Ի վերջո այս հարցը որոշողը Սերժ Սարգսյանն է․ Ալեք Ենիգոմշյան

Ի վերջո այս հարցը որոշողը Սերժ Սարգսյանն է․ Ալեք Ենիգոմշյան
Ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի «SOS Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան» նախաձեռնությունը այսօր երթ կանցկացնի դեպի նախագահական նստավայր, որտեղ կհանձնեն դիմում-պահանջ ուղղված Սերժ Սարգսյանին։ Ընդդիմադիրները պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը կատարի ամբաստանյալների պահանջը, եւ նրանց «Նուբարաշեն»-ից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանին դիմում հանձնելու որոշումը նախաձեռնությանն է․ «Մենք, իհարկե, մասնակցում ենք այդ երթին, նրանց տեղափոխման խնդիրը շատ պարզ, պրիմիտիվ որոշում պետք է լինի, որը պետք է կայացնի Քրեակատարողական վարչությունը։ Այսինքն՝ զուտ իրավական առումով, այդպես է դրվածքը, բայց քանի որ ընդհանրապես Հայաստանում շատ-շատ հարցեր քաղաքականացված են եւ այս հարցը, որին քաղաքական երանգ է տրվում հենց իշխանությունների կողմից, եւ եթե մինչեւ հիմա այս խնդիրը չի լուծվում, դա գալիս է քաղաքական դաշտից։ Այս քայլը՝ դիմելու Սերժ Սարգսյանին, այդ շեշտադրումը կատարելու համար է, ոչ թե ինչ-որ ակնկալիք կա Սերժ Սարգսյանից, այլ իրեն ասելու համար, որ այս հարցը ի վերջո որոշողը Սերժ Սարգսյանն է։ Իհարկե, ուշադրությունը կենտրոնացվում է դրա վրա եւ իրենից պահանջվում է, ասվում է, որ դու ես պատասխանատու այս հարցին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե չեն տեղափոխվել, ապա քեզնից են կամ վախենում, կամ դու ուղիղ հրահանգ ես իջեցրել, որ այս մարդկանց անընդհատ խոշտանգել»։



Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ թեեւ Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը, սակայն շարունակում է պահանջել իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։