Նարեկն էլ միացավ 20 տարեկան տղաներին

Նարեկն էլ միացավ 20 տարեկան տղաներին

Երեքն էլ 20 տարեկան։ Երեքն էլ ծնված 1997 թվականին։ Մեկը՝ Շնողից, մյուսը՝ Լուսագյուղից, երրորդը՝ Սևանից․․․ Երեքին էլ միավորել է հայրենի հողի պաշտպանությունը։



Այսօր առավոտյան ժամը 09.40-ի սահմաններում նրանց միացավ նաև ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Էլի 20 տարեկան։



Թշնամին իր հոգեբանությամբ է մտածում՝ կոտրել Հայի ոգին։ Մոռանալով, որ երբ հայրենի հողը 20 տարեկանների արյամբ է պահվում, Հողը քաղցրանում է, զորանում պաշտպանությունը։



20 տարեկանների արյան գինը արյունով սնած հողը պահելն է։ Դա է այն գինը, որով Հայը կարող է մխիթարվել։ Ուրիշ մխիթարանք չկա։

Հիշեցնենք, որ Հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված երեք մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:



Հասմիկ Բաբաջանյան