Երկրներ կան, որ էսօր 2 մլն. հայ է ապրում, բայց մի հայ դեպուտատ չունենք

Երկրներ կան, որ էսօր 2 մլն. հայ է ապրում, բայց մի հայ դեպուտատ չունենք

Հոկտեմբերին Վրաստանում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վրաստանի բնակչությունն ընտրելու է իր շրջանային ժողովների ղեկավարներին, որոնք եւս այնտեղ պատգամավոր են համարվում։ Իհարկե, խորհրդարանի պատգամավորներն ու ՏԻՄ պատգամավորները լրիվ տարբեր են։ Թեպետ նախընտրական շրջանը դեռ չի մեկնարկել, սակայն արդեն իսկ լարվածություն է նկատվում հատկապես Ջավախքից այս ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող հայ թեկնածուների միջեւ։ Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցեցինք Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրթի հետ, ում հանդիպել էինք Ջավախքում՝ Գուսան Հավասու տոնի օրը։ Նա, ի դեպ, այլայլվում էր, երբ հայ-վրացական հարաբերություններին վերաբերող որեւէ կնճռոտ հարց էր լսում, քանզի կարծում է, որ մենք պետք է շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ իրենք անում են մեզ՝ տեղի հայերի, Ջավախքի համար…



Բայբուրթը կարծում է, որ այս ընտրություններից հետո էլ մեծ փոփոխություններ չեն լինի, եւ հայազգի պատգամավորների այն բալանսը, որ կա հայաբնակ շրջաններում, կպահպանվի։ «Բանն այն է, որ մենք ամեն ինչ անում ենք, բայց ժողովրդի արտահոսքը, ինչպեսեւ Հայաստանում, մեծ չէ, բայց կա, հայերի արյան մեջ է, որ նրանք ձգտում են գնալ այլ երկիր, թողնել իրենց ծննդավայրը, հայրենիքը եւ հայտնվել ուրիշ երկրներում։ Սա հայ ժողովրդի այն բնազդն է, որ ինչ-որ կերպ իրենց ընտանիքը պահեն։ Սա գալիս է 5-6-րդ դարերից, որ հայերն սկսել են քոչել Հայաստանից։ Սա նոր պրոբլեմ չէ, սա մեր գենետիկ կոդի մեջ է գրված, որ մենք ընտանիքի ապահովման հետ կապված երբ ինչ-որ վտանգ ենք զգում, թողնում ամեն ինչ ու գնում-փնտրում ենք այն վայրը, որտեղ ապահով է»,- ասաց Վան Բայբուրթը։



- Արտագաղթի պատճառները տեսնում եք գենետիկայի՞ մեջ։
- Այո։ Իսկ ինչ է, վրացիք չե՞ն տեսել ջարդեր, պատերազմներ։ Բայց ոչ ոք չի լքել, մնացել են ու մնացել։



- Վրաստանում այսօր հայերի համար նորմալ կեցության պայմաններ ստեղծվա՞ծ են, որպեսզի չարտագաղթեն։



- Միշտ էլ եղել են, բայց կան հիմնախնդիրներ, որոնք․․․ այո, վրացիքի արտահոսք էլ կա, եթե համեմատենք դա ըստ քանակության, իհարկե, վրացիքի արտահոսքը հիմա ավելի շատ է, քան թե հայերինը։ Այո, կան այդ հիմնախնդիրները։



- Հայերն ի՞նչ հիմնախնդիրներ ունեն Վրաստանում։



- Տեսեք, մենք ունենք մի խնդիր, եթե մենք՝ հայերս, ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ մեր երեխաները սովորեն հայկական դպրոցներում, հայեցի կրթութուն ստանան, իմանան հայկական մշակույթը, թատրոնը, թերթը, եկեղեցին եւ այլն, Վրաստանում դրա հիմնելը պետք չէ։ Ինքը՝ Վրաստանն է քեզ մատուցում ու ասում, որ ուզո՞ւմ ես, խնդրեմ։ Մեզ՝ հայերիս, ի՞նչ է հարկավոր Հայաստանում, որ մենք մեր գիրը գիտենանք, մեր պատմությունը գիտենանք, մի սկսեք, թե պատմություն ինչի՞ չի դասավանդվում։ Պետք էլ չէ։ Կա ինտերնետ, կարդացեք, հավաքվեք ու իմացեք մեր պատմությունը։



-Իսկ եթե չկա ինտերնետ կամ ժամանակին որ չկար, պատմություն ինչպե՞ս էին սովորում, մեկը պիտի՞ դասավանդեր։



