Մեծ Պահքին դեռ կա 24 օր

Մեծ Պահքին դեռ կա 24 օր
Այս շաբաթ՝ չորեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Միջինքը: Ասել է, թե Մեծ Պահքը, որ սկսվել էր փետրվարի 12-ին, կիսվեց եւ առջեւում եւս քսանչորս օրեր կան, մինչեւ Սուրբ Զատիկ: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել պահել Մեծ Պահքի առաջին կեսը, կարող են դա անել Միջինքից հետո: Միջինքին մի փոքր մեղմացվում է պահքի համար սահմանված սննդային սահմանափակումները, ինչը հասկանալի է, քանի որ քսանչորս օր պահեցողությունից հետո փոքրիկ դադար պետք է, հաջորդ քսանչորս օրերին օրգանիզմի դիմադրողականությունը պահպանելու համար:



Պահքն առհասարակ բոլոր կրոններում էլ տարածված երեւույթ է: Պահքեր եւ ծոմապահություններ կան ինչպես քրիստոնեության մեջ, այնպես էլ իսլամում, հնդուիզմում, մովսիսականության մեջ, բուդդիզմում եւ այլն: Ընդհանուր հասկացողությամբ կրոնը միայն տեսական-փիլիսոփայական գաղափարների ամբողջություն չէ, այլ Գերագույն Էակի հետ հարաբերություն հաստատելու միջոց, ժամանակակից տերմինաբանությամբ ասած` գործիքակազմ, եւ այդ գործիքակազմը, բնական է, որ պետք է նաեւ լրացված լինի այնպիսի բաղադրիչներով, որոնք տվյալ կրոնի պատկանող անձերի առօրյա կյանքը եւ կենցաղավարությունը որոշակի կանոնակարգման ենթարկեն: Այդպիսիք են նաեւ կրոններին հատուկ բարոյական արժեքային համակարգերը` կոդեքսները, ծիսական պաշտամունքային կյանքը եւ կանոնները եւ այլն:



Պահքը որեւէ կարեւոր նպատակի համար մարդու կողմից որոշակի զոհողության գնալու պատրաստակամությունն է առաջին հերթին, ապա արդեն ներհայեցողությունն ու սեփական անձի ինքնաքննությունը իր կրոնական արժեքային համակարգի համատեքստում: Կրոնական բառապաշարով ասած` պահքն այն շրջանն է, որը հնարավորություն է տալիս մարդուն պատասխանել հետեւյալ հարցին` որքանով է նա հավատարիմ իր կրոնին եւ որքանով` ոչ:



Զոհողության գնալու պատրաստակամությունն էլ հենց արտահայտվում է սննդային սահմանափակումներով եւ ոչ միայն: Քրիստոնեական ավանդական պատկերացումների համաձայն, ինչը նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն է հատուկ, պահքը ենթադրում է հրաժարում որոշակի բաներից, նախ եւ առաջ` այն բոլոր կերակրատեսակներից եւ ուտեստներից, որոնք ունեն իրենց մեջ կենդանական ծագում կամ կենդանական բաղադրիչ` կաթ, ձու պանիր, միս, յուղ, կարագ եւ այլն: Հրաժարումը արդեն կարող է ընդլայնվել: Օրինակ` այժմ, հատկապես երիտասարդության մեջ տարածված մոտեցում է պահքի ընթացքում ինտերնետից, սոցցանցերից, ծխելուց, զվարճանքներից հրաժարվելը եւ այլն: Սա եւս պահք պահելու ձեւ է:



Հայ Առաքելական եկեղեցում կա երեք տեսակի պահք` օրապահք, շաբաթապահք եւ Մեծ Պահք: Օրապահքեր են տարվա բոլոր չորեքշաբթի եւ շաբաթ օրերը: Շաբաթապահքեր են, օրինակ, մեծ տոներին նախորդող շաբաթվա օրերը, որոնք տվյալ տոնին նախապատրաստվելու կամ որոշակի հիշատակներին նվիրված շրջաններ են: Օրինակ՝ շաբաթապահք է Առաջավորաց պահքը, Վարդավառի պահքը, Վերափոխման պահքը եւ այլն: Մեծ Պահքերից ներկայումս պահպանվել է միայն նախազատկական քառասնօրյա պահքը, որը նաեւ կոչվում է Քառասնորդական պահք: Այն խորհրդանշում է անապատում Քրիստոսի փորձությունների շրջանը, երկրային քարոզչությունը սկսելուց առաջ: Մեծ Պահքը Հայ եկեղեցու ծիսակարգում բավական հետաքրքիր է արտահայտվում: Նախ փակվում է եկեղեցիների խորանը վարագույրով, փոխվում է Ս. Պատարագի ընթացակարգը, ամենօրյա ժամերգությունները:



Այդ շրջանում կատարվում են հատուկ այդ շրջանի ծիսակարգին համապատասխանող Արեւագալի, Խաղաղական եւ Հանգստյան կոչված ժամերգությունները, որոնց հատկապես գեղեցկացվել են Ներսես Շնորհալու կողմից հեղինակված եկեղեցական երգերով եւ աղոթքներով: Ի դեպ, կարեւոր է իմանալ, որ պահքի խիստ տեսակը, որը ենթադրում է, օրինակ, միայն հացի եւ ջրի կիրառում եւ մնացած ցանկացած տեսակի սննդի բացառում, կոչվում է ծոմ: Նման պահքի տեսակը գրաբարյան տերմինով հաճախ կոչում են աղցմի:



Սովորաբար նման խիստ պահեցություն ենթադրում է նախազատկական վերջին շրջանը կամ Ավագ շաբաթը, որը կոչվում է նաեւ Չարչարանաց շաբաթ, եւ խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները՝ Ծաղկազարդից սկսած մինչեւ Հարություն:



Պետք է նաեւ նշել, որ պահքը կամավոր է, եւ պահք պահողն ու չպահողը չեն կարող պահք պահել/չպահելու համար մեկմեկու մեղադրել: Ի վերջո մարդու կրոնական կյանքը չափազանց անհատական է, եւ ամեն ոք իր խղճի մտոք է որոշում իր կրոնական կյանքն ու կենցաղը:



**Տիգրան Վահանե**