Կլինի այլընտրանք՝ իրավունք կունենաք էլեկտրաէներգիա գնել ՀԷՑ-ից բացի այլ մատակարարներից

Կլինի այլընտրանք՝ իրավունք կունենաք էլեկտրաէներգիա գնել ՀԷՑ-ից բացի այլ մատակարարներից
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար **Հայկ Հարությունյան**ը երեկ երկար-բարակ ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացրել 2017 թվականին։ Հարությունյանը, ով, ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, նաեւ այս նախարարության գրեթե միակ խոսող պաշտոնյան է։ Վերջերս իր հրաժարականի դիմումից հրաժարված նախարար Աշոտ Մանուկյանի ձայնը լսվել է ընդամենը մեկ անգամ։



Միայն վարչապետի փեսան է, որ Ֆեյսբուքով «լայֆ» ֆորմատով ասուլիսներ է կազմակերպում, հարցերի պատասխանում, երբեմն էլ դուրս է գալիս Ֆեյսբուքից ու իրական ասուլիսներ տալիս «Արմենպրեսում»։ Երեկ այդ օրն էր։ Նա նշեց, որ 2017-ը էներգետիկ բնագավառի համար իրադարձություններով լի տարի էր։ Ապա հիշեցրեց, որ 2017-ին մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, որի վերաբերյալ օրենքն ԱԺ-ն ընդունեց մի քանի օր առաջ։ Հարությունյանի սիրելի ոլորտն արեւային էներգետիկան է, որտեղ ծրագրերը գնալով ծաղկում են։ 2017-ի վերջին ունեցել ենք արեւային էներգիայի 208 ինքնավար արտադրող, իսկ արդեն տարվա սկզբին պայմանագրերի թիվը հասել է 252-ի։ Հիմա փորձում են Հայաստանում զարգացնել նաեւ հողմային էներգետիկան։



Տեսակետ կա, որ վարչապետն արեւային էներգետիկայի ոլորտը տրամադրել է փեսային, քանի որ նա բիզնես հետաքրքրություններ ունի այս դաշտում։ «Չեմ էլ ուզում մեկնաբանել»,- մեզ հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ ինքը 2014 թվականից աշխատում է նախարարությունում եւ համակարգում է այս ոլորտը։



-**Պարոն Հարությունյան, արեւային էներգետիկայի զարգացման արդյունքում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխում, նվազում**։



-Հնարավոր է։ Կախված է շուկայի զարգացումներից։ Բայց, այո, շանս կա, որ մենք ունենանք շատ ցածր եւ մրցունակ սակագին, որը կազդի սպառողների վերջնական սակագնի վրա։



-**Հնարավո՞ր է, որ արեւային էներգետիկան կամաց-կամաց ՀԷԿ-երին դուրս մղի շուկայից**։



-Ոչ, որովհետեւ ՀԷԿ-երը ներկա պահին ամենամատչելին են եւ փոխլրացնող հզորություններ են։ Մեր էներգետիկ քաղաքականության հիմնական առանցքային ուղղությունն է էներգիայի արտադրության դիվերսիֆիկացումը։



-**Պարզապես բնապահպանները բնությանը հասցվող ակնհայտ վնաս են տեսնում ՀԷԿ-երի շահագործման մեջ, դա նաեւ անզեն աչքով է տեսանելի, թե ինչպես են ՀԷԿ-երը ցամաքեցնում գետերը՝ հանուն տնտեսական շահի։ Արդյոք պե՞տք է տնտեսական շահի համար թույլ տալ, որ ՀԷԿ-երը վնասեն բնությունը**։



-Էներգետիկայի նախարարությունը ոչ մի ՀԷԿ-ի գործարկման ո՛չ լիցենզիա է տրամադրում, ո՛չ օգտագործման թույլտվություն է տրամադրում, ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է բնապահպանության նախարարությունը, լիցենզիաները տրամադրում է ՀԾԿՀ-ն։ Ամեն ՀԷԿ անցնում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատական, եթե դա համապատասխանում է բնապահպանական նորմերին, տրվում է ՋԹ, այնուհետեւ՝ լիցենզիա։



