«Հրապարակ»․Ովքեր են ՔԿ նախագահի պաշտոնի հավակնորդները

«Հրապարակ»․Ովքեր են ՔԿ նախագահի պաշտոնի հավակնորդները
Աղվան Հովսեփյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Նա Քննչական կոմիտեն ղեկավարեց 4 տարի, եւ այս ընթացքում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե շուտով թոշակի կգնա, միավորելով քննչական ծառայությունները՝ ղեկավար կնշանակվի ՔԿ պետի տեղակալ Վահագն Հարությունյանը: Սակայն Հայաստանում իշխանափոխություն եղավ, խաղաքարտերը խառնվեցին, եւ Փաշինյանի վարչապետության օրոք Վահագն Հարությունյանի` պաշտոն ստանալու հնարավորությունն առնվազն միֆ է։ Նա եղել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը, անգամ լուրեր կային, թե արտագաղթելու է:



Քննչական կոմիտեում ցանկանում են ղեկավար տեսնել համակարգից մեկին, ով տեղյակ է ոլորտին, տիրապետում է խնդիրներին եւ կարող է աշխատել ղեկավար: Ըստ այդմ, մի խումբ աշխատակիցների կարծիքով՝ լավագույն թեկնածուն Արթուր Ղամբարյանն է, ով աշխատել է դատախազությունում, այժմ ՔԿ նախագահի տեղակալն է, կարգապահական հանձնաժողովի նախագահը: Քննարկվում է նաեւ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական գլխավոր վարչության պետ, ատեստացիոն հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:



Մյուս թեկնածուն էլ Արսեն Այվազյանն է, ով տարիներ ի վեր աշխատել է ոստիկանությունում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քննիչ, բաժնի պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ: Այժմ զբաղեցնում է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը: Նա քավոր-սանիկական հարաբերություններ ունի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:



Նշենք, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ դեռ չեն շտապում աշխատանքից ազատման դիմում գրել, սպասում են, թե ով կփոխարինի Հովսեփյանին, եւ եթե համակարգից մարդ լինի, ըստ ամենայնի՝ փոխադարձ ցանկության պարագայում կաշխատեն: