Իսկ ղեկավարությունը որտե՞ղ էր

Իսկ ղեկավարությունը որտե՞ղ էր
Ինչպիսի՞ն էր վիճակը Խոջալուում 1992թ. հունվար-փետրվար ամիսներին: Հայտնի է, որ բնակչությունը ձգտում էր օր առաջ հեռանալ կրակակետի վերածված բնակավայրից, ինչին խոչընդոտում էր տեղական եւ Ադրբեջանի հանրապետական իշխանությունը: ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հեռանալուց հետո խզված էր Խոջալուի ցամաքային կապը Շուշիի եւ Աղդամի հետ: Ադրբեջանի հետ հաղորդակցություն իրականացվում էր միայն ուղղաթիռների միջոցով: Վերջին ուղղաթիռը Գյանջայից Խոջալու է թռել փետրվարի13-ին: Հայտնի չէ, թե ինչ բեռներ են տեղ հասցվել, բայց ստույգ է, որ այդ օրը Խոջալուից տարհանվել է մի քանի հարյուր խաղաղ բնակիչ: Ուսումնասիրողները վկայում են, որ նրանց հետ Խոջալուից հեռացել է նաեւ «ՆԳ շրջբաժնի պետ» Սաբիր Մամեդովը:



Բայց արդյոք նա Խոջալուն լքած միակ պատասխանատու անձն էր: Եթե Մամեդովը միակ դասալիքը լիներ, ապա մյուս ղեկավարներն, ամենայն հավանականությամբ, նրան կարգելեին: Ստույգ հայտնի է, որ փետրվարի 25-ին Խոջալուի «դատախազ» Աթաքիշիեւը գտնվել է Աղդամում: Խոջալուի գործով հարուցված քրեական գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչը, սակայն, ուշադրություն չի դարձրել կամ, թերեւս, չի ցանկացել արձանագրել փաստը, որ Աթաքիշիեւը փետրվարի 25-ին Խոջալուի դրության մասին Աղդամից հեռագրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, նախագահ Մութալիբովին եւ հանրապետական հեռուստատեսության «24 ժամ» լրատվական ծրագրին: Այսպիսով, ապացուցվում է, որ Խոջալուի «դատախազը» Խոջալուն հայկական ուժերի կողմից գրոհելուց առնվազն ժամեր առաջ արդեն գտնվել է Աղդամում: Կարելի է ենթադրել, որ նա կամ Խոջալուից հեռացել է ՆԳ «շրջբաժնի պետ» Սաբիր Մամեդովի հետ՝ փետրվարի 13-ին, կամ հաջորդ օրերին՝ օգտվելով Կարկառի հունով ադրբեջանական հետախույզների կողմից բացված միջանցքից:



Բավական առեղծվածային է նաեւ Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովի հետ կապված պատմությունը: Խոջալուի դեպքերով քրեական գործով հարցաքննվելով որպես վկա, Մամեդովը պատմել է, որ գրոհի երեկոյան գտնվել է Խոջալուում, ինքն է Ադրբեջանի բոլոր ռադիոկայաններին հայտնել գրոհի մասին, անձամբ է հնչեցրել տագնապի ահազանգ: Նա պատմել է, որ Խոջալուից հեռացել է մի փոքրիկ խմբի հետ եւ փետրվարի 26-ի լուսաբացին գտնվել է Աղդամից ոչ ավելի, քան երկու կիլոմետր հեռավորության վրա բաց տարածքում: Մամեդովի ասելով՝ իրենք նկատվել են «հայ զինառյալների կողմից եւ ենթարկվել գնդակոծության», բայց հաջողվել է թաքնվել «մի փոսորակում, որտեղ մնացել են մինչեւ ժամը 18-ի կողմերը, երբ սկսել է ձյուն տեղալ, ինչից օգտվելով՝ կարողացել են մթան քողի տակ հասնել Աղդամ»:



Այս պատմությունը, սակայն, հավատ չի ներշնչում, քանի որ եթե նրանք հայտնվել են հայ զինվորականների հրաձգային կրակի հասանելիության գոտում, ապա հազիվ թե կարողանային թաքնվել ինչ-որ փոսորակում եւ այնտեղ անվտանգ մնալ գրեթե մի ամբողջ օր՝ փետրվարի 26- ի լուսաբացից մինչեւ մութն ընկնելը: Հավանական է թվում, որ Մամեդովը, եթե անգամ մինչեւ վերջ մնացել է Խոջալուում, ապա այնտեղից մի փոքրիկ խմբի հետ հեռացել է միայն իրեն հայտնի երթուղով, մարդկային հիմնական զանգվածից կտրված: Այս ենթադրության օգտին են խոսում նաեւ Խոջալուի բնակիչների՝ քրեական գործում առկա վկայությունները, որոնցից եւ ոչ մեկում Էլման Մամեդովի անունը չի հիշատակվում: Այն դեպքում, երբ մի քանի հոգի պատմել են Խոջալուի «զինվորական պարետ» Ալեֆ Հաջիեւի մասին, որը զինված խմբով գտնվել է հեռացող բնակչության հետ: Ակնհայտ է, որ Խոջալուի տեղական պատասխանատուները ցուցաբերել են հանցավոր փոքրոգություն: Կամ հեռացել են, կամ վտանգի պահին չեն առաջնորդել հեռացող խաղաղ բնակչությանը: Իսկ նրանց բոլորի գլխավոր հանցանք այն է, որ ժամանակին կոնտակտի մեջ չեն մտել հայկական կողմի հրամանատարության հետ, չեն քննարկել խաղաղ բնակչության տարհանման հարցը: Մինչեւ վերջին պահը նրանք թաքնվել են խաղաղ բնակչության թիկունքում: