Ուկրաինական լրատվամիջոցը հայաստանյան զարգացումներն է ամփոփում․ Ում են «նստեցնում» Հայաստանում

Ուկրաինական լրատվամիջոցը հայաստանյան զարգացումներն է ամփոփում․ Ում են «նստեցնում» Հայաստանում
Հայաստանում շարունակվում են նախկին իշխանությունների հանդեպ իրականացվող աննախադեպ հետապնդումները։ Երեւույթը նոր է երկրի նորագույն պատմության մեջ, քանի որ ազգակցակլանային կապերն այստեղ դարձել են սոցիալական մշակույթի մաս։ «Совершенно секретно»-ն փորձել է ներկայացնել այս ամենի հետ կապված իր մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։



«Տեսախցիկը թափառում է մեծ տան գետնահարկում։ Խավարի մեջ ֆիքսվում են սննդամթերքով լցված արկղերը՝ խտացրած կաթ, մսային պահածոներ, այլ պահածոներ եւ սննդատեսակներ՝ թղթե արկղերի մեջ դրված։ Գետնահարկը նման է խանութի պահեստի։ Սննդամթերքի աջ եւ ձախ կողմերում թանկարժեք մի քանի ավտոմեքենաներ կան։ Սա մի դրվագ է գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկությունից։ Մանվել Գրիգորյանը Ադրբեջանի դեմ պատերազմի հերոս է, ով նաեւ ԱԺ պատգամավոր է։ Այս նկարահանումը ցնցեց ողջ Հայաստանը։



Գեներալը իր սեփական տանը գտնվող գազանանոցի կենդանիներին կերակրել է այն սնունդով, որը նախատեսված էր զինվորների համար, եւ որը ուղարկվել էր ճակատ՝ որպես հումանիտար օգնություն։ Հայաստանի նախկին իշխանավորների հետապնդումների սյուժեների մեծամասնությունը կապված է կոռուպցիայի հետ։ Սակայն օրեցօր ավելի ու ավելի է ընդգծվում քաղաքական սյուժեի արդիականությունը։ Ընթացիկ տարվա հուլիսի 3-ին հայտարարվեց հետախուզում նախկին Պնախարար Միքայել Հարությունյանի հանդեպ։ Նա մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի գործով, այսինքն մեղադրվում է արդեն 10 տարվա վաղեմության գործով, երբ իշխանությունների գործողությունները հանգեցրել էին ցուցարարների շրջանում զոհերի։ Նույն օրվա երեկոյան եւս մեկ կարեւոր նորության մասին հայտարարվեց։ Նույն գործով կհարցաքննվի նաեւ երկրի նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը։ Այլ հարուցված քրեական գործերի շարքում հատկապես առանձնանում են նրանք, որոնք կապված են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ապօրինի հարստացման դեպքերի հետ։ Նրա եղբորից, զարմիկից եւ զարմուհուց հուլիսի 2-ին չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել։ Նրա եղբոր՝ Լեւոն Սարգսյանի բնակարանի խուզարկությունից, որտեղ ապրում են նաեւ նրա զարմիկն ու զարմուհին՝ Նարեկն ու Անին, հայտնաբերվել եւ առգրավել են չհայտարարագրված բանկային հաշիվների մասին պայմանագրեր ընդհանուր առմամբ 6,8 միլիոն դոլարի։ Հետո, իհարկե, նրանք բոլորն էլ ձերբակալվում են։ Ամենից աղմկահարույցը, սակայն, Մանվել Գրիգորյանի տան խուզարկությունն էր ուղիղ եթերում եւ ապա՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը։ Նշենք, որ նա համարվում էր, իհարկե ոչ պաշտոնապես, Էջմիածին քաղաքի տերը, իսկ նրա որդին հանդիսանում էր նույն քաղաքի քաղաքապետը։ Հայերի համար Էջմիածինն ունի նվիրական նշանակություն որպես հոգեւոր-կրոնական մայրաքաղաք եւ մշակութային կենտրոն։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանի դուստրը դատավոր է։



