Azdarar.am կայքը ստեղծել են հատուկ՝ մամուլին վնասելու նպատակով․ Բաց նամակ

Azdarar.am կայքը ստեղծել են հատուկ՝ մամուլին վնասելու նպատակով․ Բաց նամակ
Azdarar.am կայքը ստեղծել են հատուկ՝ մամուլին վնասելու նպատակով



Բաց նամակ ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին



2018թ. մարտի 20-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ¨ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը 13.03.2018թ. թիվ 4 նիստի արձանագրությամբ դրական եզրակացություն է տվել ՀՀ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրափոխումների նախագծերի փաթեթին /հեղինակ՝ Մանե Թանդիլյան, հարակից զեկուցողներ՝ Գագիկ Մինասյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան/՝ կից ՀՀ կառավարության առաջարկը ներառող ամփոփաթերթով: Արդյունքում ընդհանուր նախագծերի փաթեթը ստացել է անընդունելի տեսք. սահմանվում են դրույթներ, որոնք տեխնիկապես անհնար են դարձնում ոչ միայն առաջադրվող պահանջների կատարումը՝ ըստ պատշաճի, այլև դրա ապացուցումը, ուստիև տուգանքների կիրառումը: Օրենքից անհիմն դուրս է մղվել այն միակ տեխնիկապես հնարավոր մեխանիզմը, որն ապահովում է օրենքով սահմանված բոլոր պահանջների պատշաճ կատարումը՝ դրա ապացուցման լիարժեք հնարավորությամբ, օրենքի խախտման դեպքում էլ անվիճելի փաստարկներով տուգանքի կիրառման հնարավորությամբ: Խոսքը «մամուլ»-ի մասին է, որը «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 24-րդ հոդվածում հաշվետվությունների հրապարակման ձ¨երի շարքից բացառվում է՝ ըստ վերը նշված փաթեթի: Դրանով արգելափակվում է հաշվետվությունների հրապարակման վճարովի ծառայությունների դաշտում տնտեսական մրցակցությանը մամուլի մասնակցությունը, որն ի դեպ, հանդիսանում է զանգվածային լրատվության օրինական գործառույթ իրականացնող: Փոխարենն օրենքով ամրագրվում է ԶԼՄ չհանդիսացող մեկ տնտեսվարողի՝ www.azdarar.am-ի մենաշնորհը՝ որպես վճարովի ծառայություն մատուցող: Սահմանվել է նաև ոչ իրավաչափ պահանջ խոշոր կազմակերպությունների առջև: Ստորև մանրամասնել ենք ներկայում տիրող իրավիճակը և նախագծերի փաթեթին առարկող փաստեր և հիմնավորումներ.



1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ գործող օրենքի 24-րդ հոդվածով խոշոր կազմակերպությունները պարտավոր են սահմանված ժամկետում հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ ԶԼՄ-ների, այն է՝ մամուլի միջոցով, բացի այդ ինտերնետով, գրքույկներով, սակայն օրենքի նախագիծն առաջ քաշած հեղինակ Մ. Թանդիլյանն առաջարկում է նաև սահմանել, որ հրապարակումից բացի, կազմակերպությունը տրամադրի հաշվետվությունն՝ ըստ անհատական հարցումների, ինչը նշանակում է՝ կազմակերպությունից միևնույն պարտավորությունը պահանջել ոչ թե մեկանգամյա, այլ բազմակի գործողությամբ՝ անհարկի ծանրաբեռնելով նրան և խաթարելով նրա բնականոն աշխատանքը: Հրապարակման պահանջն ինքնին նշանակում է՝ հաշվետու լինել հասարակությանը, որն արդեն իր մեջ ներառում է բազմաթիվ քաղաքացիների, իսկ նշված նախագծի դեպքում ըստ էության տարանջատվում է հասարակությունը քաղաքացիներից և պահանջվում սպասարկել ¨՛ ընդհանուրին, ¨ անհատական, ինչն անհարկի բազմապատկում է պարտավորության կատարումը, ուստի այդ պահանջը ոչ իրավաչափ է: Ինչ վերաբերվում է հրապարակման ձևերին, ակնհայտ է, որ նշված տարբերակներից որպես ԶԼՄ՝ մամուլով հաշվետվություններին տեղեկանում են ավելի լայն հասարակական զանգվածներ, այդ թվում՝ նրանք, ովքեր տեղյակ էլ չեն դրանց հրապարակման պահանջի մասին՝ ի տարբերություն կայքերի, ուր այդ տեղեկատվության հնարավոր սպառողը ինֆորմացիա նպատակային փնտրողների նեղ շրջանակն է, ուստի ինֆորմացիայի հրապարակայնացման իմաստով մամուլն ակնհայտ առավելություն ունի: Ուշագրավ է փաստը, որ նախագծի հեղինակ Մ. Թանդիլյանն իր հիմնավորմամբ հաստատել է գրքույկներով հաշվետվությունների հրապարակման անարդյունավետությունն, այնինչ իր նախկին աշխատավայր «Սինոփսիս Արմենիա» խոշոր ընկերությունից, ուր մինչև 2017 թ.-ն աշխատել էր ֆինանսական գծով տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, վերջերս ենք տեղեկացել, որ հաշվետվությունների հրապարակումն իրականացնում են տարիներ շարունակ հենց գրքույկների ձևով: Հանդիսանալով ՏՏ ոլորտի խոշոր ընկերություն՝ նույնիսկ «Սինոփսիս Արմենիա»-ն իր կայքում էլեկտրոնային չի հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները:



