Մենք ընդամենը հաղթել ենք ճակատամարտը, բայց մեծ պատերազմը դեռ առջեւում է․ (տեսանյութ, ֆոտո)

Մենք ընդամենը հաղթել ենք ճակատամարտը, բայց մեծ պատերազմը դեռ առջեւում է․ (տեսանյութ, ֆոտո)
Օրեր շարունակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի, մասնավորապես՝ տարկետման վերացման դեմ հարյուրավոր ուսանողների բողոքի ակցիան այսօր շարունակվեց Ազգային ժողովի դիմաց։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները փորձեցին օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին, քանի որ պետք է տեղի ունենար ՊՆ-ի հեղինակած օրենքների փաթեթի քննարկումը, սակայն քվորումը չապահովելու պատճառով նիստը հետաձգվել էր։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է 4 կետ․ «Օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար։ Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա` տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տվող տեղեր։ Հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը, և 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել: Ապահովել նախկին տարիներով ձևավորված տարկետման տեղերը: Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈւ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:



Ուսանողների կազմակերպած ակցիային միացել էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամները, նաեւ Ելք դաշինքի պատգամավոր Արարատ Միրազոյանը։



Քաղաքապետարանի «Ելք» Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով շարժման ետեւում «Ելք»-ի կանգնած լինելու խոսակցությունների մասին, նշեց, որ այդ խոսակցություններով վիրավորում են հենց ուսանողներին․ «Տեսնում եք, որ շարժումը ինքնաբուխ է, տեսնում եք, որ «Ելք» դաշինքը իր դիրքորոշումը հայտնել է, եւ եթե «Ելք» դաշինքը, եւ ուսանողները հայտնում են համահունչ դիրքորոշում, դա նշանակում է , որ այդ դիրքորոշում իրապես փաստարկված է։ Կրկնում եմ՝ ով ասում է ուսանողների կազմակերպածը հրահրված է որեւէ մեկի կողմից, նա պնդում է, որ մեր ուսանողները չունեն այնքան ինքնուրույնություն, որ այդ ամենը իրականացնեն։ Ես շատ վաղուց ֆիքսել եմ, որ մեր կառավարությունը ունի մի հմտություն, երբ իրենց ներակայցվում է խնդիրը, իրենք ոչ թե բացատրում են, փորձում են հասկանալ ինչումն է խնդիրը, փորձում են հասկանալ՝ ինչու խնդիրը կա։ Նրանք չեն ուզել լսել ուսանողների փաստարկները»։



Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ուսանողությանը աջակցելու համար եւս ներկա էր բողոքի ակցիային․ «Առաջին անգամ եմ գալիս եւ հիացած եմ երիտասարդների ավյունով, իհարկե, պետք է նրանց աջակցել։ Իմ կարծիքով՝ քաղաքացիները պետք է գան աջակցելու երիտասարդներին։ Հասարակության ամբողջ ցավը այն է, որ մենք մեր ուժերին չենք հավատում, ամեն մի շարժում փորձ է արվում վարկաբեկել։ Ուղորդվում է, թե չի ուղորդվում ես չեմ ուզում դավադրությունների խոսակցությունների մեջ մտնել։ Ես համոզված եմ՝ եթե հետեւողական շարժում է լինում՝ միշտ արդյունք է ունենում»,-ասաց Իշխանյանը։



Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ շաբաթ եւ կիրակի օրերին բողոքի ցույցերը չեն շարունակվի, պետք է կազմակերպվի քննարկումներ այդ օրերին, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը․ «Աշխատելու ենք էն միավորումների, կազմակերպությունների հետ, որոնք ունեն առաջարկներ՝ մեկ ընդհանուր փաթեթ ձեւավորելու համար։ Այսօրվա նիստը հետաձգվեց, այդ հետաձգումը մեզ համար նշանակություն ունեցավ, մենք ժամանակ ունենք առաջարկը խորացնելու համար։ Մենք չենք կարող ասել՝ ինչու պատգամավորները ներկա չեն եղել քննարկմանը, մենք ուրախ ենք, որ ունենք ժամանակ խնդիրները բարձրաձայնելու համար։ Լինելու են լայն հավաքներ, կփորձենք կազմակերպել բանախոսների ելույթներ, առաջարկների մասին խոսել։ Շաբաթ, կիրակի օրերին ոչ աշխատանքային օրեր են դասադուլ չի լինի, երկուշաբթի օրվա մասին ոչինչ դեռ չեմ կարող ասել՝ կախված է շաբաթ եւ կիրակի օրերից»։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Վահանը, նշեց, որ իրենք կարողացել են Հայաստանում ինչ-որ բան փոխել՝ անտարբերությունը կոտրել․ «Այսօր մենք ընդամենը հաղթել ենք ճակատամարտը, բայց մեծ պատերազմը դեռ առջեւում է։ Այն խոսքերը ,որ ուսանողությունը մեր երկիր ապագան է, այդքան էլ չի համապատսխանում իրականությանը, մենք ցույց տվեցինք, որ մենք Հայաստանի ներկան ենք, մենք էս օրերի ընթացքում կարողացանք մի քար ջարդել էն անտարբերությանը պատից, որը ստեղծվել էր Հայաստանում»։



Նշենք, որ այսօրվա ցույցը ավարտվեց Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ, որտեղ էլ ցուցարարները վանկարկում էին՝ տարկետում լինելու ա։



**Աննա Պապիկյան**