Նոր Հայաստանում

Նոր Հայաստանում
Ասելու շատ բան կա: Հույզերն ու ալեկոծումներն այնքան բուռն են, որ փակում են մտքերի ճանապարհը: Շաբաթներ առաջ ո՞վ կպատկերացներ, որ մենք ունենալու ենք նոր Հայաստան, այնպիսի հարստության տեր մի երկիր, որը ո՛չ նավթ ունի, ո՛չ բնական լուրջ ռեսուրսներ, ո՛չ բարենպաստ աշխարհաքաղաքական դիրք: Հայաստանի միակ անգնահատելի հարստությունը մարդն է, այն մարդը, ով հավատաց, եւ նրանք, որ իրենք իրենց հավատացին ու, դուրս գալով սենյակներից, հեղեցին Երեւանի փողոցները՝ հնչեցնելով ազատության, անպարտելիության ու հեղափոխության շեփորականչը:



Տասը տարի անց եւս Սերժ Սարգսյանը սա չհասկացավ, անգամ փորձ չարեց ճանաչել սեփական ժողովրդին, այն մարդուն, ով չի ուզում արտագաղթել, չի ուզում քծնել, չի ուզում նսեմանալ, պարզապես քարշ տալ իր գոյությունը: Այս վախեցած, մաղձոտ, մութ ու անձնասեր տեսակը տասը տարի շարունակ միայն ու միայն զեկուցումներ է լսել: Շրջապատից լսել զեկուցումներ սեփական ժողովրդի դիրքորոշման վերաբերյալ՝ նույնն է, թե դերվիշի հանդերձով ծպտյալ մտնել ոչ թե ժողովրդի մեջ, այլ հենց այդ շրջապատի, որը գիտի դերվիշ լինելդ, անզեն աչքով տեսնում է մաշված հանդերձներդ կրելու անկարողությունդ ու քմծիծաղում:



Համբերությամբ՝ տարիներ շարունակ, Սերժ Սարգսյանի առագաստանավի տախտակները մինչեւ վերջին տաշեղը կրծողները, ահա, վերջապես հասել են իրենց տիրակալին: Նրանք երբեք էլ սոված չեն եղել, տերը մերձակա շրջապատին սովահար չի արել: Այսքան ժամանակ նրանք ընդամենը մի հրաման են լսել՝ կրծել, կրծել անխնա, կրծել անդադար: Սովորույթի ուժը զորեղ է՝ շարժիչը միացել է, այլ հրաման այլեւս չի ճանաչում, Ս. Սարգսյանն անբացատրելի մի մղումով հանձնվում է իր առնետներին: Շմայսականները, առհասարակ՝ թաղային խուժանը նույն հրամանը կատարողներն են: Գիտենք՝ կրիմինալ հիերարխիան համանման է իշխանական հիերարխիային, ուր ամեն ինչ կա. կան արքաներ, նաժիշտներ, համհարզներ, լրտեսներ, նախարարներ, զորք: Ու այս դժվար պահին եկեք չմոռանանք, եկեք փաստենք․ դիմակներ հագած՝ մահակներով ու բռունցքներով ՀՀ քաղաքացուն ծեծի ու ջարդի ենթարկող երիտասարդ տղաները (կրիմինալի զորքը)՝ նրանք եւս ժողովրդի զավակներն են, նրանք ծնվել են Հայաստանում, գնացել են մանկապարտեզ, դպրոց, ապրել են փողոցային բարքերով, փողոցը որդեգրել է նրանց, կեղծ ապավեն դարձել: Նրանք դեռ պատանեկության տարիքում արդեն իսկ նվաճվել են, ստրկացվել շմայսների կողմից, եւ այդ զորեղ սովորույթը՝ հրամաններ աներկբա կատարելու սարսափելի ախտը, ահա, որպես հույս են ընկալել՝ որոշակիորեն իրենց մարդ զգալու հույս, հացի հույս, թեկուզ մի քանի ժամով մի ողորմելի իշխանություն ունենալու հույս:



