Արտակարգ դեպք Գյումրու գետնանցումներից մեկում՝ դիմակավորված անձի մասնակցությամբ

Արտակարգ դեպք Գյումրու գետնանցումներից մեկում՝ դիմակավորված անձի մասնակցությամբ
Այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի գետնանցումներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել: Դիմակավորված անձը կողոպուտ է կազմակերպել՝ հարձակվելով գետնանցումում գտնվող հեռախոսների եւ աքսեսուարների խանութի վրա: Խանութի ապակին կոտրելուն պես միացել է անվտանգության ազդանշանը: Տեղեկացանք, որ տարածքի անվտանգության ապահովությունն իրականացնում է Գյումրիում գործող խոշոր պահնորդական ծառայություններից մեկը՝ «ԳՐՈՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ին: Ընկերության տնօրեն Վարդևան Հակոբյանը hraparak.am-ին դեպքից մանրամասներ պատմեց.



«Ազդանշանը միանալուն պես մեր տղաները մեկ րոպեում այնտեղ են եղել: Թեև տղաների մոտ վնասազերծման շատ բան է եղել, բայց փորձել են ծայրահեղ քայլերի չգնալ, որպեսզի ողբերգական դեպքերից խուսափեն: Արդյունքում նա է վնասել տղաներից մեկին, իր մոտ դանակ է եղել, այդ դանակով մեր տղայի ձեռքն է վնասել, բայց անգամ այդ հանգամանքներում, տղաներն առանց ֆիզիկական ավելորդ ուժ գործադրելու նրա վրա, կարողացել են վնասազերծել հանցագործին եւ հանձնել ենք ոստիկաններին: Սա եզակի դեպքերից մեկն էր, նման դեպք շատ հազվադեպ է գրանցվում, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ իմ աշխատողներից, որ իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ կատարեցին»: Վարդևան Հակոբյանի փոխանցմամբ՝ պահնորդական ծառայություն իրականացնող երիտասարդին ժամանակին բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում: Նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություններ ունի կողոպուտ իրականացրած անձի մասին, պատասխանեց.



« Բավական ամրակազմ, պատրաստված երիտասարդ էր, Գյումրից է, բայց այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»: Շիրակի մարզի դատախազությունից փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



**Արևիկ Հակոբյան**