Սա նրանց հարցը չի՝ սա պետական հարց է․ Արմեն Բաղդասարյան

Սա նրանց հարցը չի՝ սա պետական հարց է․ Արմեն Բաղդասարյան

Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ հետախուզում է հայտարարվել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար՝

 

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը անօրինականորեն կցել են Լեռնային Ղարաբաղին, այդ տարածքներում ադրբեջանական օրենքների և Ադրբեջանի Սահմանադրության գործողության դադարեցման անօրինական որոշում են կայացրել»։

 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

«Երբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, պետք չի դա Հայաստանում ընկալել ներքաղաքական իրադարձությունների համատեքստում, այլ՝ իրականում Ադրբեջանը հետախուզում է հայտարարում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ։ Անկախ մեր վերաբերմունքից, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նախագահներին, սա պետական հարց է,  և Հայաստանի իշխանությունները պիտի պետականորեն շատ արագ և շատ կոշտ արձագանքեն սրան»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։ Քաղաքագետը գտնում է, որ միջազգային բոլոր ատյաններում հնարավոր բոլոր լծակներով սրա դեմն առնել։

«Շատ կարևոր է, թե գործող իշխանություններն  ի՞նչպես են վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որովհետև եթե դա տեղի չի ունենում, ստացվում է, որ իսկապես արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմը ռազմական գործողություններ է կատարել։ Որովհետև այդ հոդվածներով էլ հենց ադրբեջանցիները քրեական գործեր  են հարուցել»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։ Քաղաքագետը, գտնում է, որ սա այն  եզակի հարցերից է, որ բոլորը պիտի ներքաղաքական տարաձայնությունները, անձնական հարաբերությունները մի կողմ դնեն  և փորձեն կասեցնել դա։

«Շատ  կարևոր և վտանգավոր զարգացումներ կարող են  ունենալ, առավել ևս, որ Ադրբեջանը մտադիր է նաև ռազմական հանցագործություններից մի կողմ, հետագայում նաև փոխհատուցման հարց բարձրացնել միջազգային ատյաններում։ Չի կարելի սա ականջի ետև գցել, համարել, որ տեղն է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ոչ դա այդպես չի։ Սա նրանց հարցը չի։ Սա պետական հարց է և պետական մակարդակով իշխանությունները սրան պետք է հակազդեն»,- ասաց քաղաքագետը։