Ալեքսանդր Շագաֆյանը եկել էր ՀՊՏՀ քոլեջ (տեսանյութ)

Ալեքսանդր Շագաֆյանը եկել էր ՀՊՏՀ քոլեջ (տեսանյութ)
Շուրջ 3 օր է, ինչ ՀՊՏՀ ֆինանսատնտեսական քոլեջում դասախոսների ու ուսանողների մասնակցությամբ դասադուլ-ցույցեր են իրականացվում՝ քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանին վերադարձնելու համար։ Բանն այն է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը չի ստորագրել քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանի նշանակումը և շուրջ 11 ամիս Խառատյանը քոլեջը ղեկավարել է որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն պատմությունը ավելի խճճված է, քան թվում է առաջին հայացքից։ Խառատյանը քոլեջի տնօրենի պաշտոնը լքել է սեփական դիմումի համաձայն։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին դասախոսներն ու ուսանողները՝ օրերս ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի վարորդը գալիս է քոլեջ, որի նորաբաց բուֆետում աշխատում է նրա մայրը, և, ինչպես մեզ հետ զրույցում ասաց դասախոսներից մեկը, քոլեջի բակում «ճռիկներ է տվել», Խառատյանն էլ ՀՊՏՀ-ում բռնացրել ու «թաթալոշ» է տվել, ինչի արդյունքում պրոռեկտոր Հարությունյանի և տնօրեն Սերգեյ Խառատյանի միջև լարվածություն է սկսվել, որի պատճառով էլ խառատյանը աշխատանքից ազատման դիմում է ներկյացրել․



Քոլեջ մեր այցի ժամանակ այնտեղ եկավ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։ Նա քննարկում ունեցավ Խառատյանի աշխատակազմի անդամներ Ոսկերչյանի ու Գրիգորյանի հետ, որոնք, ի դեպ, նույնպես աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Շագաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զրույցի ընթացքում փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում քոլեջում․



«Մեր այսօրվա այցի նպատակը հասկանալն էր, թե ինչ է կատարվում, մենք բնականաբար մամուլից տեղյակ ենք, որ սովորողները դասադուլ են անում, նաև աշխատակիցները պնդում են, որ դասադուլի պատճառը այն է, որ սովորողները պահանջում են իրենց նախկին տնօրենի վերադարձը։ Ոզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, և, բնականաբար, սրա մասին զեկուցել կրթության նախարարին»։



Ալեքսանդր Շագաֆյանին հարց ուղղեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մի շարք ուսումնական հաստատություններում տարբեր պահանջներով բողոքի ակցիաներ են ընթանում․



«Գիտք, պատճառները շատ կարող են լինել, ես հիմա, անկեղծ ասած, պատճառների մասին չեմ ուզում խոսել ։ Մեզ համար կարևոր է հասկանալ երևույթը և հասկանալ, թե բոլոր կողմերին ինչպես կարող ենք օգնել, որպեսզի բնականոն ուսումնական վիճակը վերականգնվի, գիտեք՝ քննական շրջան է առաջիկայում։ Որպեսզի առավելագույնս սովորողների իրավունքները վերականգնվեն, մեզ համար, թերևս առաջնայինը և կարևորը դա է, նաև կարևոր է երևույթը հասկանալ, թե ինչ է կատարվում»։



Հարցրինք նաև, թե պայմանավորվածություն ձեռք է բերվել աշխատակազմի հետ, որ մինչև հարցի լուծումը ուսանողներին հորդորեն դադարեցնել դասադուլերն ու բողոքի ակցիաները․



«Մենք տվյալ պահին այդ իրավասությամբ չենք եկել, ինչպես ասեցի, մենք ցանկացանք երևույթը հասկանալ, համապատասխանաբար կզեկուցենք ԿԳ նախարարությանը»։



Իսկ այն հարցին, թե տեղյա՞կ են, որ, խոսակցությունների համաձայն, պրոռեկտոր Հարությունյանի ու Խառատյանի կոնֆլիկտում ներգրավվել է նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը, այդ թեմայով զրուցե՞լ են աշխատակզմի հետ, Շագաֆյանը պատասխանեց․



«Մենք զրույցներ չենք ունեցել, մենք խոսել ենք բացառապես մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ, որը թերևս պրոռեկտորներից մեկի վարորդի հետ է եղել»։



Ուսանողները պնդում են, որ դասադուլերը շարունակելու են մինչև Խառատյանի վերդառնալը, իսկ այն հարցին, թե չե՞ն պատրաստվում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ դադարեցնել բոլոր ցույցերն ու բողոքի ակցիաները, ուսանողներից մեկը պատասպանեց․



«Մենք փողոց չենք փակում, մենք մեր քոլեջի դիմաց դասադուլ ենք անում»։



**Կորյուն Սիմոնյան**