Գյուղապետը որոշել է գյուղի անունը փոխել

Գյուղապետը որոշել է գյուղի անունը փոխել
Ֆրոնտիկ Թեւոսյանը 31 տարի է, ինչ ղեկավարում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքը: Այս տարիների ընթացքում նա հասցրել է աչքի ընկնել սկանդալային պատմություններով: Գյուղապետն իր անունով է անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Այս լուրը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ու դարձել երգիծանքի թեմա։ Այս անգամ էլ գյուղապետը որոշել է գյուղի անունը փոխել՝ Նոր Գեղին դարձնել Նոր Քղի: Օրեր առաջ նա ավագանու նիստ է հրավիրել եւ հաստատել անվանափոխությունը. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք-գրությունը եւ Նոր Գեղի համայնքի բնակիչների դիմումները՝ համայնքի ավագանին որոշում է համաձայնություն տալ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքն անվանափոխել Նոր Քղի»: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք գյուղապետ **Ֆրոնտիկ Թեւոսյանի** հետ:



-**Պարո՛ն Թեւոսյան, ինչո՞ւ եք որոշել գյուղի անունը փոխել**:



-Դեռ անվանափոխություն չի եղել, ավագանին իր որոշումը կայացրել է, ինչ-որ անվանակոչությունների հանձնաժողով էլ կա, բան կա: Էսի կապված է Արեւմտյան Հայաստանի Հին Քղիի հետ: Դեռ 64թ.-ին եկել են մեր գյուղ եւ մեր գյուղը նմանեցրել են իրենց գյուղի հետ: Դեռ էդ ժամանակ գյուղը պետք է լիներ Նոր Քղի, բայց ստացել է Նոր Գեղի անունը: «Նոր Քղի» միությունն այս տարիների ընթացքում գյուղի դպրոցն է կառուցել, ռեմոտն արել, գյուղին շատ օգնություն են տվել, գյուղում հուշարձան են կառուցել:



-**Իրենց խնդրանքո՞վ եք գյուղն անվանափոխում**:



-Իրենք դիմել են սփյուռքի նախարարություն, նախարարությունն էլ՝ մարզպետարան: 2 ամիս առաջ էլ միության ներկայացուցիչն իր տղայի հետ եկել էր գյուղ եւ պարտավորվել մանկապարտեզը վերանորոգել: Քանի որ ընթացքում համայնքների միավորում է գնում, դրանից էլ մենք շուտ որոշում կայացրինք գյուղն անվանափոխելու համար:



-**Բնակիչները տեղյա՞կ են, լսումներ անցկացրե՞լ եք**։



-Հա, դպրոցի կոլեկտիվը դիմում է գրել:



-**Գյուղի եկեղեցու կառուցումն ավարտվե՞ց**:



-Շենքը լրիվ պատրաստ է, բայց բարեկարգման աշխատանքները մնացել են: Բացումը մնաց մյուս տարի:



-**Եկեղեցին Սուրբ Հովհաննե՞ս է կոչվելու**:



 -Հա, դա էլ շատ կապված է մեր ընտանիքի հետ, քանի որ ներդրումների շատը ես եմ անում, Ծառուկյանը միայն ցեմենտ է տվել:



-**Հնարավո՞ր է հետագայում եկեղեցին անվանափոխեք Ձեր անունով, քանի որ գյուղում ամեն ինչ Ձեր անունով է**:



-Չէ, չէ, ոչ մի դեպքում, Սուրբ Հովհաննեսը չի անվանափոխվի:



-**Ավագանու որոշմամբ հողամասերի աճուրդ-վաճառքին պարբերաբար մասնակցում են նաեւ Ձեր 3 տղաները, ի՞նչ նպատակով են գնում հողերը**:



-Իմ տղաններն են, է, մեր նպատակը հետեւյալն է․ ե՛ւ հողը կօգտագործենք, ե՛ւ գյուղապետարանին գումար կլինի: Դրանք 100 տարվա անօգտագործելի հողերն են:



 



**Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**