«Մատենադարանը» նոր տնօրեն ունի

«Մատենադարանը» նոր տնօրեն ունի
«Մատենադարանի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:



Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։



Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրեց փակ, գաղտնի քվեարկություն: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:



Տեր-Ղևոնդյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից.



1986-1991թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող: Եղել է նաև ՀՀ նախագահի օգնական: 1993-1995 թթ. Ֆրանսիայում  ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաև Ուրուգվայում և Բրազիլիայում): 1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն: 2008-2011թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ: 2008-ից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:



2016-ի սեպտեմբերից՝ Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: