Մխիթարյանն ու մանչեսթերյան դերբին

Մխիթարյանն ու մանչեսթերյան դերբին
Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի գլխավոր հանդիպումը՝ մանչեսթերյան դերբին եւս անցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ: Վեց խաղ անընդմեջ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին առհասարակ չի էլ հայտավորում հանդիպումներին: Պորտուգալացի մասնագետը շաբաթներ առաջ, արդեն թեկուզ մասնակիորեն, պարզաբանել է, թե ինչու խաղաժամեր չի տրամադրում հայ կիսապաշտպանին: Այո, Ժոզեն դժգոհ է վերջին մի քանի հանդիպումներում Մխիթարյանի ցուցադրած խաղից, դրա համար էլ շանս է տալիս այլ ֆուտբոլիստների, ովքեր եւս փորձում են ամրապնդվել հիմնական կազմում՝ վերագտնելով իրենց լավագույն մարզավիճակը:



Անխոս՝ բոլորս ուզում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը միշտ խաղադաշտում լինի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում, առավել եւս ուզում ենք տեսնել նրա շարունակական հաջողությունները, սակայն եկեք անկեղծ լինենք՝ միշտ չէ, որ մեր ցանկությունն ու իրականությունը մեկտեղվում են: Ժոզե Մոուրինյոյի՝ «Հենո, դուխով» հեշթեգով ռմբակոծելը դժվար թե լրջորեն ներազդի ստեղծված իրավիճակի վրա: Իհարկե, ամբողջովին հասկանալի է հայ երկրպագուների վրդովմունքը, բայց նաեւ անհասկանալի է Մոուրինյոյից մոլեռանդորեն արդարություն պահանջողների ծայրահեղականությունը: Գիտակցենք՝ մեծ ֆուտբոլում չափից դուրս բարդ է շարունակական հաջողությունների հասնելը, մարզիկից շատ բան է պահանջվում՝ աշխատասիրություն, ամուր հոգեբանություն, փորձությունները հաղթահարելու կամք, հավատամք, վերափոխվելու, նոր թիմում, նոր երկրի ազգային առաջնությունում հարմարվելու կարողություն եւ այլն:



Եվ, ինչ խոսք, այս կարողություններից մի քանիսը հատկորոշ են նաեւ Հենրիխ Մխիթարյանին, բայց դա քիչ է, ժամանակներ եւ իրադրություններ կան, որոնք ավելին են պահանջում՝ գրեթե անհնարինը: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Հենրիխ Մխիթարյանը շանս ստանալու դեպքում պիտի անի այդ գրեթե անհնարինը, որպես ֆուտբոլիստ գերազանցելով ինքն իրեն, ավելացնելով ունեցած խաղային որակները: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, մենք, միանշանակ, շարունակելու ենք երկրպագել Հենոյին՝ լավագույնը մաղթելով նրան:



Իսկ մանչեսթերյան դերբին ավարտվեց Պեպ Գվարդիոլայի գլխավորած անպարտելի «Սիթիի» հաղթանակով: Տասնչորս անընդմեջ հաղթանակ, եւ Պրեմիեր լիգայի բացարձակ, միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» շատ մոտ է, որպեսզի վերջնականապես հասնի ցանկալի ու սպասված չեմպիոնությանը:



Հանդիպման 43-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Քաղաքայինների առաջատարներից Դավիդ Սիլվան, սակայն րոպեներ անց «Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը, օգտվելով «Սիթիի» պաշտպանի թույլ տված կոպիտ սխալից, հավասարեցրեց այն: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն պարզապես սկուտեղի վրա գոլ նվիրաբերեց «Սիթիին», նրա կոպիտ սխալից հետո Օտամենդին, ընդամենը մի գեղեցիկ հպումով, գնդակն ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին: Այսպիսով «Մանչեսթեր Սիթին» էլ ավելի առաջ պոկվեց իրեն հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 46 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը:



 



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**