2. Նախագծին կից ամփոփաթերթի համաձայն՝ ընդունվել է նաև ՀՀ կառավարության առաջարկը, որով ըստ էության «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն այլափոխվել է. հրապարակման ենթակա տեղեկատվության լրատվական աղբյուրների թվում արհեստական դուրս է թողնվել «մամուլը», այսինքն՝ այն աղբյուրը, որը Զանգվածային լրատվության մասին օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխան հանդիսանում է ոչ միայն տեղեկատվական աղբյուր, այլև զանգվածային լրատվության միջոց: Փոխարենն առաջարկվել է հաշվետվությունները հրապարակել www.azdarar.am-ում կամ կազմակերպությունների կայքերում: Նշենք, որ խոշոր կազմակերպությունների թիվը գերազանցում է 500-ը և նրանց մի մասի հեռախոսահամարն ու հասցեն չկա որևէ տեղեկատվության աղբյուրում, էլ ուր մնաց կայքերի հասցեները: Ինչպե՞ս կարող են դրանք դիտվել՝ որպես հանրամատչելի աղբյուր, եթե անհայտ են ոչ միայն հասարակությանն, այլև նույնիսկ ինֆորմացիա փնտրող մասնագիտական շրջանակներին: Կառավարության առաջարկի այլ խնդրահարույց կողմերը ներկայացնում ենք ստորև.



