունքներն ու պահանջները պետությունից ստիպում են վերանայել այս կամ այն պաշտոնում կատարված նշանակումները, սակայն արդյոք հին պետին փոխարինելու եկած նորն է՞լ ավելի հմուտ ու պրոֆեսիոնալ է եւ կարող է աշխատել ավելի արդյունավետ ու տքնաջան։ Մեզանում առկա փորձը, սակայն, ցույց է տալիս, որ դա ոչ միշտ է այդպես։ Օրինակ, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը փոխարինեց Կարեն Կարապետյանով, դա եթե ոչ պաշտոնապես, ապա տարերայնորեն հիմնավորվեց Արգամիչի կառավարության ոչ արդյունավետ աշխատանքով (որքան էլ Կարապետյանին վարչապետ նշանակելու նպատակն ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն նոր դեմքով մատուցելն էր)։ Նոր վարչապետի նշանակումը շարքային քաղաքացուն մատուցվեց որպես երաշխիք, որ այլեւս նախկինի պես վատ չի ապրելու, արժանապատիվ թոշակ ու աշխատավարձ է ստանալու, իր իրավունքները պաշտպանված են լինելու եւ այլն։



Մարդը, չմոռանանք, ռացիոնալ էակ է եւ բոլոր կառավարություններից ունի միեւնույն ակնկալիքը՝ այնպիսի պայմանների ստեղծում, որ հնարավոր լինի քիչ աշխատել, շատ վաստակել եւ երկար վայելել կյանքը։ Սակայն Կարապետյանի պաշտոնավարման մեկուկես տարիները լավ ապրելու իլյուզիան ոչ միայ ի չիք դարձրին, այլեւ հասունացրին թավշա հեղափոխությունը։ Այդ հեղափոխության միջոցով ձեւավորված նոր կառավարությունը, սակայն, թե՛ իր կադրային, թե՛ տնտեսական քաղաքականությամբ առայժմ չի վազանցել նախկիններին, եւ համեմատությունը նախկինների հետ հաստատ նոր կառավարության օգտին չի խոսում։ Գործող վարչապետը ոչ միայն հանճարեղ տնտեսագետ չէ, այլեւ տնտեսագետ չէ ընդհանրապես եւ, բացի այդ՝ կառավարչական հմտություններով ու դիվանագիտական շարժուձեւով չի գերազանցում նախկիններին, եւ ոչ էլ նրա կառավարության անդամների մասնագիտական որակներն ու փորձն են բարձր նշաձողեր ապահովում։ Օրումեջ հրամցվող կոռուպցիոն բացահայտումները մի՞թե լավացնում են շարքային քաղաքացիների կյանքի որակը, բավարարում նրանց կենսական պահանջմունքները, կուշտ եւ ապահով լինելու զգացում ապահովում, կարճ ասած՝ արյան մեջ ավելացնում էնդորֆինի քանակը։ Անհերքելի է, որ Փաշինյանի պիլոտային կառավարությանը «ներել, տանել, սիրելու» միակ ռեսուրսը հանրային աջակցության այն պաշարն է, որը ստիպում է շատերին վատը լավ տեսնել, գերանը՝ փուշ, ուղտը՝ լու․․․։ Սակայն այդ՝ օրըստօրե մաշվող պաշարը շատ շուտով փոխակերպվելու է պահանջատիրության եւ սրությամբ է դրվելու արտահերթ ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարության առաջ, որը, եթե լինելու է ներկայիս կառավարության իրավահաջորդը, այլ ոչ իսկապես պրոֆեսիոնալների կառավարություն, իսկ տնտեսական նոր քաղաքականության ելման կետն էլ կրկին լինելու է «տնտեսության վիճակը շատ ծանր է» ախտորոշումը, ապա զուր էին հեղափոխությունն ու «կախարդական փայտիկի» գտնված լինելու մասին Փաշինյանի պնդումները։ Վատը վատթարով փոխարինելու ռեսուրսը վաղուց արդեն սպառվել է։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**