Անգլիայի թագուհին ավելի քիչ լիազորություն ունի, քան Հայաստանի նախագահը՝ ապրիլի 9-ից հետո

Անգլիայի թագուհին ավելի քիչ լիազորություն ունի, քան Հայաստանի նախագահը՝ ապրիլի 9-ից հետո
ԱԺ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, նախկին դատախազ **Գեւորգ Կոստանյանի** համար Սահմանադրությամբ ամրագրված այն գաղափարը, որ նախագահը պետք է անկուսակցական լինի, նրա մեջ է, որ նախագահը, ըստ էության, պետք է արբիտրի դեր ստանձնի երկրի քաղաքական, կառավարման օղակների հետ կապված։ «Հետեւաբար, որպեսզի արբիտրը լինի հնարավորինս օբյեկտիվ, արբիտրը լինի հնարավորինս ավելի անաչառ իր վերաբերմունքի, գործունեության եւ հատկապես ներկայացուցչական ֆունկցիա իրականացնելու հարցում, իհարկե, շատ կարեւոր է, որ ինքը քաղաքական գործունեությամբ զբաղված չլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Կոստանյանը։



**- Պարոն Կոստանյան, դատելով Սահմանադրութամբ նախագահին վերապահված լիազորությունների նեղ շրջանակից, կարելի է ենթադրել, որ ապագա նախագահն «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու։ Իսկապե՞ս նախագահի լիազորություններն այնքան են նվազելու, որ նրա պաշտոնը ձեւական բնույթ կրի։**



Ոչ, ես կարծում եմ՝ նման արտահայտություն անողները հիմք են ընդունում համադրությունը՝ հանրապետության նախագահի ներկայիս լիազորությունները եւ հանրապետության նախագահի լիազորությունները ապրիլի 9-ից հետո։ Երբ որ մենք համադրությամբ ենք նայում նախագահների լիազորությունների տարբերությունը, այո, ապրիլի 9-ից հետո հանրապետության նախագահի լիազորություններն զգալի նվազում են այսօրվա նախագահի համեմատությամբ։ Բայց, որ դառնում է «անգլիական թագուհի», նախ ես նման ձեւակերպում չէի տա՝ իրավական առումով, որովհետեւ Անգլիայի թագուհին ավելի քիչ լիազորություն ունի, քան Հայաստանի նախագահը՝ ապրիլի 9-ից հետո։



**- Ամեն դեպքում, երկրի նախագահի հիմնական ֆունկցիան ո՞րը կլինի, երկրի կառավարման մասով որեւէ իշխանություն կունենա՞ նա։**



Երկրի կառավարման համար երկրի նախագահը պատասխանատու սուբյեկտ չի լինելու ապրիլի 9-ից հետո։ Երկրի նախագահը պատասխանատու է լինելու, այ, էդ բալանսի ապահովման առումով, հատկապես՝ ներկայացուցչական ֆունկցիա իրականացնելու տեսանկյունից։



**- Պե՞տք է նա անկախ դեմք լինի, ինչպես ՄԻՊ-ի դեպքում է։**



Այո, հենց դրա համար էլ նախագահը, որը չի ունեցել քաղաքական կուսակցական անցյալ, նախագահ, որը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, իր անաչառությունը եւ օբյեկտիվությունն են հիմք տալիս իրեն մասնակցել նման պաշտոնում ընտրությանը։



**- Ամեն դեպքում՝ անվստահություն կա, ՄԻՊ-ի դեպքում եւս այդպես եղավ, որ եթե իշխանությունն է առաջադրում իր թեկնածուին ու ինքն էլ իր ձայներով անցկացնում, ուրեմն տվյալ մարդը լինելու է իշխանության կամակատարը։**



Գիտե՞ք ինչ կա, էս երկրում չկա տենց սուբյեկտ, որին հնարավոր չլինի այդ Ձեր ասած բնորոշմամբ բնորոշել։ Եթե հիմա մենք, չգիտեմ, Ամերիկայից մի հատ ձեզ համար հայտնի, շատ լուրջ ճանապարհ անցած սուբյեկտի անուն բերեինք առաջադրեինք՝ որպես նախագահ, էլի նորից նույն մեկնաբանության հիմքը դուք կունենայիք։ Այսինքն՝ էդ կանխավարկածով շարժվելը սխալ է։ Խնդիրը հենց դրանում է՝ լավ, իշխանությունն է ներկայացնում թեկնածու, որովհետեւ Սահմանադրությունն է էդպիսին։ Երկրորդը, եթե ինքը ներկայացնում է էնպիսի թեկնածուի, որն ընդունելի է իր մարդկային, պրոֆեսիոնալ հատկանիշներով, իր կառավարման ընդունակություններով եւ այլն, ի՞նչ տարբերություն քաղաքացու համար, թե ով է առաջադրել էդ թեկնածուին։



**- Ի դեպ, Դուք անկուսակցական եք եւ առնվազն մի չափանիշով համապատասխանում եք նախագահի թեկնածու լինելուն։ Հնարավո՞ր է հավակնեք նախագահի պաշտոնին։**



Բացառում եմ։ Մի չափանիշը բավարար չէ, էստեղ նաեւ, կարծում եմ, ցանկությունը պետք է հաշվի առնել, որովհետեւ ես միշտ ձեռնպահ եմ մնացել եւ մնալու եմ քաղաքական բնույթի ցանկացած գործունեությունից։



**- Բայց հիմա, փաստացի, քաղաքական գործունեություն եք ծավալում՝ պատգամավոր եք եւ քաղաքական խմբակցության անդամ։**



Ոչ, հիմա ես քաղաքական գործունեություն չեմ ծավալում, ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու։ Թեեւ, իհարկե, պատգամավորն ինքնին քաղաքական պաշտոն է, բայց եթե Դուք՝ ինքներդ հետեւում եք իմ գործունեությանը, ես այդ պաշտոնում էլ բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալում։



**- Իսկ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա՞։**



Մենք նախկինում իրար հետ այս հարցով խոսել ենք։ Դուք ո՛չ ինձ եք լավ ճանաչում, ո՛չ էլ, առավել եւս, երկրի նախագահին։ Նախագահը քո կամքին հակառակ երբեք ոչ մի բան չի անում։



**- Իսկ ունե՞ք Ձեր մտքում ապագա նախագահի հավանական թեկնածուի անուն։**



Ես չեմ մտածում այդ մասին, որովհետեւ ես կուսակցական չեմ, հետեւաբար, կուսակցական որոշումների կայացմանը չեմ մասնակցում եւ չեմ մասնակցելու, հետեւաբար, այդ առումով չեմ էլ մտածել։



**- Ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ խորհրդի կազմը գնաց նախագահական՝ հանդիպելու Սերժ Սարգսյանին, նրա իսկ հրավերով։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա խորհրդարանական երկիր է, եւ Սերժ Սարգսյանն ինքը պետք է գա խորհրդարան, ոչ թե հակառակը։ Ի՞նչ կասեք այս մասով**։



Տեսեք, մենք խորհրդարանական երկիր, ըստ էության, դառնում ենք ապրիլի 9-ից հետո։ Այս պահի դրությամբ հանրապետության նախագահն իրականացրել է իր ֆունկցիան՝ 2005 թվականի սահմանադրությամբ նախատեսված, եւ ինքը հրավիրել է ԱԺ խորհրդին՝ որպես երկրի նախագահ դեռեւս 2005 թվականի Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում։ Հետեւաբար, այդ մասին խոսելը մինչեւ ապրիլի 9-ը, ես ձեռնպահ կմնայի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**