ա/ Ի հակառակ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի տրամաբանության, ըստ որի՝ հաշվետվությունները հրապարակվում են ապահովելու համար խոշոր դրամաշրջանառության թափանցիկությունը և դրա հանրային վերահսկողությունը, սույն նախագծերի փաթեթում ՀՀ կառավարությունն իր առաջարկով սահմանափակել է գործող օրենքով թվարկված հաշվետվությունների հրապարակման ձ¨երը՝ բացառապես թողնելով էլեկտրոնային տարբերակը, այնինչ հաշվետվությունների հանրային մատչելիության ապահովման համար առավելագույնս նպատակահարմար են հրապարակման այն ձևերը, որոնցից կարող են օգտվել անխտիր բոլոր քաղաքացիներն՝ անկախ որևէ նյութական միջոց, այդ թվում՝ տեխնիկական միջոցներ՝ համակարգիչ, ինտերնետ և այլն, ունենալ-չունենալու հնարավորությունից: Մամուլն այս առումով ունի առավելություն, քանզի նրա հրապարակումներն անվճար հասանելի են ՀՀ ազգային գրադարանում. ըստ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի՝ մամուլի տպագիր ամեն թողարկման պարտադիր օրինակները հանձնվում են ՀՀ ազգային գրադարան, գրապալատ և ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալություն: Դրանով օրենքն ամրագրել է նաև երաշխիքները մամուլի, որպես պատշաճ լրատվության աղբյուրի հրապարակած համարների բովանդակային անփոփոխելիության առումով, այնինչ կայքերն, այդ թվում՝ www.azdarar.am-ը հանդիսանալով սոսկ որպես տեղեկատվության աղբյուր, ոչ թե ԶԼՄ, չեն կրում ԶԼՄ-ների համար սահմանված չափորոշիչները և չեն երաշխավորում հրապարակված տեղեկատվության անփոփոխելիությունը, քանզի ցանկացած պահի կարող է կայքից հրապարակված նյութը հեռացվել և տուգանքի ռիսկ առաջ բերել կազմակերպության համար կամ կազմակերպության կայքում դրված հաշվետվությունը կարող է կամայական պահի փոփոխվել, ջնջվել կամ օրենքով սահմանված ժամկետից հետո հետին ամսաթվով զետեղվել կայքում: Հետև ապես օրենքի նշյալ 24-րդ հոդվածի իրագործումը էլեկտրոնային տարբերակով չի երաշխավորում օրենքի հիմնական պահանջներից բխող տարրերի պահպանումը՝ անփոփոխելիությունը, ժամկետի ճշգրտությունը, նաև տվյալների երկարաժամկետ պահպանությունը. կայքերում տեղեկատվությունը կարող է մի քանի տարի պահվել, հետո հեռացվել, իսկ մամուլի դեպքում արխիվացվում են բոլոր համարներն՝ ըստ օրենքի պահանջի:



բ/ Նախագծերի փաթեթով խստացվում են նաև հաշվետվության չհրապարակման դեպքում կիրառվող տուգանքները, որոնց հիմքը կարող է լինել միայն անվիճելի ապացույցն առ այն, որ պարտավորությունը կատարվել է սահմանված ժամկետում և մատնանշված հրապարակման ձևով: Գործնական կիրառության մեջ, սակայն, տեխնիկապես անհնար է էլեկտրոնային որևէ աղբյուրից, այդ թվում՝ www.azdarar.am-ից արտածել քաղվածք որևէ կազմակերպության հրապարակած հաշվետվության մասով՝ այդ հաշվետվության ողջ բովանդակությամբ հանդերձ այնպես, որ միևնույն էջի ստորին կամ վերին եզրում արտացոլվի կայքի հասցեի հղումը և ամսաթիվը: Նշենք, որ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները հանդիսանում են ծավալուն նյութեր՝ աղյուսակներով, իսկ ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դ. Անանյանի, որը նաև համազեկուցողն էր այս նախագծերի փաթեթի ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ժամանակ, հրապարակման ենթակա է հաշվետվությունն ամբողջությամբ՝ մոտ 60 էջով: Ներկայում ոչ այդ ծավալով, այլ սեղմ տարբերակով՝ մի քանի էջանոց հաշվետվությունները www.azdarar.am-ում հրապարակվում են pdf տեսակի ֆայլով, որն ընդամենը կցվում է կայքում կազմակերպության մասով նշվող ընդհանուր տվյալներին, որոնցում միայն հաշվետվության վերնագիրն է, տարեթիվը, իսկ կից pdf ֆայլի բովանդակությունը, որում բուն հաշվետվությունն է, չի երևում: Այդ ֆայլը բացվում է ոչ թե տվյալ կայքում, այլ որպես անկախ pdf ֆայլ՝ համապատասխան ծրագրով, արդյունքում անհնար է այն արտածել կայքից ստանալով ապացույց, որում կլինի հղումը կայքի հասցեին, նույն էջի վրա հաշվետվության ողջ բովանդակությունը և ամսաթիվը, այսինքն՝ այն, ինչ պահանջվում է օրենքով: Անգամ երբ կազմակերպությունն իր կայքում հրապարակում է հաշվետվությունը ոչ թե pdf ֆայլով, այլ բաց տեքստով, կայքից քաղվածքով այն արտածելիս հաշվետվության ծավալուն նյութի էջերն՝ աղյուսակներով մասնատվում են, տպվում ոչ ամբողջական բովանդակությամբ, այնինչ խոսքը հաշվետվության մասին է, որում թվերի ամբողջությունն, անշուշտ, կարևոր է: Ուստի զարմանալի չէ, որ անգամ ՏՏ տեխնոլոգիաներին տիրապետող «Սինոփսիս Արմենիա»-ն է խուսափել ընկերության հաշվետվությունը հրապարակել իր պաշտոնական կայքում, նա ինքնին չէր կարողանա կայքից քաղվածքով արտածել ծավալուն հաշվետվությունն՝ իր ամբողջությամբ, ամսաթվով, կայքին հղումով: Նշենք, որ բացի կազմակերպությունից, այդ ապացույցը ձեռք բերելու հնարավորությունը պետք է ապահովված և մատչելի լինի բոլորի համար: Այս ամենի փոխարեն տպագիր մամուլը միակ լրատվական աղբյուրն է, որում հրապարակվող հաշվետվությունն իր ողջ բովանդակությամբ տպվում է էջում՝ միաժամանակ թերթի ամեն էջի վերին հատվածում արտացոլվում ոչ միայն թերթի անունը և ամսաթիվը, այլև թողարկման հերթական համարը, և այս տեղեկատվության անփոփոխելիությունը երաշխավորված է ԶԼՄ-ների մասին օրենքով, որին անդրադարձանք վերը նշված ա/ կետում: Նշենք նա¨, որ հաշվետվության ցանկացած ծավալ, այդ թվում՝ 60 էջանոց, կարող է իր ողջ բովանդակությամբ օրենքի պահանջների պահպանմամբ հրապարակվել թերթերում, որոնք Հայաստանում բազմաթիվ են: Ուստի պատահական չէ, որ գործող օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը հաշվետվության հրապարակման ձ¨երի թվում մամուլը նշել է առաջին տեղում: Հավելենք, որ առանց ապացույցի՝ տուգանք գանձելն անհնարին է, անկախ տուգանքի մեղմ կամ խիստ չափից:



