Վանաձորի համայնքապետարանը չի նշում, թե ինչքան ծախս է արել «խմբակ» բացելու համար

Վանաձորի համայնքապետարանը չի նշում, թե ինչքան ծախս է արել «խմբակ» բացելու համար
Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը, ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 1-ին տեղի է ունեցել նորաստեղծ մշակույթի եւ ինտելեկտուալ զարգացման կենտրոնի բացումը: Համայնքային ենթակայությամբ գործող այս կենտրոնը, ըստ համայնքապետարանի կայքում զետեղված հաղորդագրության, մանկապարտեզներից կտարբերվի «մտավոր, գեղագիտական եւ ֆիզիկական առավել խորացված կրթադաստիարակ» ծրագրով:



Ծառայությունները կմատուցվեն վճարովի հիմունքներով: Այս նոր` «էլիտար պարտեզի» հետ կապված՝ հարցեր էինք ուղարկել համայնքապետարան: Մասնավորապես խնդրել էիք հայտնել, թե որքան գումար է ծախսվել կենտրոնի շինարարական աշխատանքների վրա, համայնքային բյուջեի՞ց է եղել հատկացումը, թե՞ այլ աղբյուրից, ո՞վ է կենտրոնի տնօրենը, որքան է կազմում կենտրոն հաճախելու վարձավճարը եւ այլն: Համայնքապետարանին մոտ 6 օր ժամանակ պետք եղավ, որպեսզի մեզ կիսատ-պռատ, ոչ հստակ պատասխաններ ուղարկեն, մինչդեռ մեր հարցերը շատ կոնկրետ էին: Մեզ ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ մշակույթի տանը բացված այդ կենտրոնը բնավ էլ կենտրոն չէ, այլ ընդամենը՝ խմբակ:



Տարօրինակ է, թե այդ դեպքում ինչու էր համայնքապետարանի պաշտոնական կայքում խմբակը կենտրոն ներկայացվել, որի բացմանն էլ, ի դեպ, մասնակցել էր ավագանու գրեթե ամբողջ կազմը՝ Լոռու մարզպետի գլխավորությամբ: Հարցման պատասխանում նշված է, որ խմբակի համար հատկացված տարածքը 100 քմ է, այս պահին խմբակ է հաճախում 4 երեխա, պարապմունքները տեւում են 4 ժամ: Պարզվում է, սակայն, որ խմբակն սկսել է իր գործունեությունը՝ առանց ծառայության համար վարձավճար սահմանելու: Այն «հլա դեռ նոր պտի սահմանվի»՝ ավագանու առաջիկա նիստին: Թե որքան գումար է ծախսվել խմբակ կոչվող կենտրոնի վերանորոգման աշխատանքների, գույքի, տեխնիկայի ձեռքբերման համար՝ համայնքապետարանի պատասխանում կոնկրետ թիվ նշված չէ:



Նշվում է ընդամենը, որ այդ աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի, մշակույթի տան մուտքագրումներից եւ խնայողություններից գոյացած միջոցներով: Մշակույթի տունը գազիֆիկացվել է, ջեռուցման համակարգն էլ ամբողջությամբ փոխվել է՝ ՀՀ կառավարության պատվերով ու ֆինանսավորմամբ: Թե որքան է կազմում կառավարության հատկացումը՝ դարձյալ ոչ մի նշում:



Դատելով պատասխանից՝ մատաղ սերունդը նոութբուքներով է յուրացնելու «կրթադաստիարակ» ծրագրերը, որոնք նվիրել է Համաշխարհային բանկի երեւանյան մասնաճյուղը: Միակ թիվը, որը նշել են պատասխանում, նոութբուքների թիվն է՝ 11 հատ: Նշենք, որ մշակույթի տան տնօրենն Ասատուր Սողոյանն է, ով 2016 թ․ ՏԻՄ ընտրություններում ընդգրկված էր ՀՀԿ ցուցակում եւ նախընտրական հոլովակում խոստումով էր հանդես գալիս․ «Մենք կակտիվացնենք մշակույթի եւ սպորտի ոլորտների համագործակցությունը, աշխարհին պետք է ներկայանանք ոչ միայն մեր ուժով, այլ նաեւ դարավոր մշակույթով»: Սողոյանը դեռեւս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք է նշանակվել այդ պաշտոնում՝ 2013-ին, երբ Վանաձորի «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ն իրավահաջորդության կարգով վերակազմավորվեց Վանաձորի համայնքի «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի:



Մենք տեղեկություն էինք ստացել, որ համայնքային ենթակայությամբ կրթօջախներից մի քանիսի տնօրենները փոխվել են, եւ մեր հարցման մեջ պարզաբանում էինք խնդրել այս առնչությամբ: Ըստ լուրերի՝ նոր տնօրենները պետք է նշանակվեն «Հայկական վերածնունդի» «քվոտայով», ինչի մասին նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի եւ քաղաքային ղեկավարության միջեւ:



Պարզվում է՝ «Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Կիզողյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, թոշակի անցնելու պատճառով: Տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի մարզիչ Արեն Պալյանը: Նա, ինչպես նաեւ նրա հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Բորիս Պալյանը, ընդգրկված էին 2016 թ․ ՏԻՄ ընտրությունների «Հայկական վերածնունդի» նախընտրական ցուցակում: Բ. Պալյանը նաեւ «Հայկական վերածնունդի» նախընտրական շտաբի պետն էր:





**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**