**Վերջին օլիգարխը**



Ընթացող եւ ընթանալիք բոլոր պրոցեսների մեջ քաղաքական իմաստով ամենից արժեքավորը կարող է լինել ճնշումը Գագիկ Ծառուկյանի վրա, ով հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր օլիգարխը։ Հուլիսի 3-ին ինչ-որ միջադեպի ժամանակ անձին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվեց Ծառուկյանի թիկնազորի պետը։ Տուժողը հայտարարել էր, որ առաջին հարվածը նրան հասցրել է անձամբ Ծառուկյանը։ Հնարավոր է, որ այդ գործում լինի քաղաքական աստառ, ամեն դեպքում Ծառուկյանի ազդեցությունը պետական գործերում նվազեցնելու համար, ինչը կարեւոր է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ «Ի տարբերություն մյուսների, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ով աջակցել է Փաշինյանին։ Սակայն հիմա տեսնում ենք, որ կան քննչական գործողություններ նաեւ նրա հանդեպ, ինչը ցույց է տալիս, որ ներկայիս կառավարող վերնախավի ներսում կա պայքար»,- «Совершенно секретно»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ջոննի Մելիքյանը։ «Առջեւում պառլամենտական ընտրություններ են, որոնք տեղի կունենան ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա սկզբին։Հեղափոխական էյֆորիան հիմա արդեն նստում է, իսկ հացի բանը, էսպես ասած, դեռ բարդ է։ Բարեփոխումները, որոնք դեռ միայն պետք է անցկացվեն, կարող են տալ արդյունքներ միայն միջին ժամկետայնության հեռանկարում։ Ուրեմն մնում է մի բան՝ տեսարանները։ Ու հիմա խնդիր է դրվում պահպանել ամեն կերպ նոր իշխանությունների հեղինակությունը՝ ցույց տալով, թե իրականում որքան կոռումպացված է եղել նախկին իշխանությունը»,- շարունակում է Մելիքյանը։



**«Նայողներին» պետք է վերացնել**



Հայաստանում բավական յուրատեսակ եւ քրեականացված համակարգ է ձեւավորվել՝ կապված քաղաքական եւ տնտեսական ազդեցությունների բաշխման հետ։ Ինչ-որ կերպ այն նման է իրական կյանքի այն համակարգին, որը գոյություն ունի Ռուսաստանի հարավային ռեգիոններում, ինչպես, օրինակ, Դաղստանում կամ Կրասնոդարում։ Գրեթե նույնական է իրավիճակը նաեւ Ադրբեջանում։ Նույն կերպ էլ իր բռան մեջ էր պահում Էջմիածինը գեներալ Մանվել Գրիգորյանը։ Ճիշտ նույն կերպ է տեղի ունեցել Հայաստանի տարածքային-քաղաքական բաժանումը, որը բավական նման է ֆեոդալական կալվածատիրական համակարգին։Այս իրականությունը պահպանվել է երկար ժամանակ շնորհիվ երկրի մասշտաբների, էլիտայի մեջ մտնող խմբերի միջեւ առկա սերտ կապերի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին միգրացիայի։ Այս ամենը մի տեսակ անբնական է հայկական իրականության համար։ Ուստի հարց է առաջանում, իսկ մինչեւ ուր է ձգվելու Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարը եւ որտեղ է լինելու դրա սահմանը։ Արդյոք այս ամենը կարող են բերել Հայաստանում ձեւավորել սոցիալական նոր մշակույթ եւ ավելի քաղաքակիրթ դարձնել կյանքը Հայաստանում, թե պարզապես ազդեցությունների վերաբաշխման ականատեսն ենք լինում։ «Հայաստանը երկար ժամանակ մի այնպիսի համակարգով էր ապրում, երբ ամեն մի մարզ, ամեն մի քաղաք կամ գյուղ ուներ իր «նայողը», իր իշխանիկը, տերը, անձը, ով ղեկավարում էր բացարձակապես բոլոր պրոցեսները եւ կարող էր իր անձնական իշխանությունը օգտագործել այնպես, ինչպես կկամենար։ Հիմա այդ համակարգը քանդվում է եւ մեկը մյուսի հետեւից հեռանում են քաղաքապետները, գյուղապետներն ու մարզային իշխանությունների ղեկավարները, եւ չափազանց կարեւոր է, թե ինչ համակարգ է գալու նրանց փոխարինելու համար։ Ու այստեղ կրկին առաջ է գալիս ազատ, արդար եւ ազնիվ ընտրությունների հարցը։ Եթե ներկայիս իշխանությունները ունենան բավարար քաղաքական կամք բոլոր մակարդակներում ազատ, արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու, ապա հին համակարգը բոլորովին կքանդվի»,- նկատում է լրագրող Արթուր Խաչատրյանը։