գ/ Գիտակցելով, որ տպագիր մամուլը միակ մեխանիզմն է, որով ապացուցելի է հոդված 24-ով սահմանված հաշվետվության հրապարակման պահանջի պատշաճ և լիարժեք կատարումը, բացի այդ www.azdarar.am կայքի համեմատ՝ մամուլը բազմապատիկ ավելի էժան է հրապարակում հաշվետվությունները, այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի փոփոխման առաջարկով ամրագրել է վճարովի ծառայություն մատուցող միակ սուբյեկտի՝ www.azdarar.am-ի բացառիկ մենաշնորհը: Դա հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 11-ին՝ «Տնտեսական կարգը», և հոդված 59-ին՝ «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» դրույթներին, նաև ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մի շարք հոդվածներին, որոնցով արգելվում է պետական օժանդակությունը կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ կամ այլ պայմաններ սահմանելու և տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն դրսևորելու, ակտեր ընդունելու առումներով: Նախագծի ընդունման արդյունքում կստացվի հետևյալը. մի դեպքում կազմակերպությունը հաշվետվության հրապարակման համար ստիպված կլինի կայք չունենալու դեպքում հատուկ կայք ստեղծել, իսկ առկայության դեպքում էլ հիմնականում կազմակերպության առևտրային առաջարկներին, գովազդին ծառայող այդ կայքում ի տես սպառողների՝ հրապարակել ֆինանսական բոլոր արդյունքները, որոնք կազմակերպությունների մի մասի դեպքում փաստում են ոչ թե շահույթի, այլ վնասի մասին, նաև պարտադիր աուդիտի դեպքում աուդիտորների բացասական եզրակացությունները, ինչը կվնասի կազմակերպության մարքեթինգին: Երկրորդ տարբերակի www.azdarar.am կայքի դեպքում ստիպված կլինի վճարել շուկայականից ավելի բարձր գին՝ մինչև 100000 դրամ, այն դեպքում երբ գործող օրենքով ուներ հնարավորություն ընտրելու շուկայում մատչելի գին և վճարելու բազմապատիկ ավելի էժան: Նշված 2 տարբերակի դեպքում էլ հրապարակումից բացի, կազմակերպությունն ի պատասխան անհատական հարցումների՝ անկախ թվաքանակից, ստիպված պետք է լինի հասցեական տարածել հաշվետվությունը, այնինչ քաղաքակիրթ աշխարհում դրա համար նախատեսված է ԶԼՄ-ով տեղեկատվությունը տարածելու կարգը, իսկ թե որո՞նք են համարվում ԶԼՄ, դրա համար Հայաստանում գործում է հատուկ օրենք՝ Զանգվածային լրատվության մասին: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում «հրապարակել» հասկացությունը դառնում է ձևական՝ հնարավոր դարձնելով գերշահույթը ըստ նախագծի մենաշնորհ դարձող www.azdarar.am-ի համար:



