«Կիսաբաց լուսամուտները» նոր եթերաշրջանում եթերում չի լինի՞

«Կիսաբաց լուսամուտները» նոր եթերաշրջանում եթերում չի լինի՞
Մոտ 2 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում չպետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որտեղ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս կհանեն՝ նկատի ունենալով «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուին։ «Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է... Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն: Մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը։



Ի պատասխան այս հայտարարության՝ հաղորդման հեղինակ եւ վարող Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե լավ չի պատկերացնո՞ւմ, որ երկրի վարչապետ է ընտրվել․ «Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը: Պրն. վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս իրական Հայաստանը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ «Կիսաբաց Լուսամուտները» պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին»։



Մենք փորձեցինք «Պանարմենիան մեդիա գրուպ»-ից ճշտել՝ այդ հայտարարությունից հետո քննարկում եղե՞լ է, շարունակելո՞ւ է հաղորդումը եթեր հեռարձակվել եւ արդյոք վարչապետի ելույթից հետո որոշակի հետեւություններ արե՞լ են։



Այնտեղից մեզ միայն պատասխանեցին․ «Աշնանային եթերաշրջանի հաղորդացանկը դեռ պատրաստ չէ եւ այս պահին անհայտ է, թե որ ծրագիրը կլինի եթերում, իսկ որը` ոչ»:



Նրանք հրաժարվեցին մյուս հարցերին պատասխանել՝ նշելով, որ այս պահին միայն այդքանը կարող են ասել։