Առյուծները ժամանակավոր լքել են Երեւանի կենդանաբանական այգին

Առյուծները ժամանակավոր լքել են Երեւանի կենդանաբանական այգին

Պարզվում է, որ Երեւանի կենդանաբանական այգու առյուծներին տեղափոխել են Արարատ եւ կրկին «հայրենի օջախ» կվերադարձնեն նոր ազատավանդակներ լինելուն պես։
Երեւանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արեւիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առյուծներն ապրում էին փոքր տարածքում, որն իրենց կենսաբանական առանձնահատկություններին չէր համապատասխանում։ Եվ, ըստ Արեւիկ Մկրտչյանի, կենդանաբանական այգու բարեկարգման երկրորդ փուլում նախատեսված էր մոտ 3000 քառ․ մետր տարածքով ազատավանդակ կառուցել։
«Սակայն աջակողմյան հատվածի բոլոր վանդակներն ապամոնտաժվեցին, որովհետեւ շինարարությունը վերեւում էր ընթանում։ Եվ քանի որ մեր կենդանաբանական այգին չունի ձմեռանոց, նորն է կառուցվում, որոշեցինք առյուծներին ժամանակավոր ուղարկել «Վայրի բնություն» փրկարար կենտրոնի կարանտինային սրահ։ Առյուծները տեղափոխվել են այն ժամանակ, երբ վանդակները քանդվել են։ Դա երեւի մի քանի ամիս առաջ էր։ Երբ ազատավանդակները պատրաստ լինեն, այն ժամանակ էլ առյուծները կվերադառնան»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա հավելեց նաեւ, որ առյուծները գտնվում են բժշկական հսկողության ներքո։