Օբյեկտիվորեն տարբերելու համար, թե շուկայում ո՞ր սուբյեկտն է ավելի շահագրգիռ հաշվետվությունների հրապարակման ձ¨երի հարցում, բավարար է նշել, որ www.azdarar.am-ն ի սկզբանե ստեղծվել և գործում է բացառապես հայտարարությունների հաշվին՝ ի տարբերություն հասարակական-քաղաքական մամուլի, որը հայտարարություններ հրապարակում է տարվա մեջ միայն մեկ ամիս, մնացած 11 ամիսը գործում օրինական գործունեության այլ եկամուտների հաշվին: Լինելով պետության կողմից ստեղծված՝ www.azdarar.am-ը պետք է ֆինանսավորվեր հենց պետության կողմից, հատկապես, որ դրանում զետեղվում են պետականորեն սահմանված պարտադիր հրապարակման ենթակա հայտարարություններ, ուստի առկա շահերի պայմաններում անթույլատրելի էր ի սկզբանե սահմանել հրապարակումների վճարովիության հիմքեր. դրա համար նույնիսկ հատուկ օրենք է ընդունվել՝ Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, որով սահմանված են շուկայականից գերբարձր գներ www.azdarar.am-ում ծանուցումների հրապարակման համար: Նախագծերի ներկայացված փաթեթի ընդունման դեպքում անհարկի վնասներ կկրեն բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ըստ օրենքի ենթակա են փոխհատուցման: Տարիներ շարունակ կազմակերպությունները ստացել են մատչելի ծառայություն, որով մամուլը նաև նպաստել է, որ ավելի շատ սուբյեկտներ կատարեն օրենքի պահանջը՝ հաշվետվությունների հրապարակման: Միաժամանակ նրանք օգտվելով Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին ՀՀ օրենքից՝ մամուլում հրապարակելուց հետո նաև www.azdarar.am-ում են զետեղել հաշվետվությունը՝ վճարելով 2000 դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության նախընտրած աղբյուրում ևս հրապարակվել են հաշվետվությունները, հետ¨ապես գործող օրենքից «մամուլ»-ի բացառումը ոչ այլ ինչ է, քան պետական օժանդակություն՝ օրենքով www.azdarar.am-ի մենաշնորհի ամրագրմանը: Մենաշնորհը կբացառվեր, եթե ներկայացված նախագծերի փաթեթում ներառված լիներ նա¨ Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին ՀՀ օրենքի փոփոխությունն առ այն, որ www.azdarar.am-ում բոլոր ծանուցումները հրապարակվում են անվճար: Նշենք, որ մինչ այս նախագծերի փաթեթը, դեռ ավելի վաղ փոփոխվել են ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին, Հիմնադրամների մասին և մի շարք այլ օրենքներ՝ ամրագրելով www.azdarar.am-ի բացառիկ մենաշնորհը՝ որպես վճարովի ծանուցումներ հրապարակող, մի աղբյուր, որից ինչպես հիմնավորեցինք սույն գրության 2-րդ կետի բ/ ենթակետում, տեխնիկապես անհնար է ստանալ հաշվետվության քաղվածքը՝ ապացուցողական նշանակությամբ: Այս ողջ ընթացքում մամուլը հանդուրժողաբար և համեստորեն հետ¨ում էր պետական օղակի ագահության աճող մոլուցքին, որի արդյունքում խախտվել են օրենքներ և իրավունքներ: Ժամանակն է վերանայելու բոլոր այն օրենքները, որտեղ ամրագրված է www.azdarar.am-ի՝ որպես վճարովի ծանուցում հրապարակող սուբյեկտի մենաշնորհը՝ ի պաշտպանություն տնտեսական մրցակցության մասին օրենսդրության:



Վերոգրյալից ակնհայտ է, որ մարտի 20-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվող ՀՀ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրափոխումների նախագծերի փաթեթը /հեղինակ՝ պատգամավոր Մանե Թանդիլյան/՝ կից ՀՀ կառավարության առաջարկը ներառող ամփոփաթերթով, հակասելով ՀՀ Սահմանադրության և մի շարք այլ օրենքների վերը նշված դրույթներին, սահմանում է պարտավորություններ, որոնց կատարումն անապացուցելի է առաջարկվող նախագծով և վատթարանում են գործող օրենքով սահմանված պայմանները՝ առաջ բերելով ֆինանսական հետևանքներ բազմաթիվ կազմակերպությունների համար, նաև սահմանափակելով խոշոր ընկերությունների հաշվետվությունների հրապարակայնացումը՝ օրենքից մամուլը դուրս բերելու տարբերակով արդյունքում նաև ԶԼՄ չհանդիսացող www.azdarar.am-ի՝ որպես վճարովի ծանուցում հրապարակող սուբյեկտի մենաշնորհ ամրագրելով՝ ի հակասություն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, քանի որ նաև նախագծերի փաթեթում առկա չէ փոփոխություն «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում առ այն, որ www.azdarar.am-ում բոլոր ծանուցումները հրապարակվում են անվճար:



Հետևապես նախագծերի փաթեթը հիմնովին անընդունելի է: Փոխարենը «Գործընթաց» անկախ թերթն առաջարկում է լրամշակել և փոփոխել բոլոր այն օրենքներն, այդ թվում՝ ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին, Հիմնադրամների մասին, որոնցում ամրագրված է տեղեկատվության մեկ աղբյուրի, վճարովի ծառայություն մատուցող մեկ սուբյեկտի՝ www.azdarar.am-ի բացառիկ մենաշնորհը և գործնականում բացակայում է ապացուցողական նշանակությամբ օրենքի պահանջը կատարելու հնարավորությունը, կատարել լրացում՝ վերականգնելով հաշվետվությունների մամուլով հրապարակման ձևը:



Ազգային ժողովի օրակարգում ՀՀ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի ¨ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրափոխումների նախագծերի փաթեթը /հեղինակ՝ Մանե Թանդիլյան/ քննարկվելու դեպքում.



1. Խնդրում ենք հաշվի առնել դրա խնդրահարույց կարգավիճակը, մի շարք օրենքներին, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելը և սույն գրության մասին իրազեկելով նաև խմբակցության անդամներին՝ դեմ քվեարկել: Նշեմ նաև, որ սույն փաթեթի մասին հայտնի է դարձել միայն 13.03.2018թ.-ին գլխադասային հանձնաժողովում քննարկումից հետո: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այս փաթեթը կարող էր օրակարգ մտցվել 60 օրյա ժամկետում, սակայն հանձնաժողովը շտապել է այն ընդգրկել առաջիկա օրակարգ: Ուստի սույն գրությամբ խնդիրներն ամփոփել և Ձեզ ենք իրազեկում սեղմ ժամկետում՝ ակնկալելով, որ գործող օրենքով սահմանված պայմանները չվատթարացնելն ու օրենքն անկատարության չմատնելն առավել կարևոր կդիտվեն:



2. Խնդրում ենք նաև հիմք ընդունել վերոնշյալ առաջարկը՝ լրացում կատարելու ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին, Հիմնադրամների մասին և մի շարք այլ օրենքներում՝ բացառելով www.azdarar.am-ի մենաշնորհը և հաշվետվությունների հրապարակման ձևերում ներառել զանգվածային լրատվության օրինական գործառույթ իրականացնող մամուլը: Հակառակ դեպքում պետք է փոփոխություն կատարել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում առ այն, որ www.azdarar.am-ում բոլոր ծանուցումները հրապարակվում են անվճար:



Ակնկալում ենք սույն գրությանը գրավոր պատասխան օրենքով սահմանված ժամկետում:



Հարգանքով` «ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթի



հիմնադիր-տնօրեն Ինարա Դանիելյան



16. 03. 2018թ.