Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ լրջագույն փոփոխություններ անել

Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ լրջագույն փոփոխություններ անել
Նիկոլ Փաշինյանից այսօր **Hraparak.am**-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ խմբակցությունից գործարարների դուրս գալն ու իր ծրագրին կողմ քվեարկելը կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք լինել նրանց համար, եթե ԱԱԾ-ն որևէ չարաշահում հայտնաբերի նրանց բիզնեսներում։ «ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է, և էդ գործողությունները մինչև վերջ շարունակվելու են և լինելու են։ Եվ այն սկզբունքների շրջանակներում, որ ես իմ ելույթում ասացի»,-ասաց Փաշինյանը։



Մեր դիտարկմանը, թե իր ծրագրում նշված չէ՝ ինչ տնտեսական աճ է ակնկալվում․ աղքատության մակարդակը որքանո՞վ պետք է նվազի, ի՞նչ քայլերով, ի՞նչ թվերով, որևէ հստակություն չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ուրեմն, գիտե՞ք ինչ, մենք էսօր խնդիր ունենք առաջին հերթին գնահատելու մեր տնտեսության ստվերայնության ծավալները։ Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի տոկոս ստվեր ունի։ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս և այդպես շարունակ։



Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել։ Եվ էդ փոփոխություններն իրենք կբերեն արդյուքնների և չեն կարող չբերել արդյունքների»։



Իսկ այն հարցին, որ եթե այս ծրագիրն այսօր ընդունվի, արտահերթ ընտրությունների միակ տարբերակը իր հրաժարականն է լինելու, ե՞րբ սպասենք իր հրաժարականին, Փաշինյանն ասաց․ «Մի տարվա ընթացքում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**