Աստղային «հանգուցյալներ»․Մաս 2

Աստղային «հանգուցյալներ»․Մաս 2
## [_Մաս 1_](https://www.hraparak.am/posts/5a3671498fc411068222158f)



«Հանգուցյալ» բառը ոչ ուղիղ իմաստով կիրառելու նպատակահարմարությունը մեկն է․ ներկայացնել հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնց աստղը վաղուց խամրել է, և որոնք տարիներ շարունակ երաժշտական ասպարեզում արդեն «հանգուցյալներ» են «հռչակված»։ Ժամանակին նրանք հեռուստաեթերի սիրելիներն էին, իսկ այսօր նրանց մասին, կարելի է ասել, հիշում ենք միայն մենք։



**Մայքլ Քոթանջյան**- Երգիչ Մայքլ Քոթանջյանին հանրությունը հիշում է վաղ 90-ականներից: Նա ինքնատիպ էր, յուրօրինակ: Ու թեև նրա երգացանկում հիմա բավական բարդ է ինքնատիպության նշույլներ որոնելը, այդուհանդերձ, երգիչը ժամանակին սիրված էր ու նման համարում ուներ: Նրան հիշեցին «Կանաչ աչքեր» երգով ու նույն երգով էլ մոռացան:



Ու թեև տարիներ առաջ երգիչը հանրությանը ներկայացրեց նոր տեսահոլովակը` «Արտիստը», որը հոր` Ռաֆայել Քոթանջյանին էր նվիրված, այդպես էլ չվերադարձավ մեծ բեմ: Ապացույցն էլ տեսահոլովակի յութուբյան դիտելիությունն է` ընդամենը 17 հազար դիտում: Հիմա երգիչը ընտանիք է կազմել ու ըստ էության երաժշտական աշխարհում համալրել «հանգուցյալների» շարքը:



**Գոգա**- Երգչուհի Գոգան ժամանակին եթերների, ամանորյա հաղորդումների ամենասպասված հյուրերից էր: Որտեղ Զարուհի Բաբայանն էր, Ալլա Լևոնյանը, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը, այնտեղ էր և Գոգան: Նրա երգերը սիրված էին ու հիշվում էին հանդիսատեսի կողմից:



Բայց տևական ժամանակ է, ինչ նա «անհետացել» է երգարվեստից: Երգի պետական թատրոնից Գոհար Գևորգյանի ձայնը չի լսվել մի ամբողջ հավերժություն: Մամուլում նույնիսկ շատ դժվար է թարմ տեղեկություն գտնել նրա մասին, եղածներն էլ «ասում» են, որ Գոգան վաղուց մեկնել է ԱՄՆ և բնակվում է այնտեղ:



**Էմին Դավիդով**- «Երկնքի բոլոր աստղերը քեզ եմ նվիրում» երգը դարձավ Էմին Դավիդովի կարիերայի մեկնակետը և դարասկզբի հիթը: Բայց ինչ իմանար երգիչը, որ նվիրած բազում աստղերը փշերի տեսքով վերադառնալու էին իրեն: 90- ականների ամենասկանդալային երգչի նույնասեռական լինելու փաստը նրան տարավ օվկիանոսից այն կողմ:



Ու թեև երաժշտական կարիերան ընդհատվեց, բայց նրան այսօր հանրությունը շարունակուն է ուշադրության կենտրոնում պահել: Պարբերաբար հրապարակվող լուսանկարները դառնում են սոցցանցերի քննարկման թիվ մեկ թեման։



**Կարեն Գալուլյան**- Եթե 90-ականներին տղամարդկանց սեքս խորհրդանիշը Լիլիթ Կարապետյանն էի, ապա կանաց սեքս սիմվոլը Կարեն Գալուլյանն էր: Ու չնայած նրա մասին նույնիսկ Գուգլ որոնողական համակարգում գրեթե տեղեկություն չկա, այդուհանդերձ հանրության մի մասը հիշում է թե նրան, թե նրա համարձակ տեսահոլովակները: