Համեստի մեջ

Համեստի մեջ

Երբ ինչ որ բան համեստի մեջ է լինում, զարմանալի է թվում․ կարող էր անել՝ ինչու՞ չարեց։



Մեր օրերում երգիչները, շոու բիզնեսի աստղերը վատ չեն ապրում։ Պատճառների մեջ չխորանանք, միայն հիշեցնեմ, որ առաջ այդպես չէր։ Դա լավ է, բայց որ միանգամից հարստանալով, շատերը մի տեսակ «չտես են մնացել» ու ինչ ունեն, չունեն, ուզում են միանգամից ցուցադրել, զարմացնել, դա փաստ է։



Ինձ ուրախացրեց, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը շատերի նման չվարվեց։ Տարբեր աղբյուրներ վկայեցին, որ, հարսանիքն անցել է միմիայն զույգի հարազատների միջավայրում, նեղ շրջանակում։ Գուցե սա անկարևոր թվա, բայց մեր օրերում հարսանիքների շքեղությամբ զարմացնելը, անձնական կյանքը հանրային քննարկման թեմա դարձնելն այնքան սովորական է դարձել, որ համեստ օրինակները պետք է հանրայնացնել, որպեսզի այն դառնա կյանքի յուրօրինակ դաս։



Ամուսնության ամենակարևոր ատրիբուտը երջանկությունն է, որի առաջ խունանում են ողջ շքեղությունները, ու շքեղությունները դառնում են անկարևոր։



Նրանք կարևորվում են, երբ պակասում է երջանկությունը։




Հասմիկ Բաբաջանյան