Գովազդային վահանակը փակել է քաղաքապետարանի շենքը

Գովազդային վահանակը փակել է քաղաքապետարանի շենքը
Գովազդի մասին օրենքում ասվում է՝ արտաքին գովազդը չպետք է խոչընդոտի քաղաքի ընդհանուր ձևավորմանը, քաղաքի ընդհանուր ոճին, ընդհակառակը` այն պետք է համահունչ լինի և ձուլվի քաղաքի ընդհանուր տեսքին: «Քաղաքում տեղ չմնաց, որ չծախեն, հիմա էլ քաղաքապետարանը որոշել է ողջ քաղաքով մեկ նմանատիպ գովազդային վահանակներ փակցնել, փող աշխատելու համար: Սրանց համար էլ օրենքով նախատեսված չափ կա, թույլատրվող վայր կա: Հրազդանի քաղաքապետարանում ինչ որոշում ուզում՝ կայացնում են: Էլ տեղ չկար՝ քաղաքապետարանի դեմ են գովազդ տեղադրում»,-բողոքում են հրազդանցիները եւ հավելում, որ քաղաքում արդեն գազոններն են վաճառվում:



Բանն այն է, որ քաղաքապետարանի շենքի դիմացի գազոնում հսկա գովազդային վահանակ է տեղադրվել օրերս, որը քաղաքի ճարտարապետական նկարագիրն է աղավաղում։ Քանի որ Հրազդանի քաղաքապետարանը միայն գրավոր հարցումներով է շփվում լրագրողների հետ, գրավոր հարցում ուղարկեցինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին. «Ո՞ւմ կողմից է տեղադրվել Սահմանադրության հրապարակի (Հրազդանի քաղաքապետարանի դիմաց) գովազդային վահանակը: Արդյո՞ք Հրազդանում այլ վայր չկար հսկա գովազդային ցուցանակը մոնտաժելու համար, որ ընտրվել է այս վայրը, որն, ըստ հրազդանցիների, գցում է քաղաքի ճարտարապետական տեսքը»: Քաղաքապետ Արամ Դանիելյանը մեր հարցմանը չպատասխանեց:



#####