- Լսեք, ես համարում եմ․․․ մի բան եք մոռանում՝ ինչո՞ւ ոչ ոք չի դիմում էն պետություններին՝ ավելի հարուստ, ավելի բարեկարգ, որ այդ երկրներում լինեն հայկական դպրոցներ, ոնց որ Վրաստանում է։ 132 հայկական դպրոց պահում է Վրաստանի պետությունը՝ առաջին դասարանից մինչեւ 12-րդ դասարան, բոլոր առարկաները սովորում են հայերեն։ Ես համարում եմ, որ սա շռայլություն է։ Մեզ՝ Վրաստանի հայերիս պետք է, որ նրանք լավ գիտենան վրացերենը, որ դպրոցն ավարտելուց հետո նրանք չընկնեն՝ աշխատանք փնտրեն։ Եթե գիտենք միայն հայերեն ու վրացերենին չեն տիրապետում, իհարկե, պետք է կա՛մ խոպան գնանք, կա՛մ փորենք, ավլենք, դախլի մոտ կանգնենք ու առեւտուր անենք։ Ո՞ր երկրում կգտնեք հայի, որը չգիտի այդ երկրի լեզուն։



- Մեկ տարի առաջ անցկացվեցին Վրաստանի խորհրդարանի ընտրությունները։ Ձեւավորված կազմը Ձեզ գոհացնո՞ւմ է, հայ պատգամավորների աշխատանքից գո՞հ եք։



- Չգիտեմ ինչու, Դուք ուշադրությունը բեւեռում եք Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների վրա։ Հոյակապ է, շնորհակալություն Ձեզ, բայց ինչո՞ւ մենք ձեն չենք հանում այն երկրներում, որտեղ էսօր 2 մլն․ հայ է ապրում, ու մի դեպուտատ չունենք հայ։



- Լիբանանում, օրինակ, մեծ հայ համայնք ունենք, որտեղ ոչ միայն պատգամավոր, այլեւ նախարարներ ունենք։



- Ի՞նչ եք ասում։ Իսկ այնտեղ քանի՞ հայ է ապրում՝ 75 հազար հայ։ Այո, Լիբանանի Սահմանադրության մեջ գրված է, որ պատգամավորների մեջ երեք հոգի պետք է լինեն հայ։ Բայց կան պետություններ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան․․․ իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա պատգամավորի ուժը կայանում է մի բանում, որ նա ունենա լավ կապ իշխանության հետ, որ իր շրջանից ընտրված, իր շրջանի մասին ամեն մի հիմնախնդիրն ու հարցն ինքը կարողանա բացի։



- Իսկ կարողանո՞ւմ են այդ կապն ստեղծել իշխանության հետ, խնդիրները լուծել։



- Այո, ես գիտեմ պատգամավորի, որ 20 տարի է՝ պատգամավոր է, հոյակապ կապ ունի բոլոր նախագահների, բոլոր վարչապետերի, բոլոր ուժայինների հետ, որ իր շրջանի համար դուռը բացում ու գնում է՝ Հենզել Մկոյանը։ Նրա մասին ասում են՝ ինչի՞ ելույթ չի ունենում։ Ես ասում եմ, որ պատգամավորը կարող է խուլ ու համր լինի, բայց ընտրողն իրեն ընտրում է՝ իմանալով, որ չի լսում, չի խոսում, բայց գործ իր ժողովրդի համար անում է։



- Ճիշտ է, իրեն քննադատում էին, թե ինչու ելույթ չի ունենում, ինչու վրացերեն չգիտի։ Տրամաբանական չէ՞, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է լավ տիրապետի տվյալ երկրի լեզվին։



- Կարեւոր է, ցանկալի է, բայց որոշիչ չէ։ Ես դրանում համոզված եմ, որ դա չէ գլխավորը։ Գլխավորը՝ հոգաս քո ժողովրդի մասին ու լուծես այն հիմնախնդիրները, որոնք էդ ընտանիքի, էդ շրջանի, էդ գյուղի հետ կապված են։



- Նախընտրական որոշակի լարվածություն կար նախորդ ընտրություններում հայ պատգամավորների, ջավախքյան տարբեր թեւերի միջեւ, լարվածություն կա նաեւ հիմա։ Ինչի՞ց է դա գալիս, եւ ինչպե՞ս է հնարավոր դրա դեմն առնել։



- Անհնար է դրա դեմն առնել։ Ամեն մի քաղաքակիրթ երկրում տարբեր կուսակցություններ իրար հետ բախվում են, կոմպրոմատներ են հավաքում։ Սա կա, եւ դրանից խուսափելն անհնար է։ Ուղղակի հարկավոր է, որ ապագա պատգամավորը լինի չափված-ձեւված, մտավորական, կարողանա իր միտքն արտահայտի ոչ միայն վրացերենով, նաեւ, ինչո՞ւ չէ, այն լեզվով, որ հասկացնի տեղի իշխանություններին, թե ինչ է հարկավոր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