-**Էլեկտրաէներգետիկական ոլորտի ազատականացման մասին օրենքի ընդունումն ի՞նչ է իրենից ներկայացնում, եւ արդյոք սա կարո՞ղ է գների իջեցման հանգեցնել**։



-Արտադրության ոլորտին մենք այդքան չենք անդրադառնում, որովհետեւ արտադրության ոլորտի ազատականացման խնդիր չկա։ Ընդունված օրենքի նպատակն այն է, որ կլինեն այլընտրանքային մատակարարներ, դուք իրավունք կունենաք էլեկտրաէներգիա գնել ՀԷՑ-ից բացի այլ մատակարարներից։ Դա՝ մեկ։ Երկրորդը․ կլինի ուղիղ պայմանագրերի շուկա։ Այսինքն՝ մեծ սպառողները, որոնք օրենքում կոչվում են որակավորված սպառողներ, իրավունք կունենան էլեկտրաէներգիա գնել ուղղակի արտադրողից եւ սեփական կարիքների համար ներմուծել էլեկտրաէներգիա, ավելցուկն էլ վաճառել մեծածախ շուկայում։ Գործելու է օր առաջ շուկա, որտեղ չկարգավորվող գներով լինելու է էլեկտրաէներգիայի առեւտուր, բորսա՝ կոպիտ ասած։ Դա լինելու է 2019 թվականի հուլիսի 1-ից։



-**Այսինքն՝ Հայաստանի ողջ տարածքով ՀՀ յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն է ունենալու այլընտրանքային աղբյուրից էլեկտրաէներգիա՞ գնել**։



-Եթե կլինեն մատակարարներ՝ այո։



-**Իսկ այդ մատակարարների հավանականությունը կա՞, կամ եղե՞լ են մինչ այդ ցանկացողներ, որ հիմա, այս օրենքից հետո, դրանք կիրականացնեն**։



-Մինչ այդ այս օրենսդրական բազան չկար, որ լիներ ներկա պահին, կարծում եմ, կլինի, դրա համար էլ գնում ենք շուկայի ազատականացման։



-**Այսինքն՝ դա կարող է բերել գների իջեցմա՞ն**։



-Ցանկացած շուկայի ազատականացում, եթե Դուք հավատում եք լիբերալ էկոնոմիկայի սկզբունքներին, պետք է նաեւ հավատաք մրցակցային էկոնոմիկայի առավելություններին, որը նաեւ հնարավոր է բերի գների նվազեցման։ Բայց, էլի եմ ասում, ես չեմ կարող հստակ թիվ ասել, քանի որ մենք գնում ենք շուկայի ազատականացման, որը նշանակում է, որ շուկայի կարգավորվող գների ահագին մաս դուրս է գալիս, որը նշանակում է, որ պետությունը ՀԾԿՀ-ի ձեռքով չի կարգավորելու այդ ոլորտի կոնկրետ սակագները։ Կարգավորելու է համակարգային ծառայությունների գները, կարգավորելու է այն մասերը, որ ապահովելու է ազատ մրցակցություն, ապահովելու է, որ գերիշխող դիրքեր չլինեն, որ սուբյեկտիվ դրսեւորումներ չլինեն։ Դա ապահովելու ենք։ Բայց շուկայի ազատականացման մասին խոսել ու խոսել կոնկրետ գների մասին…



-**Շուկայի ազատականացումը, սովորաբար, ենթադրում է հենց գների իջեցում**։



-Դուք եք ասում, մենք էլ ենք այդ հույսին։ Մեր նպատակն էլ հենց դա է, ուզում եմ, որ Դուք ինձ ճիշտ հասկանաք։ Մենք տեսել ենք ազատական եւ ոչ ազատական շուկաների տարբերությունը, գտել ենք, որ ավելի արդյունավետ են աշխատում ազատական շուկաները, եւ, հետեւաբար, գնացել ենք այդ ճանապարհով։ Թե ինչքան էժանացում կբերի, ինչքան արդյունավետություն կբերի, շուկայի մասնակիցներից է նաեւ բավականին մեծ չափով կախված։ Մեր գործն այդ դաշտն այնպես կարգավորելն է, որպեսզի մաքսիմալ արդյունավետություն եւ մաքսիմալ մրցակցություն ապահովենք։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**