Խողովակի վրայի կապույտ շերտը՝ խմելու ջրի երաշխիք

Խողովակի վրայի կապույտ շերտը՝ խմելու ջրի երաշխիք

Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում՝ Ֆիրդուսնոցի դիմացի մայթին, «Շինմաստեր» ՓԲԸ-ն իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ փոխում է խողովակաշարերը։ «Հին խողովակները փոխում ենք նորով։ Հին խողովակները չուգունից են, շահագործումից դուրս է գալիս վթարային վիճակի պատճառով, փոխում ենք նոր խողովակներով՝ պլաստմասսայե խողովակներով»,- մեզ հետ զրույցում տեղեկացրին շինարարները։ 



Հետաքրքրվեցինք, թե որքանով են սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանում պլաստմասսայե խողովակները։ «Այդ խողովակները նախատեսված են խմելու ջրի համար»,- ասաց շինարարներից մեկը։ Հայտնի դարձավ, որ շինարարությունն իրականացնում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն եւ Ջրային կոմիտեի ԾԻԳ-ը։
«Շինմաստեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արտակ Օհանյանն էլ տեղեկացրեց, որ կա նախագիծ, որը կազմել է «Վեոլիա ջուրը»։



«Տեսնում եք, որ խողովակները հնամաշ լինելուց բացի փտած են։ Փոխարինում ենք նոր խողովակաշարերով, եւ որտեղ փոխարինել ենք նորով, դժգոհություններ չեն եղել»,- ասաց Արտակ Օհանյանը։ Նա տեղեկացրեց, որ խողովակաշարերը փոխել են նաեւ Գյումրիում։
«Պլաստամասսայի, որն օգտագործվում է, գույնին մի՛ նայեք։ Եթե նրա վրա կա կապույտ շերտ, ապա նախատեսված է խմելու ջրի համար։ Այնպես որ՝ այն հանգիստ կարելի է օգտագործել խմելու ջրի համար, որը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին, ստուգված է։ Այսօր ամբողջ աշխարհում տեղադրում են նման խողովակներ, եւ նրանք ավելի երկարակյաց են, քան մետաղյա խողովակները, չեն ժանգոտում, դիմանում են ճնշմանը, ցրտին, սանիտարական առումով ավելի նախընտրելի են»,- պլաստմասսայե խողովակաշարերի մասին մեր հարցին այսպես պատասխանեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ղեկավար Մուրադ Սարգսյանը։