Մարզպետն իր շեֆի՝ Աշոտ Արսենյանի որդու գովքն է անում

Մարզպետն իր շեֆի՝ Աշոտ Արսենյանի որդու գովքն է անում

Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում վերախոշորացման արդյունքում արտահերթ ընտրություններ կայանան: Անցած հոկտեմբերի ընտրություններում Ջերմուկը խոշորացվեց: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր լիազորությունները, եւ «կընտրվի» Վահագն Արսենյանը` պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին։ Երեկ զրուցեցինք Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որը եկել էր բյուջեի քննարկումներին մասնակցելու։



- Հնարավոր համարո՞ւմ եք, որ 2018-ին արտահերթ ընտրություններ հայտարարվեն Ջերմուկում, որ Աշոտ Արսենյանի որդին դառնա քաղաքապետ։
- Ես որեւիցե բան չեմ բացառում, մարդն իրավունք ունի առաջադրվելու, ընտրվելու։ Իսկ արտահերթ ընտրություն, այո, հնարավոր է, որ նորից բարեփոխումներ լինեն, պարոն Լոքյանն ասաց, չէ՞, որ հնարավոր է զարգացման ծրագրի շրջանակներում նորից բարեփոխումներ, խոշորացումներ լինեն։



- Փաստորեն, նորմալ է, որ պատգամավորի որդին էլ դառնա մարզի խոշոր քաղաքներից մեկի քաղաքապետը։
- Այո, իսկ ի՞նչ է եղել, գուցե ես ինքս էլ առաջադրեմ իմ թեկնածությունը։



- Փաստորեն, Հայաստանում պաշտոնները դինաստիական սկզբունքով են բաշխվում, եթե հայրը պատգամավոր է, որդին պետք է իր «քաղաքի» քաղաքապետը լինի, Դուք այստեղ ռիսկեր, արեւելյան ոճ չե՞ք տեսնում։
- Ես միշտ ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ ժամանակ կգա, դա կլինի մի տարի հետո, թե հինգ տարի հետո, ժողովուրդը պետք է խնդրի, մարդուն ասի՝ եկեք մեզ ծա-ռա-յեք, հարգելի, հարազատ մարդ։ Հասկացա՞ք ինչ եմ ասում, մարդը պետք է ընտրվի ծառայության համար ու լավ ծառայի ժողովրդին։



- Այսինքն՝ պետք է իրեն խնդրե՞ն կամ խնդրել են, դրա համա՞ր է ուզում քաղաքապետ դառնալ։
- Ես ասում եմ՝ կգա դրա ժամանակը, եւ կարծում եմ՝ ինչո՞ւ չէ, այս կարգի ընտիր երիտասարդներ պետք է առաջադրվեն, քաղաքապետ դառնան։



- Իսկ ի՞նչ կպատմեք այդ «ընտիր» երիտասարդի գործերից։
- Ինքը Գնդեվազում եվրոպական չափանիշներին համապատասխան անասնական ֆերմա է ստեղծել եւ անձամբ ինքն է զբաղվում։



- Կովերո՞վ։
- Այո, այո, շինարարությունից սկսած, ամեն ինչից վերջացրած, ինքն անձամբ է անում… իր նախաձեռնությամբ։ Հայրն ասում էր՝ բիզնեսը կա, դրանով զբաղվի, բայց սիրում էր, ստեղծեց էդ մարդը, իսկ դրանից դուրս ինքն իրենց բիզնեսում ծրագրեր է իրականացնում։



- Եթե բիզնեսում հաջողել են, ինչո՞ւ են տեղափոխվում քաղաքականություն, բիզնե՞սն են ապահովագրում։
- Ես ողջունում եմ այդ կարգի մարդկանց, որ նման բիզնես ունեն, բայց թողնում են, որ գան, մտնեն ու համայնքը զարգացնեն, իր քաղաքը պահեն, ավելացնեն, համոզված եմ, որ էդ կարգի մարդիկ ավելացնելու են։



- Իսկ հիմա չե՞ն աջակցում, ավելացնում։
- Իհարկե, անում են, բայց մեջը լինել որպես համայնքի ղեկավար, դա լրիվ ուրիշ է։ Ամենօրյա ծրագիր ես իրականացնում։



- Իսկ ճի՞շտ են ասում, որ մարզի իրական ղեկավարն Աշոտ Արսենյանն է, ոչ թե Դուք, եւ ինքն է որոշում՝ ինչ անել մարզում, ինչ՝ ոչ։
- Բոլորովին։



- Դուք Ձեզ կաշկանդված չե՞ք զգում, ազատ որոշումներ կայացնո՞ւմ եք։
- Բոլորովին, ես լիովին ազատ եմ իմ լիազորությունների շրջանակում։



- Աշոտ Արսենյանը Ձեր մարզում, Ձեր աշխատանքում ազդեցություն չունի՞։
- Բոլորովին։ Իհարկե, մենք քննարկում ենք իրար հետ, մեր ԱԺ պատգամավորն է։ Ես աշխատում եմ… Մի հատ տեսեք՝ պարոն Արսենյանը քանի անգամ է լինում մարզպետարանում։ …Ոչ, որեւիցե նման բան չկա, մենք միասին համագործակցում ենք, Աշոտ Արսենյանն իմ ընկերն է, իմ հարազատ ընկերն է նաեւ նախկին պատգամավոր, այսօր գործարար Սարգսյան Սամվելը։ Ու եթե բոլորի կարծիքի անհրաժեշտությունը կա, մենք քննարկում ենք։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