**Վրացական սցենար**



Հայաստանի կոռումպացված վերնախավի կործանումը եղավ գրեթե 15 տարի ուշ, քան Վրաստանում, սակայն ակնհայտորեն ավելի շուտ, քան կարող է լինել Ադրբեջանում, որտեղ նման բան հնարավոր է, որ նույնիսկ երբեւէ տեղի չունենան էլ։ Չնայած, որ կան ընդհանրություններ Վրաստանի հետ, սակայն կարելի է զուգահեռներ անցկացնել նաեւ դաղստանյան իրականության հետ, որտեղ ռեպրեսիաների է ենթարկվում տեղական իշխանության վերին շրջանակը։ Ընդհանրություններ շատ կան։ Երկու դեպքում էլ կամաց-կամաց նոր իշխանությունները սեղմում են օղակը նախկին առաջին դեմքերի՝ Սերժ Սարգսյանի եւ Ռամազան Աբդուլատիպովի շուրջ։ Թեեւ պաշտոնապես չի հայտաարվել, որ կանխվել է Ռամազանի եղբոր՝ Ռաջաբ Աբդուլատիպովի փախուստը Ռուսաստանից։ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլու հակակոռուպցիոն քաղաքականությունը իրապես նշանակալի էր, որով վերացվեց 90-ականների ժառանգությունը Վրաստանից։ Սակայն շատ արագ էլ այնտեղ տեղի ունեցան կողմնակի երեւույթներ՝ լիդեր դարձավ բռնապետ, երկիրը հայտնվեց իրապես ստալինյան ռեպրեսիաների շեմին, սակայն Վրաստանում իրավիճակն ավելի նպաստավոր էր, քան Հայաստանում, քանի որ տնտեսությունն ավելի մրցունակ էր, ձեւավորվել էր միջին դասի սեփականատերերի դասակարգը, այնքան դրամատիկ չէին միգրացիոն երեւույթները։ Ակտիվ բնակչությունը դարձել էր բարեփոխումների հիմնական հենարանը։ Քաղաքագետ Ջոննի Մելիքյանը կարծում է, որ համեմատությունները մի փոքր սխալ են, քանի որ այն ժամանակված Վրաստանը եւ այժմյան Հայաստանը տարբեր են շատ։ Այն ժամանակվա Վրաստանը, որը անվանում են նաեւ ուշ շրջանի Շեւարնաձեի Վրաստան, կայացած պետություն չէր, չուներ կայացած պետական համակարգ, տնտեսությունը ճգնաժամի մեջ էր, էներգետիկական խնդիրներ կային եւ այլն։ Հայաստանն այսօր ամեն դեպքում կայուն տնտեսություն ունի եւ ավելի առաջ է։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի կառավարությունն այս իմաստով ավելի բարենպաստ վիճակում է, քան Վրաստանում Սահակաշվիլին իր մեկնարկի փուլում։ Այժմ հակակոռուպցիոն պայքարի արդյունքները ամրագրելու համար Փաշինյանը պետք է ռեալ փոփոխություններ մտցնի ժողովրդի կյանքի մեջ եւ կտրուկ կոռուպցիոն պայքարը կարող է բերել հակառակ էֆեկտի, ուստի պետք է ամեն կերպ տնտեսության մեջ փող դնել եւ բարելավել բնակչության կենսամակարդակը։



**Անտոն Կրիվենյուկ**