Վերջապես՝ ի՞նչ է տվել, ի՞նչ արժեքներ է փոխանցել-սերմանել, ի՞նչ հնարավորություններ է տվել Սերժ Սարգսյանի կամ դրանից առաջ իշխանության ղեկին գտնվող մարդկանց կառուցած երկիրն այս շատ ժամանակ չքավոր ընտանիքների զավակներին: Ո՞վ է փորձ արել ձեռք մեկնել նրանց, դուրս բերել հանցավոր ճանապարհից, կրթվելու, ավելի լավ կյանքի հնարավորություն ընձեռել: Սերժ Սարգսյանի ու շմայսների համար նրանք պարզապես միս են, ինչպես շարքային ոստիկանները, որոնք բերման ենթարկվածներին փորձում են իրենց դարդերը պատմել, որ քանի օր է՝ չեն քնել, որ ընտանիքներին չեն տեսել, որ իրենց համար միեւնույն է, թե ով կգա իշխանության, որ իրենք կապ չունեն էս ամենի հետ, որ իրենք ուղղակի հրաման կատարողներ են եւ վերջ: Հրամանն ամեն ինչից վեր է՝ հրաման է կատարում ոստիկանը, հրաման է կատարում թաղային խուժանը: Կրկնում եմ՝ հույսը նրանց համար հրամանն է, իսկ վերջին հույսի հետեւից չգնալ չեն կարող:



Նայիվ չլինենք, եթե կա հրաման՝ մեղմ վերաբերվել մարդկանց, ուրեմն մեղմ կվերաբերվեն: Կլինի մեկ այլ հրաման՝ մեղմ վերաբերմունքը նույն ակնթարթում կանհետանա, ու բերման ենթարկվածին իր դարդերը համով-հոտով պատմող նույն ոստիկանը, թաղային խուժանին պատկանող՝ «հոպար ջան, լավ, գնա, քեզ չենք ծեծի» ասող նույն երիտասարդը դահճի սառնասրտությամբ սրախողխող կանի:



Նիկոլի ու Սերժ Սարգսյանի համառոտ բանակցությանը բոլորն էին հետեւում՝ միմյանցից հեռացած երկու բեւեռներ՝ ժողովուրդ եւ իշխանություն: Յուրաքանչյուր բանակցության արդյունքը մեսիջն է. մեսիջ ունի անգամ տապալված բանակցությունը: Հիմա ի՞նչ մեսիջ ստացան իրենց լիդերից ոստիկանները, թաղային խուժանը, իշխանական, քրեաօլիգարխիկ «վերնախավը», ի՞նչ հասկացան, ես կասեի՝ արդեն բավականին ադեկվատ, իրականությանը բավականին տիրապետող Սերժ Սարգսյանի ռոբոտային երկու-երեք արտաբերումից: Կարծում եմ՝ պատասխանը մեկն է՝ նոր հրաման ծառաներին, նոր հրաման զորքին, գրոհի նոր հրաման: Եվ րոպեներ անց այդ հրամանը կյանքի կոչվեց:



Նիկոլին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուսներին մեկուսացնելու իշխանական տհասությունն էլ ավելի օգնեց իրենց իրավունքների ու արդար պահանջների համար փողոցում պայքարող ժողովրդին, եղավ իսկական փորձաքար, եւ ժողովուրդը, ինքնակազմակերպվելով՝ հերոսաբար հաղթահարեց այդ փորձությունը: Ավելին, ըստ էության, հրապարակը հանդես եկավ որպես զորեղ, համախմբված ինստիտուցիա՝ զարգացման բազում հնարավորություններով: Եվս մեկ կարեւոր մեսիջ Սերժ Սարգսյանին:



Ասել, թե պետության ղեկավարը չէր հասկանում եղածի լրջությունը, կորցրել էր իրականության զգացումը, մի փոքր միամիտ է հնչում: Այս մարդը մեկ րոպեանոց բանակցության ընթացքում ցուցանեց իր ողջ վճռականությունը՝ սպառնաց Մարտի 1-ով, ելավ տեղից, հեռացավ, փորձեց ճնշել ու խեղդել, սակայն հասկացավ, որ բուրգը փլուզվում է։ Հրապարակը մեծահոգի կլինի հեռացող վարչապետի նկատմամբ:





Արամ ՊԱՉՅԱՆ