Տասը տարի ՀՀԿ-ի հալածանքներին եմ ենթարկվում

Տասը տարի ՀՀԿ-ի հալածանքներին եմ ենթարկվում
Ժողովրդական շարժման հաղթանակից հետո լուրեր կան, որ ՀՀԿ-ական գյուղապետերի շրջանում մեծ աժիոտաժ է տիրում։ Եթե ոմանք Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո կուսակցությունից հեռանալու դիմումներ են գրել, ապա ստվար զանգված դեռ մնում է․ մի մասը դեռ հույս ունի, որ ՀՀԿ-ն կվերադառնա, մյուսներն ամաչում են ճամբարափոխի պիտակ ձեռք բերելուց։ Համայնքապետերի տրամադրություններին ծանոթանալու համար զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։



Արագածոտնի Մաստարա համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Սարգիս Ավետիսյանը որոշեց, որ մեր «գործը» չէ պարզելը՝ ինքը շարունակելո՞ւ է ճանապարհը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուղիով է շարժվելու։ «Ամեն ինչ նորմալ աշխատում ենք, հիմա Ձեր ի՞նչ գործ՝ ինչ կանենք։ Սաղ լավ ա։ Գյուղում խոտքաղ ա, մարդիկ՝ իրանց հոգսերով»։ Մաստարայի համայնքապետը «հոգի է դրել» գյուղի վրա, վստահ է՝ համայնքի բնակիչներն իր հրաժարականը չեն պահանջի, ինչպես որոշ համայնքներում․ «Էդ կուսակցությունը չեմ կարծում ինչ-որ բանի պիտի խանգարի։ Չե՞ք լսել, որ տարածքային կառավարման նախարարն էլ ասաց՝ կուսակցությունը կապ չունի, պիտի լավ աշխատենք»։



**Սարգիս Ավետիսյանը** չգիտի՝ ինքը ՀՀԿ-ի գաղափարական հետեւորդների՞ց է, թե՞ ոչ։ «Ի՞նչ գաղափարական»,- հարցին հարցով պատասխանեց նա՝ շարունակելով․ «Դու ինձ մեր գյուղի հոգսերից հարցրու, թե չէ ես ինչ գիտեմ՝ գաղափարական, եսիմինչ»։ Նա պնդում է, որ կուսակցական պատկանելությունը որեւէ բան չի փոխում, իսկ թե ինչու է անդամակցել ՀՀԿ-ին, չմեկնաբանեց։ Չի՞ որոշել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին որ կուսակցությանն է աջակցելու։ «Որին աջակցի ժողովրդի մեծամասնությունը, նրան էլ ես կաջակցեմ»։



Նույն մարզի Իրինդի ՀՀԿ-ական գյուղապետ **Բարսեղ Հեբոյանն** էլ հարցին հարցով պատասխանեց․ «Իմաստը ո՞րն է՝ կուսակցություն փոխել կամ չփոխել։ Իմ համար ո՛չ նախկինում է իմաստավոր եղել, ո՛չ հիմա։ Ես ծառայել ու ծառայելու եմ իմ գյուղին»։ Իսկ բացառո՞ւմ է, որ կհրաժարվի ՀՀԿ անդամատոմսից։ «Ես ո՛չ կարող եմ բացառել, ո՛չ չբացառել, ոչ մի բան չեմ մտածել»։ Հեբոյանը չի էլ մտածել, թե ինչու ՀՀԿ-ն հայտնվեց այս վիճակում եւ ունի՞ շանս վերադառնալու իշխանության, ինքը ժողովրդի կողքին է, ժողովրդին է ծառայում, ոնց կորոշի ժողովուրդը, ինքը ՀՀԿ-ի գաղափարախոսությունն առաջ մղել չի պատրաստվում․ «Ես ժամանակ ունե՞մ սարից գյուղ իջնեմ, մի հատ էլ գաղափարական… Ես գյուղի հարցերն եմ լուծում, ժամանակ ունե՞մ ինչ-որ բան։ Ես Ձեզ ուրեմն ասեմ՝ 2000 թվականից ՀՀԿ անդամ եմ եղել, ու էդ կուսակցությունը ո՛չ ինձ խանգարել ա, ո՛չ էլ, ոչ էլ ես հաշվի եմ առել՝ ինչ-որ կուսակցական լինեն, թե չլինեն։ Կարեւորը նա է, որ մարդ աշխատի»։ Ինքը չի դավաճանելու իր կուսակցությանը․ «Ես ո՛չ իմ երկրին, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ կուսակցությանը չեմ դավաճանի»։



Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորի ղեկավար **Արման Իոնանովի** կենսագրական տվյալներում թեպետ նշված է ՀՀԿ-ական, սակայն նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ԲՀԿ-ական է՝ շուրջ երեք տարի։ Թե ինչու են ՀՀԿ-ական գրել այդ դեպքում, համայնքապետը շշմեցնող պատասխան տվեց․ «Ինչի Դուք չգիտե՞ք ինչի… Կարող ա՞ գրված լինի՝ Գիտլերի կողմից եմ, ուրեմն ինչ, Դուք ճշտեք, թե ինչ ա գրված»։ Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է տեղափոխվի «ՔՊ»։ «Թող էն մարդիկ դրա մասին մտածեն, որ ինչ-որ ակնկալիք ունեն, ես չունեմ»։



1996-ից նույն մարզի Արաքսավան գյուղական համայնքի ղեկավար **Ատոմ Թադեւոսյանն** էլ ասաց, որ ինքն էն գլխից կամովին չի անդամակցել ՀՀԿ-ին։ ԵԿՄ անդամը Վազգեն Սարգսյանի հորդորով է մտել ՀՀԿ․ «Բայց հետո որ տեսա ինչ եղավ, մի ամիս առաջ դուրս եկա։ Բայց ոչ մի ճամբար գնալու մտադրություն չունեմ, մի անգամ կատարած սխալ քայլս երկրորդ անգամ չեմ կատարի»։ Թե ինչու էր մինչեւ մեկ ամիս առաջ համայնքապետը ՀՀԿ-ի պատանդառուն մնացել, Թադեւոսյանը պատասխանեց․ «Մենք իրենցից լավ գիտենք էդ հարցի պատասխանը»։ Նա վստահ է, որ նոր իշխանությունը գյուղապետերին չի պարտադրի իր համար ձայն հավաքել եւ չեզոքություն պահպանել։

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը տասը տարի ղեկավարած՝ արդեն նախկին ՀՀԿ-ական **Ժորա Մարտիրոսյան**ը մոտ կես ժամ շարունակ դատարկեց սիրտը, ասաց, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ի հալածանքներին է ենթարկվում, ու չնայած ՀՀԿ-ի իշխանությունը տապալվել է, բայց ռեժիմի ներկայացուցիչները դեռ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։ 70-ամյա համայնքապետն ապրիլի 26-ից միացել է համաժողովրդական շարժմանը եւ ՀՀԿ-ից հեռանալու դիմում գրել։



Նա ասաց, որ անցած տասը տարիներին էլ ՀՀԿ-ի հետ կռիվ է տվել, ինչի արդյունքում հայտնվել է որոշ մարդկանց թիրախում, մասնավորապես՝ «Սեւքարի անտառտնտեսության» տնօրեն, ԵԿՄ-ական Աշոտ Երիցյանի, ում հովանավորյալները տարիներ շարունակ պարտվել են Մարտիրոսյանի հետ մրցապայքարում․ «Տասը տարի ինձ հալածել են, այ, էդ նույն ՀՀԿ-ի կուսակիցները։ Ես ՀՀԿ-ից ոչ մի լավ բան չեմ տեսել, ու չասեք ինձ, թե ես շուռ տված եմ, դրա համար եմ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, ես արդարության կողքին եմ, դրա համար եմ կանգնել»։



