Նախագահի փոխարեն՝ վարչապետը. Գյումրու օրը որոշված է

Նախագահի փոխարեն՝ վարչապետը. Գյումրու օրը որոշված է

«Գյումրու օր»-2017 տոնակատարության տարբերանշանն արդեն ընտրված է: Նախորդ տարվա «Իմ հաղթական քաղաք Գյումրի»-ին կփոխարինի «Մեր հին ու նոր Գյումրի» կարգախոսը: Հոկտեմբերի մեկին այս կարգախոսի ներքո Գյումրիում կանցկացվեն տոնական միջոցառումները: Մեր տեղեկություններով` Հանրապետության երկրորդ քաղաքի տոնին ներկա է գտնվելու ՀՀ վարչապետը: «Ով, ով, բայց վարչապետը գալու է, նա Գյումրու հետ պլաններ ունի, հեռանկարներ, ուրիշ աչքով է նայում մեր քաղաքին, Գյումրու օրը դժվար թե անտեսվի նրա կողմից»,-ասաց Շիրակի մարզպետարանի մեր աղբյուրը՝ նշելով, որ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների այցը նույնպես չի բացառվում: Նկատենք, որ անցյալ տարի Գյումրին առանձնահատուկ պատրաստվեց, անգամ քաղաքի օրը, որ տոնվում էր հոկտեմբերի առաջին կիրակին, տեղափոխվեց սեպտեմբերի 25՝ անկախության 25-ամյակին ընդառաջ: Խոսակցությունների համաձայն՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ օրը սպասում էր նախագահ Սերժ Սարգսյանին, ով խորհրդարանական ընտրություններից առաջ Գյումրի պիտի գար՝ այդկերպ իր աջակցությունը հայտնելով գործող քաղաքապետին : Բայց որքան էլ անսպասելի էր, ոչ միայն նախագահը, այլև պաշտոնյաներից ոչ ոք ժամանակ կամ ցանկություն չունեցավ Գյումրի այցելելու: Նախորդ տարվանից թերևս լավագույն հուշ մնաց Գյումրի ռոք ֆեստ 2016-ը, երբ շուրջ 10 միջազգային հեղինակավոր ռոք խմբեր իրենց կատարումներով հանդես եկան «Սև Բերդ»-ում :Այս տարի սպասվում է, որ վարչապետը կգա՝ իր հետ բերելով մի շարք նախարարների, նախարարներն էլ՝ այլ պաշտոնյաների: Ինչևէ, կազմակերպիչների խոսքերով` Գյումրիի օրը քաղաքի դռները բաց են բոլորի առաջ եւ հատուկ հրավիրյալներ չկան:



Մի քանի օրից՝ սեպտեմբերի 12-ին, ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քննարկման կդնի՝ որքան գումար հատկացնել «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով: Նշենք նաև, որ յուրաքանչյուր տարի քաղաքի օրվա միջոցառումների համար նախատեսվող ծախսերը տարբեր են: 2014-ին այն կազմեց 3,5-4 մլն դրամ, 2015-ին 7,5մլն դրամ, նախորդ տարի այն 11մլն-ը գերազանցեց :



Այս տարի նախատեսվում է 8մլն դրամ: Ստորև ներկայացնում ենք ծախսերի ցուցակը:



Ստեղծագործական և կազմակերպական խմբերի վարձատրություն, այդ թվում` 1675,0
1 Կազմակերպչական կազմ 50,0
2 Մենակատարներ 950,0
3 Համույթներ 500,0
4 Նվագախմբեր 50,0
5 Վարողներ և լուսանկարիչներ 125,0
6 Հացի փառատոն 250,0
7 Մեքենաների և սարքավորումների վարձակալություն 3615,0
8 Ծառայությունների մատուցման ծախսեր 2200,0
9 Ապրանքների ձեռք բերում 260,0
Ընդամենը 8.000.000



Արևիկ Հակոբյան