Համայնքապետը հիշեց, որ 2009-ին կոշտ ելույթ է ունեցել՝ իշխանություններին հիշեցնելով, որ գյուղը սահմանից 8 կիլոմետր է հեռու․ «Ասացի՝ մեզ պիտի պահեք, որ մենք էլ Երեւանը, Հայաստանը պահենք, ասեցի՝ ըտեղ՝ Երեւանումը, մի 15 անգամ մի տեղում ասֆալտ եք անում, մի անգամ էլ ստեղ արեք, էլի, հետո մեզանից հարկ եք ուզում, պիտի մեզ տաք, որ մենք ըստի մնանք։ Էդքանից հետո ինձ կանչեցին-ասեցին՝ քո լեզուդ լավը չի, ինչի՞ ես հակա բաներ խոսում։ Դրանից սկսած՝ ինձ սկսեցին հալածելը ու մինչեւ էսօր, էսօր իմ էրեխին առեւանգման փորձի համար բանտ են նստացրել, արդեն մեկուկես տարի։ Իմ 35 տարեկան տղեն ամուսնանալու նպատակով իրա սիրածի թեւից բռնել ա, ասել՝ նստի ավտոն, տանեմ տուն՝ ամուսնանանք։ Ո՛չ մաշինն ա նստացրել, ո՛չ թակել ա, ո՛չ մի բան, բայց էրեխիս առեւանգելու հոդվածով նստցրին, որովհետեւ էդ աղջկա եղբայրը էդ նույն անտառտնտեսության գողերից ա։ Աշոտ Երիցյանն էլ ասել ա՝ գերան չեմ տա, որ չբողոքեք»։



Ազատամուտի գործող համայնքապետին վերջին ընտրություններին՝ 2 տարի առաջ պարտված Երիցյանի հովանավորյալ Արտեմ Սարիբեկյանի ընտանիքը, գյուղապետի խոսքով, այսօր էլ շարունակում է տեռորն իր ընտանիքի նկատմամբ։ «Մի ամիս առաջ էլ էդ Արտեմ Սարիբեկյանի եղբայրը բահով տվեց կնգանս կրծքին, սաղ վնասել ա։ Տղուս առաջն են կտրել երեք հոգով, որ ծեծեն, կինս մեջ ա ընկել ու հարված կերել։ Երիցյան Աշոտն ինձ հետ երեք անգամ մրցակիցներ ա դրել, անցել չի ու ըտենց թարսվել ա, ես ի՞նչ անեմ՝ 2012 թվականից մինչեւ էսօր իրանք աբիժնիկ են։



Մինչեւ անգամ մաշինով ուզեցել ա ինձ խփի, սպանություն կազմակերպի։ Ազգային ժողովի, այ, էս վերջին ընտրությունների վախտ էլ մի բարձր պաշտոնյա ինձ կանչեց ասեց՝ գնա ընտրություն արա ՀՀԿ-ի օգտին, թե չէ ընտանիքդ կվերացնեմ»,- ասաց համայնքապետը, սակայն չմանրամասնեց, թե ով է իրեն սպառնացողը։ «Ես մեջս մխացի, երկու տղերքիս էլ չասեցի, կնոջս էլ չասեցի։ Ընենց որ՝ էդ ՀՀԿ-ի անունը մի տուր»։ Ազատամուտի գյուղապետն իրավապահներին իր նկատմամբ հալածանքների առիթով չի դիմել, ասում է՝ մենք մարդ «ծախող» չենք։ «Իրանք դիմել են 2012 թվին, մեզ տարել դատարան, 14 հոգով հարձակվել են իմ տան վրա, երեք տղերքիս վրա, հետո սվաղել, մաքուր են հանել իրանց, իմ տղերքին էլ պայմանական տվել։ Մեզ գյուղապետի աթոռը բան չի տվել, ուղղակի մենք թասիբով մարդիկ ենք, վախեցողը չենք»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**